Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Թումանյանն ապահովագրության հետ. Արտակ Մարտիրոսյանը բացահայտումներ է անում

Փետրվար 21,2020 21:21

Ապահովագրական համակարգում 20-ամյա փորձ ունեցող Արտակ Մարտիրոսյանը գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ուսումնասիրելիս պարզել է, որ մեծանուն վարպետը դեռ այն ժամանակ է ապահովագրության անհրաժեշտության մասին ակնարկել՝ իր ստեղծագործություններում մատնանշելով ծագած խնդիրները, ռիսկերը, որոնք սակայն, այդպես էլ չեն լուծվում ու չեն կարգավորվում:

Երեկ Արտակ Մարտիրոսյանը, որը նաեւ գյուղատնտեսության ապահովագրության փորձագետ է, ավիացիայի ապահովագրության մենեջեր, «Հովհաննես Թումանյանը եւ ապահովագրությունը» խորագրով վարպետաց դաս անցկացրեց՝ Թումանյանին բացահայտելով նորովի: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ապահովագրության երեք տեսակներին՝ անձնական, պատասխանատվության եւ գույքային, հետաքրքիր զուգադիպությամբ, Թումանյանն իր ստեղծագործություններում անդրադարձել է. «Ապահովագրությունը ռիսկի փոխանցումն է, ռիսկի կառավարումն է, Թումանյանի ստեղծագործություններում մենք միշտ հանդիպում ենք ինչ-որ հերոսների, որոնք խնդիր են ունենում: Օրինակ՝ «Շունն ու կատուն», կամ՝ «Մի կաթիլ մեղրը», որոնք նույնպես այդ խնդիրը, այդ ռիսկն ունենում են, բայց դրանք չեն լուծվում: Բաժանվում՝ գնում են եւ ռիսկն այդպես էլ չի կարգավորվում ու մինչեւ հիմա՝ շունը կատվին չի ուզում տեսնել, «Մի կաթիլ» մեղրն էլ դառնում է «համաշխարհային պատերազմի» պատճառ: Այսինքն՝ Թումանյանը, կարծես, դնում է խնդիրը՝ մատնանշում, որ այս-այս խնդիրները կան, ու այսօր արդեն ապահովագրությունը տալիս է այդ հարցերի պատասխանները»:

Օրինակ՝ գրողի հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Կիկոսի մահը», ըստ փորձագետի, դժբախտ պատահարներից ապահովագրությունն է: «Ձախորդ Փանոսը», որը ջրից դուրս է գալիս ու տեսնում, որ շոր չունի եւ մնում է տկլոր կանգնած՝ աջակցության ապահովագրության շահառու կարող է լինել: Ըստ Մարտիրոսյանի, սա նույն ճամփորդական ապահովագրությունն է, երբ գնալով արտերկիր, ոչ ոքի չենք ճանաչում, ոչինչ չունենք, բայց ունեք ռիսկ. «Եթե ունեցաք ինչ-որ խնդիր, զանգահարում եք ապահովագրության համարով եւ ձեր խնդիրները կարգավորվում են 24/7 գրաֆիկով եւ չենք ընկնում Ձախորդ Փանոսի օրը»:

Բանաստեղծի մեկ այլ հայտնի՝ «Տերն ու ծառան» գործազրկության ապահովագրությունն է: «Պոչատ աղվեսն» էլ՝ գույքի ապահովագրությունը: «Շունն ու կատուն», ըստ Արտակ Մարտիրոսյանի, մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունն է:

Թումանյանի «Հառաչանք» պոեմն էլ, փորձագետի խոսքով, արտացոլում է ներկայիս գյուղատնտեսության վիճակը: «Հառաչանքն» էլ գյուղատնտեսության ապահովագրությունն է. «Մեր ապրուստն ի՞նչ է մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա երկնքից կախված: Վազներից էնքան օգուտ չի գալի, ինչ նրանց համար ես փող եմ տալի»,-Թումանյանը երկու տողով իրավիճակը նկարագրել է: Այստեղ բոլոր ռիսկերն առկա են՝ մեր ավանդական գյուղատնտեսությունը, նորարարության բացակայությունը, ջուրը թանկ է, անջրդի հողերն են շատ, գյուղացիներն այնքան ծախս են անում՝ վերջում սկսում են ոչ մի բան էլ չցանել: Այսօր էլ Շիրակի մարզում գյուղացիները ոչ մի բան չեն ցանում, ո՜չ ցորեն ո՜չ՝ գարի, որովհետեւ մի հատ էլ կարկուտ է գալիս ու մարդկանց աշխատանքը ջուրն է լցվում»:

 

Փորձագետի խոսքով, Թումանյանի ստեղծագործությունների եւ ապահովագրության միջեւ զուգահեռները տանելուց հետո, իրեն հաճախ են հարցնում՝ բա «Անխելք մարդը» ապահովագրության ո՞ր տեսակն է: Պատասխանում է՝ «Անխելք մարդը» ապահովագրություն չունեցող մարդն է:

Եվ քանի որ Արտակ Մարտիրոսյանը նաեւ Սոցիալական ձեռներեցների դպրոցի շրջանավարտ է, վարպետաց դասին ներկայացրեց եւս մեկ բաղադրիչ՝ սոցիալական ձեռներեցությունն ու ապահովագրությունը՝ կրկին թումանյանական համատեքստում:

Նրա համոզմամբ, Թումանյանը եղել է սոցիալական ձեռներեց, որովհետեւ մեծանուն գրողն իր գործունեությամբ սոցիալական ձեռներեցության մշակույթի կրող էր. «Լինելով բազմազավակ հայր, Թումանյանը ազգապահպանության խնդիրներն է բարձրացրել: Այսօր մենք նշում ենք «Գրքի տոնը», որը Թումանյանի սոցիալական գործունեության ազդեցությունն է: Թումանյանը 10 հազար կտորից բաղկացած գրադարան է ունեցել եւ այդ գրքերով նա այդ ազդեցությունն է թողել: Չհաշված՝ մանկատներին աջակցություն եւ այլն»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխություն անելու գաղափարին, պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ այդ ամենի հիմքում պետք է լինի կրթությունը. «Մենք տնտեսությունը կառուցում ենք, բայց հիմքում չենք դնում կրթությունը, առանց դրա չենք կարող անել, մենք պետք է ունենանք կիրթ, գրագետ հասարակություն այդ արժեքները կրող, դրանք պատկերացնող սերունդ, որպեսզի տնտեսական ոլորտում հասնենք բարձունքների: Այստեղ մեզ պետք է նորարարություն»:

Այստեղ էլ փորձագետը Թումանյանին է ցիտում: Ընթերցելով նրա «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունից մի հատված, որը նրա բնորոշմամբ, հայրենիքի էվոլյուցիան է. «Ասում է՝ զարկված հայրենիք, զրկված հայրենիք, ողբի հայրենիք, որբի հայրենիք, հույսի հայրենիք, լույսի հայրենիք հետո նոր՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք: Մենք հիմա, իմ կարծիքով, գտնվում ենք «իմ նոր հայրենիք այդ փուլում եւ ձգտում ենք դեպի հզոր հայրենիք եւ այս պահին կանգնած ենք այդ շեմին: Եւ իմ նշած նորարարությունները, որոնք պետք է ունենաք, մեզնից է կախված՝ հասնելու հզոր հայրենիք փուլին: Այս պահին 50/50 է հավանականությունը կամ հետ ենք գնալու հույսի հայրենիք կամ անցնում ենք առաջ դեպի հզոր հայրենիք: Եւ դա կախված է յուրաքանչյուրիցս: Ես ուզում եմ, որ բոլորս այդ գաղափարը կրենք եւ անընդհատ մտածենք՝ ինչ նորարարություն կարող ենք անել»:

Գործարար Դիրան Բաղդադյանը, որը դեռեւս մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ է տեղափոխվել Հայաստան ու շոկոլադի բիզնես հիմնել, ասաց, որ ինքն էլ ընտանիքին, երեխաներին օտարությունից ապահովագրելու համար է եկել Հայաստան:

Միջոցառմանը ներկա էր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորներ, դասախոսներ, գյուղոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկեց սիրված դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանին ծափահարություններով:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829