Օրերս համացանցում քննարկումների առիթ դարձավ 2020 թվականի փետրվարի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա հակասահմանադրական ճանաչված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը: Մեր տեղեկություններով Սահմանադրական դատարան այդ հարցով դիմողը ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է:
Ռաֆիկ Խանդանյանի օգնական Հասմիկ Նազարեթյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Մեր այն հարցին, որ Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ վարչական դատարանի դիմումը, իսկ Սահմանադրական դատարանի կայքէջում դեռևս տեղադրված չէ որոշումը նա պատասխանեց, որ Սահմանադրական դատարանը ոչ թե բավարարել է դիմումը, այլ քննության առնելով նորմի սահմանադրականության որոշման վերաբերյալ դիմումը՝ հակասահմանադրական է ճանաչել այն:
Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, 2019 թվականի օգոստոսի 19-ին կասեցրել էր վարչական գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ Սահմանադրության 41-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել նշված օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ: Սահմանադրական դատարանը հոդվածի կետը (այնքանով-որքանով) ճանաչել է Սահմանադրության 41-րդ և 45-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դատարանը բավարարելու է հայցը, Նազարեթյանը ասաց. «Գործի հետագա ընթացքի, ինչպես նաև՝ հանգուցալուծման վերաբերյալ որևէ հարցի պատասխանելուց կցանկանայի ձեռնպահ մնալ, միայն կարող եմ ասել, որ դատարանի հետագա գործողությունները բացառապես բխելու են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից»:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ միայն իրենք չեն դիմել ՍԴ. «Հատկապես վերջին ժամանակահատվածում ձևավորված պրակտիկա է ՀՀ վարչական դատարանի դատավորների կողմից նորմերի առերևույթ հակասահմանադրականության առկայության դեպքում Սահմանադրական դատարան դիմելը»,ասաց նա:
Այն հարցին, թե մեկ անգամ են դիմել Սահմանադրական դատարան, դատավորի օգնականը նշեց, որ այս պահին Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ևս մեկ նորմի սահմանադրականության որոշման վերաբերյալ գործ, որով դիմումատուն կրկին պարոն Խանդանյանն է, բացի այդ, ևս մեկ դիմում, հավանաբար, շուտով կներկայացվի իրենց կողմից:
Նազարեթյանը չմանրամասնեց տվյալ գործը` նշելով, որ դրա վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, իսկ հրապարակային մանրամասները զետեղված են ՍԴ կայքում: