Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։
Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն