Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի բանվորները դարձյալ հարկադիր հանգստի մեջ են

Փետրվար 21,2020 19:01

Aravot.am-ը Ախուրյանի վարչական տարածքում գտնվող շաքարի գործարանի մի քանի աշխատակիցներից, որոնք շրջակա գյուղերի բնակիչներ են, հետաքրքրվեց, թե արդյոք այս պահին աշխատո՞ւմ է այն, և իշխանափոխության ու տնտեսական հեղափոխության համատեքստում նոր փորձեր արվե՞լ են ճակնդեղի մշակումը շրջակա գյուղերում կազմակերպելու ու էկոլոգիապես մաքուր հումք հայ գյուղացիներից գնելու։ Գործարան հիմնելու նպատակներից մեկն էլ Շիրակի մարզում ճակնդեղագործությանը զարկ տալն ու գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն էր։

Նշենք, որ գործարանի հիմնադրումից հետո բանակցություններ էին ընթանում ճակնդեղի արտադրությունը գյուղերում կազմակերպելու, այս թեմայով անգամ բանակցություններ ընթացավ գործարանի տնօրինության, ֆերմերների, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ ու ընդհանուր հայտարարի չեկան․ տնօրինությունը բավական էժան գին էր առաջարկում, որը ձեռնտու չէր գյուղացիներին։ Գյուղացին մեկ կիլոգրամի համար 75-80 դրամ էր պահանջում, տնօրինությունն էլ պատրաստ էր առավելագույնը 40 դրամ վճարել։

«Այս պահին չենք աշխատում, հարկադիր արձակուրդի մեջ ենք, սպասում ենք, ամենայն հավանականությամբ ապրիլի կեսերից նորից կսկսվի սեզոնը, որը կտևի մինչև հուլիսի վերջերը։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ աշխատել ենք մայիսից մինչև դեկտեմբեր։ Ընդհանուր առմամբ աշխատանքային սեզոնը 3,5-4 ամիս է, նայած երբ ենք սկսում։ Այս պահին մի քանի հոգի են աշխատում, որոնք ընթացիկ վերանորոգումներով են զբաղվում։ Աշխատանքի ընթացքում առավոտվա 9-ից մինչև երեկոյան 9-ն ենք աշխատում, շաբաթ-կիրակի էլ չկա։ Ճիշտ է՝ աշխատավարձը միշտ ճիշտ ժամանակին վճարվում է, սակայն բարձր չէ՝ 120-130 հազար դրամի չափով է։

Հումքը դրսից է ներկրվում, հենց հումքը գա, մեր աշխատանք էլ կսկսվի։ Սեզոնային աշխատանք է, բայց ինչ արած, շատերս ենք սպասում այդ աշխատանքին, ամեն հերթի մոտ 130 հոգի աշխատում են։ Գյումրիից, Ախուրյանից ու մոտակա գյուղերից են աշխատողները, նույնիսկ աշխատողներ կան Երևանից ու Սպիտակից , որոնց մնալու տեղ են հատկացնում։ Աշխատավարձը թող մի քիչ ցածր լիներ, բայց ամբողջ տարին լիներ աշխատանքը»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը։

Գյուղացիները ճակնդեղ ցանելու մասին բանակցությունները համարեցին անցյալի խոսակցություն։

«Սա մոռացված թեմա է, ոչ մեկն էլ չի համաձայնի ավելի թանկ գնով գյուղացիներից գնելու, երբ կա էժան տարբերակ՝ կիսաֆաբրիկատը ներկրելը ու որակն այստեղ ամենևին էլ կարևոր չէ։ Իհարկե, այստեղ մեծ անելիք ունի պետությունը»,-ասացին գյուղացիները։

Շիրակի մարզպետարանից ևս տեղեկացրեց, որ ճակնդեղը գյուղացիներից գնելու մասին նոր բանակցություններ չեն ընթացել, ո՛չ նոր քննարկում է, եղել, ո՛չ էլ առաջարկներ։

Ի դեպ, նշենք, որ Մայիսյանի կաթսայատան սարքավորումները էժան գնով շաքարի գործարանին վաճառելը ուսումնասիրվում է Շիրակի դատախազության կողմից։

Այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829