Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Արցախի ընտրությունների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արցախցիները չպետք է իրենց վստահության քվեն տան այն թեկնածուներին, որոնք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների դեմ ատելության քարոզ են իրականացնում։
Այսօր խորհրդարանում լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին`սա չի՞ նշանակում, որ ՀՀ իշխանությունները միջամտում են Արցախում ընթացող քաղաքական գործընթացներին։ «Ոչ, բոլորովին էլ դա չի նշանակում: Այն մեկնաբանությունը եւ գնահատականը, որ դուք հնչեցրեցիք, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց Լիլիթ Մակունցը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից: Վարչապետը երեկ նաեւ ասել էր, որ հաջորդ հանրաքվեն հնարավոր է հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համընկնի, իսկ մինչ այդ, կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում:
Լիլիթ Մակունցը ժամկետների առումով մի փոքր տարակուսանք հայտնեց, իսկ սուպերվարչապետական համակարգի փոփոխության մասով էլ նկատեց`պետք է փոխզսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմները ապահովվեն:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ