«Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք դա կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ կանխատեսումներ ունեն, հանրաքվեի օրը բավարար քանակով մարդ կգնա՞ ընտրատեղամասեր:
Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ակտիվ ներգրավված է լինելու քարոզարշավում, թե ի՞նչ ձեւաչափով, դեռ հայտնի չէ, սակայն, առավել մանրամասն առաջիկայում կներկայացնի «Այո»-ի շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։
Շտաբը ղեկավարում է հենց Սուրեն Պապիկյանը, քանի որ ըստ Մակունցի, նախորդ ընտրություններում էլ է շտաբը գլխավորել նա եւ իրենց թիմը հաջողություն է գրանցել: Ուստի, տրամաբանական է, որ այս անգամ ևս այդ գործը վստահվել է նրան։
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` եթե իշխանությունը հանրաքվեի արդյունքում հաղթանակ գրանցեց, ովքե՞ր են լինելու ՍԴ նոր դատավորները: Նա հիշեցրեց, որ վերջին օրերին, ՍԴ նախագահի պաշտոնում, ակտիվ շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի անունը: Լիլիթ Մակունցն ասաց`իր լիազորությունների տիրույթում չէ տիրապետել նման տեղեկությանը. «Անվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ ձեզանից եմ լսում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ