ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն արդեն սկսել է` Երեւանի համայնքներում եւ տարբեր մարզերում հանդիպումներով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քարոզարշավի ընդհանուր պլանն առաջիկայում կներկայացնի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, հայտնի է, որ «Ոչ»-ի քարոզարշավ չի լինելու, ի՞նչ կերպ են «Այո»-ի կողմնակիցները իրենց մարտավարական եւ ռազմավարական քայլերը կազմակերպելու, Լիլիթ Մակունցն այսպես արձագանքեց. «Ինձ համար այս հարցը բոլորովին այլ դաշտում է գտնվում. քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որեւէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական, քաղաքական իրադարձությանը։ Չնայած, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզ չի իրականացնելու, բայց այդուհանդերձ այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով իսկ արդեն իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում, որովհետեւ թե մեկը, թե մյուսը քաղաքական պատասխանատվության հարց են»:
Aravot.am-ի դիտարկմանը`բոյկոտը նույնպես քաղաքական դիրքորոշում է եւ հարցին, որ, փաստորեն, հանրաքվեի իր նախաձեռնությունում իշխանությունը մենակ է մնացել, դա չի՞ ստվերում գործընթացը, տիկին Մակունցը պատասխանեց, որ ողջ գործընթացը իրավական եւ սահմանադրական է, քանի որ հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխությամբ վերականգնել Սահմանադրական դատարանի այն մոդելը, որը հաստատվել է 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում։
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելու մասին, վարչապետ Փաշինյանն, ըստ էության, ասել էր, որ վստահություն չունեն եվրոպացի գործընկերների նկատմամբ: Անդրադառնալով այդ հարցին, Լիլիթ Մակունցն ասաց. «Այն, ինչ մենք նախատեսում ենք փոխել՝ վերականգնելն է այն մոդելը, որն արդեն Սահմանադրությամբ, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հաստատվել է և որն այս պահին չի գործում, չի գործում այն ՍԴ-ն, որի, մոդելը հաստատել է միջազգային կառույցի կողմից։ Մենք դեռևս այս առումով վերջնական քաղաքական որոշում չունենք և մենք դեռ ժամանակ ունենք որոշում կայացնելու, բայց այստեղ մի փոքր տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգնում ենք հավանության արժանացած այդ փաթեթը»:
Նա նաեւ տարակուսանք հայտնեց, քանի որ այդքան էլ լավ չէր հիշում`արդյոք ՀՀ իշխանությանն ուղղած իր տեքստում, Վենետիկի հանձնաժողովը կոչ էր արել`անպայման դիմել իրենց:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ