Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանությունների ժամանակ ամենակոռումպացված պաշտոնյաներն էին նախագահը, նախարարները, փոխնախարարները, հիմա՝ միջին օղակի պաշտոնյաները. հետազոտություն

Փետրվար 21,2020 18:10

Առաջին անգամ իշխանափոխությունից հետո հետազոտություն է կատարվել Հայաստանում կոռուպցիայի, կոռուպցիայի ընկալման մասին: Նախորդ իշխանությունների օրոք նույնպես նման հետազոտություն կատարվել էր, ուստի այսօր հնարավորություն կա արդեն համեմատելու:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ներկայացվեցին Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության 2019-ի արդյունքները: Հետազոտությունը կատարվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Հետազոտության արդյունքներով, որպես կոռումպացված ոլորտ, մարդիկ նշել են առողջապահությունը, բժշկական սոցիալական փորձաքննության ծառայությունները, ճանապարհային ոստիկանությունը, Հարկային ծառայությունը, սոցապ ծառայությունները, լրատվական ծառայությունները, հետո նոր՝ քրեակատարողական հիմնարկները, կրթությունն ու մաքսայինը: Ամենաքիչ կոռումպացված են համարել համայնքային ու կոմունալ ծառայությունները:

Մարդիկ գտնում են, որ ՀՀ-ում կոռուպցիայի ամենատարածված ձեւերը հետևյալն են. հովանավորչությունը՝ (42 տոկոս), բյուջեից չհիմնավորված ծախսերը, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը:

Նախկին իշխանությունների օրոք կատարված հարցման ժամանակ էլ են նույն հարցը տվել; Այդ ժամանակ բյուջեից չհիմնավորված ծախսերն են ամենատարածված ձեւը համարել, վարչական ռեսուրսների չարաշահումը ընտրությունների ժամանակ՝ 18,8 տոկոս: Հետաքրքիր է, որ հարցվածների 5.5 տոկոսը հայտնել է, որ նոր իշխանությունների օրոք էլ կոռուպցիայի ամենատարածված ձեւը վարչական ռեսուրսների չարաշահումն է ընտրությունների ժամանակ:

Իսկ թե ովքեր են, որ անձինք են կոռումպացված, նախկինում՝ 2010-ին, նշել են՝ նախագահը, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, հիմա նոր հարցման արդյունքով մարդիկ նշել են՝ միջին օղակի պաշտոնատար անձինք. 43 տոկոսն է այդպես համարել:

Մոտ 80 տոկոսն ասել է, որ կոռուպցիոն գործարքների թիվը 2018-ի ապրիլ, մայիսից հետո նվազել է էականորեն կամ որոշ չափով: 9,4 տոկոսը գտել է, որ մնացել է նույնը:

Հայաստանում կան երազողներ, 12 տոկոսն է կազմում, գտնում են, որ Հայաստանում հնարավոր է կոռուպցիան ամբողջովին վերացնել:

Հետազոտությունից հետո քննարկման մասնակիցներից մեկը դժգոհեց, որ բժիշկները նվիրյալներ են, բայց ամեն տարի առողջապահությունը կոռումպացված ոլորտ է համարվում, հնարավոր է, որ ցուցանիշի մեջ է մտնում մաղարիչը, ուստի հարցրեց՝ 10-30 հազար դրամի նվերը ինչո՞ւ եք համարել կոռուպցիա, դա մարդն իր ցանկությամբ է տալիս, նույնը՝ Մարտի 8-ին ուսուցչին տրվող նվերը: Հետազոտության արդյունքները ներկայացնող Հեղինե Մանասյանը պատասխանեց, որ առանձին հարցում էլ են արել, թե փոքր նվերը, մաղարիչը համարո՞ւմ եք կոռուպցիա, ասել են՝ ոչ, այսինքն, այս արդյունքների մեջ դա չի մտնում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլից» Սոնա Այվազյանն էլ ասաց, որ մարդկանց գիտակցության մեջ քիչ է մտած, որ մաղարիչը եւս կոռուպցիա է, մարդիկ ուզում են ուսուցչին շնորհակալություն հայտնել: Եթե աշխատավարձերը բարձրացվի, ավելորդ խղճահարություն չի լինի, մարդիկ կհասկանան, որ ուսուցիչն ու բժիշկն իր աշխատավարձի դիմաց է դա անում, պատշաճ վարձատրվում է, էլ հավելյալ շնորհակալության կարիքը չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829