Այսօր ներկայացվեցին Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության 2019-ի արդյունքները: Հետազոտությունը կատարվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:
Այս հետազոտությունը ուշագրավ է այն առումով, որ ցույց է տալիս, թե նախկին իշխանություններից հետո կոռուպցիայի ընկալման առումով փոփոխություն կա՞, թե՞ չկա: Հետազոտությունը կատարվել է 2019-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հարցմանը մասնակցել է 1500 անձ:
Հարցվածների 54 տոկոսը հետաքրքրված է եղել քաղաքականությամբ եւ պետական կառավարման հարցերով: Հանրությունը համայնքի իրադարձությունները ավելի շատ քննարկել է իր ծանոթների հետ, քան թե մասնակցություն ունեցել համատիրությունների ընդհանուր ժողովներին, համայնքի ավագանու նիստերին եւ այլն:
Հարցին, թե ՀՀ-ում ո՞րն է ամենակարեւոր խնդիրը, 25,9 տոկոսը նշել են՝ գործազրկությունը, 14 տոկոսը՝ աղքատությունը, 12,6-ը՝ ցածր աշխատավարձը: Կոռուպցիան որպես հանրային կյանքում հիմնախնդիր են համարում 5,7 տոկոսը: Այնուամենայնիվ, կոռուպցիան մարդիկ ավելի մեծ խնդիր են համարում, քան ԼՂ հիմնախնդիրը: Կառավարման ոլորտում որպես ամենակարեւոր հիմնախնդիր, մարդիկ նշել են կադրային անհաջող նշանակումները, նախկին իշխանությունների ճնշումները՝ հին կադրերի սաբոտաժը, հանրային կառավարման փորձի բացակայությունը:
Կարդացեք նաև
Ըստ հետազոտության, հարցվածների 65 տոկոսի կարծիքով կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է ՀՀ-ի համար: 2010-ին 82 տոկոսն է այդպես կարծել: Նշենք, որ 1528 հարցվող է եղել: Ընդ որում, Երեւանում կոռուպցիան ավելի լուրջ խնդիր է համարվել, քան գյուղական վայրերում:
Ստուգիչ հարցին, թե ըստ ձեզ, ի՞նչ է կոռուպցիան, ակնհայտ է դարձել, որ մարդիկ հիմնականում զանազանում են ինչ է այն, այսինքն, այնպես չի, որ չեն պատկերացնում ու տեղեկացված չեն: 80 տոկոսը գտել է, որ դատավորին վճարելը, ոստիկանին վճարելն է կոռուպցիա: Գործարարերի կողմից բարեգործական հիմնադրամներին արվող մուծումները 67 տոկոսը կոռուպցիա չի համարել: Հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ կոռուպցիան չարիք է ու այն պետք է արմատախիլ անել:
Հարցվածների 38 տոկոսը ասել է, որ կոռուպցիայի ազդեցությունը մեծ է իրենց, իրենց շրջապատի, համայնքի վրա: 5 տոկոսն ասել է, որ Հայաստանում կոռուպցիա գոյություն չունի:
Ուշագրավ է, որ «ըստ ձեզ, որքա՞ն տարածված է կոռուպցիան նախորդ եւ ներկայիս իշխանությունների օրոք» հարցին, 84 տոկոսը պատասխանել են, որ նախորդ իշխանությունների օրոք այն տարածված է եղել, 4 տոկոսը ասել է, որ ներկա իշխանությունների օրոք տարածված է կոռուպցիան: 94 տոկոսը ասել է, որ նախկին իշխանությունները համատարած կոռումպացված են եղել, ներկայիս իշխանությունների համար նույնը պատասխանել է մոտ 40 տոկոսը: Ամենակոռումպացված կառույցներ են համարվել դատավորները եւ դատարանները՝ 49 տոկոս, ԶԼՄ-ները՝ ընդ որում, 12 տոկոսը նշել են, թե ԶԼՄ-ները մեծապես կոռումպացված են, հաջորդիվ գալիս է դատախազությունը, հետո՝ կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները:
Ուշագրավ է նաեւ, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 75 տոկոսն ասել է, որ ՀՀ վարչապետը բնավ չկոռումպացված պաշտոնյա է, 57 տոկոսն էլ վարչապետի աշխատակազմի մասին է այդ կարծիքին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ