Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Մինչեւ 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելը իրատեսական է»

Փետրվար 21,2020 16:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նախագահական նստավայրում 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների պարգեւատրման ժամանակ հայտարարեց, որ երեկ կառավարության նիստում հայտարարել եւ այսօր էլ կրկնում է, որ մշակվում է մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը եւ այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ է տրվում սպորտին: Վարչապետը նաեւ նշեց, որ արձանագրելով մեր ազգային ու պետական նպատակը՝ ծրագիր կա՝ մինչեւ 2050 թվականը ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե նա իրատեսական համարո՞ւմ է  մինչեւ 2050 թվականը առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելը: «Եթե հաշվի առնենք, որ մի օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, մնում է 24 մեդալ: Բայց իրականում՝ այո եւ պետք է մեծ աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Իմ ելույթում նշեցի, որ առաջինը պետք է գնահատենք այն ջանքերը, որ մեր մարզիկները, մարզիչները ներդնում են սպորտը զարգացնելու եւ պարգեւներ բերելու համար: Երկրորդը, իհարկե, պետք է զարգացնենք ենթակառուցվածքները»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե երեկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, թե իր նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում եւ ամեն ինչ արվում է, որ ինքը չկարողանա մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Նախարարը տեղյա՞կ է, թե ի վերջո, ինչ է կատարվում այդ ոլորտում եւ ինչի՞ է մարզիկը ասում, թե դիմում է արդարությանը աջակցող հանրությանը: «Ես տեղյակ եմ եւ կարծում եմ, որ ֆեդերացիայի եւ թիմի ներսում այդ հարցը պետք է լուծում գտնի: Մարզչական որոշումները պետք է կայացվեն եւ այդ որոշումները պետք է լինեն արդար»,-պատասխանեց նախարարը:

Aravot.am-ի ճշտող հարցին, թե իր կարծիքով մարզչական շտաբի կայացրած որոշումը արդա՞ր է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Մարզիչները սովորաբար իրենք որոշումներ են կայացնում եւ հետո դրանց համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829