ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 20-ին ԶԼՄ-ների հարցադրումներին ի պատասխան հաստատել էր, որ երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը լրացվել է. մասնավորապես, նա մեղադրվում է նաեւ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ/այլ ծանր հետևանքներ:
https://www.facebook.com/aravot.am/videos/807869159722783/
«Մեղադրանքը ծանրացրել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այդ փաստին՝ ասաց Ռազմիկ Աբրահամյանի շահերի պաշտպան, փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Այսօր մեկ այլ՝ կաշառքի գործով հերթական դատական նիստն է. մեղադրյալներ են Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ովքեր մեղադրվում են համապատասխանաբար առեւտրային կաշառք ստանալու եւ առեւտրային կաշառք տալու համար:
Կարդացեք նաև
Դառնալով երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանքին՝ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը շեշտեց. «Ապացույց չի ներկայացվել, որ կազմակերպված խումբ կար: Նոր դրվագներ ներկայացվել են, բայց դրանք, ինչպես նախկինները, հորինված են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/333961684191233/
Դիտարկմանն ի պատասխան, որ եթե հորինված են, ապա ինչպես է ստացվել, որ մայրերը բարձրաձայնում են իրենց երեխաներին կորցնելու մասին, Սամվել Դիլբանդյանն ասաց. «Ծնողները հրաժարվել են, երեխաներին մանկատուն են տարել…»:
Հարցին, թե Ռազմիկ Աբրահամյանն ինչու է ամեն անգամ լռում, չի արձագանքում իր դատին եկած մայրերի հարցադրումներին, պաշտպանն այսպես արձագանքեց. «Մայրերին ո՞վ է տեսնում, որ»:
Նշենք, որ այսօր էլ մայրերը, որոնք պնդում են, որ իրենց երեխային «Հանրապետական ծննդատանը» խլել են իրենցից, եկել էին դատավարությունը լսելու:
Ռազմիկ Աբրահամյանն այս անգամ էլ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այս դատաքննության տեսանկարահանումը եւ լուսանկարումն արգելված է դատարանի որոշմամբ. մեղադրյալները տեսանկարահանվել չեն ցանկանում