Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցն անմխիթար վիճակում է: Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ եւ նախկինում եւ ներկայումս բազմիցս բարձրաձայնել են դպրոցի շենքի օրհասական վիճակի մասին: Նրա խոսքով, նախկինում խոստացել են ու ոչինչ չեն արել, այժմ «դաբրոն տվել են կառավարությունն ու մարզպետը»:
Պարոն Գրիգորյանը հստակ ժամկետ չնշեց, միայն ասաց, որ հույս ունեն, թե հարցն այս տարվա ընթացքում վերջապես լուծում կստանա:
Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վանո Կարապետյանն իր պարտքն է համարում անընդհատ դպրոցի խնդրով դիմել տարբեր ատյանների ու գրառումներ կատարել ֆեյսբուքի իր էջում:
Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ դպրոցը կառուցել է 1933-1936թթ։ 1941-1945թթ ծառայել է որպես դպրոց և մանկատուն, 1981 թվականից առայսօր այն չի վերանորոգվել։ «Այս պահին դպրոցում սովորում է 72 երեխա։ Դպրոցի թերբեռնվածության պատճառը շենքային պայմաններն են: Դպրոցը գտնվում է գյուղի կենտրոնում։ Լիճքը մեծ համայնք է ունի երկու դպրոց։ Լիճքի մյուս դպրոցը՝ գտնվում է գյուղի մյուս ծայրին և ունի 900 աշակերտ՝ գերբեռնված է։Դպրոցի հարցը որևէ պատկան կառույցի չի հետաքրքրում, չնայած այն բանին, որ 2005 թվականից մինչ օրս հարցը բարձրացնում ենք։ Ի դեպ, դպրոցը 2003 թ. փակեցին, բայց 4 ամիս հետո կրկին վերաբացեցին ծնողների ճնշման պատճառով»,-ասաց խորհրդի անդամը։
Կարդացեք նաև
Նա վկայակոչեց, այն փաստը, որ Լիճքի հիմնական դպրոցի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էին 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 միլիոն դրամ ու մերժում ստացել, մինչդեռ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն, օրինակ, 2019 ընթացքում ստացել են 113 մլն դրամի պարգևատրում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ