Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ անձից գնում կատարելը պետք է վերացնել». Սերգեյ Բագրատյան

Փետրվար 21,2020 15:47

«Առանձին գերատեսչություններ, ունենալով իրենց նպատակահարմար տնտեսվարողներ, նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերում տնտեսվարողի հետ եւ ասում, որ նշված բոլոր չափանիշներին համապատասխան ապրանք ներկրեն: Մրցույթն էլ կազմակերպում էին հենց այդ ապրանքների չափանիշներով: Այսինքն, ակնհայտ անհավասար պայմաններ էին ստեղծվում մյուս տնտեսվարողների համար և ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ գերիշխող դիրք գրավողները դառնում են մոնոպոլներ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը`պնդելով, որ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքն ամբողջովին պետք է փոխվի, քանի որ տարիներ շարունակ, այդ գործընթացում տեղի են ունեցել եւ տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, ինչի դեմ երկար ժամանակ հնարավոր չէր պայքարել:

Հիշեցնենք, այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել`«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Ըստ պատգամավորի, եթե այսօր Հայաստանը պատրաստվում է իրականացնել տնտեսական հեղափոխություն, ապա առաջին հերթին պետք է ապահովի ազատ մրցակցային պայմաններ՝ հարկային և մաքսային օրենսդրական փոփոխությունների հետ միասին: Թե ինչո՞ւ է հապաղում տնտեսական հեղափոխություն հայտարարած իշխող ուժը, ինչո՞ւ հնարավոր չէր նախորդ երկու տարիների ընթացքում այդ ամենն անել`Aravot.am-ի հարցերին ի պատասխան, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց` չգիտի. «Ես արդեն նշեցի մեկ անձից գնումներ կատարելու բազմաթիվ օրինակներ, որոնք շարունակվում են նաեւ այսօր, այս պատճառով օրենսդրությունն ամբողջովին պետք է փոխվի՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք, լղոզված ձեւակերպումը, մեկ անձից գնում կատարելը, պետք է վերացնել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829