Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետն իրեն հատուկ հումորով աբսուրդի վերածեց ամենը». Աշոտ Մելիքյան

Փետրվար 21,2020 15:24

«Գնումների մասին» օրենքով ՀՀ առաջին դեմքերի ծախսերը դասված են պետական գաղտնիքի շարքին։ Այսօր խորհրդարանում կայացած «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ–ի նախագահ Աշոտ Մելիքյանն իր ելույթում, անդրադառնալով գործող օրենքի այդ կարգավորմանը, հիշեցրեց, որ 2016 թվականին, երբ ընդունվում էր օրենքը, իրենք հարց են առաջադրել` «Պաշտոնական տեղեկատվության տրամադրումը վերաբերում է բոլոր պետական մարմիններին, բացի պետության առաջին երեք դեմքերի՞ց, կամ կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերում է բոլոր մարմիններին, բացի առաջին երեք դեմքերի՞ց, եւ վերջապես հաշվետվողականությունը նույնպես բոլորին է վերաբերում, բայց ոչ առաջին դեմքերի՞ն»։ Հարցին պատասխան ԽԱՊԿ-ում չեն ստացել եւ մշակել են օրինագծեր`փորձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջոցով խնդիրը լուծել, մինչդեռ այն մնացել է ԱԺ գզրոցներում։

Թե ինչպե՞ս է արդարադատության նախարարն այդ հարցը ներկայացրել կառավարության նիստին, Աշոտ Մելիքյանը չգիտի, փոխարենը շատ լավ հիշում է, թե ինչպե՞ս է վարչապետն արձագանքել այդ առաջարկությանը. «Պարոն վարչապետն իրեն հատուկ հումորով աբսուրդի վերածեց այս ամենը, ասելով՝ մի հատ էլ մեր մարշրուտը նկարագրե՞նք, քանի՞ թիկնապահ ունենք, ինչո՞վ են նրանք զինված… »:

«Մենք ուղակի համոզված ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է նման սահմանափակումներ մտցնել տեղեկատվության ազատության մասով, ամոթ է նման սահմանափակումներ ունենալ կոռուպցիայի և հաշվետվողականության տեսանկյուններից»,- ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ ազգային անվտանգության տեսակետից խնդիրները կարելի էր հանել, բայց այդ գնումները հրապարակել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն արձագանքնելով Աշոտ Մելիքյանին, հավաստիացրեց, որ իրենց համար էլ կարեւոր է հաշվետվողականությունը, թափանցիկությունը. «Շուտով կհամոզվեք, որ ձեր առաջարկը չի մնացել գզրոցներում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829