«Այսօր ատելության խոսքն աշխարհում իրավական ձևակերպում է ստանում, այսինքն՝ բռնության կոչերը ձևակերպվում են որպես ատելության խոսք»,- «Տեսակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ատելության խոսքին. ինչու և ինչպես է տարածվում, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում:
«Այսօր համացանցը ստեղծել է պարարտ հող ատելության խոսք տարածելու համար, որովհետև մարդկության մեծ մասը ստացել է հանրային խոսքի հնարավորություն, ինչը երբեք այսքան հասանելի չի եղել։ Մյուս կողմից էլ՝ մարդիկ շատ արագ խմբավորելու, համախոհներ գտնելու հնարավորություն են ստացել, որը ռեալ աշխարհում շատ ավելի երկարատև պրոցես է։ Այս ամենը բերել է նրան, որ շատ երկրներում իրավական կարգավորումներ են մտցնում, որովհետև ակնհայտ է, որ ատելության խոսքն օնլայն հարթակից վաղ թե ուշ օֆֆլայն է դուրս գալու, ինչը մենք տեսնում ենք,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմնականում ատելության խոսք տարածողները թույլ հոգեբանությամբ մարդիկ են։
«Այս իրավիճակի հիմնական մեղավորը քաղաքական իրավիճակն է, լարվածությունը երկու տարի է՝ չի նվազում, փաստացի՝ երկու տարի է՝ նախընտրական պրոցեսների մեջ ենք՝ լարվածության առումով»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա հավելեց. «Հայաստանում խոսքի ատելության տարածման հիմնական խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը մեր քաղաքական վերնախավն է՝ բոլոր կողմերից, առայսօր քաղաքական պայքարի մշակույթ չի ձևավորվել, իսկ երկրորդ պրոբլեմը ԶԼՄ-ներն են, որոնք չեն մոդերացնում իրենց սոցցանցերի հարթակները»:
Կարդացեք նաև
Եվրամիությունը, ըստ փորձագետի, բանակցություններ է վարում սոցիալական ցանցերի, «Ֆեյսբուք»-ի հետ, որպեսզի խստացնի վերահսկողությունը։
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում «ֆեյսբուքում» ատելության խոսքն այդքան լավ չի վերահսկվում, քանի որ որոշ մարդկանց դա ձեռնտու է, այսինքն` ինչքան շատ մեկնաբանություններ կան հրապարակման տակ՝ այդքան շատ մարդկանց է հասանելի դառնում:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ