Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ները հետաքրքրված չեն պետական գնումներով. Արտակ Մանուկյան

Փետրվար 21,2020 14:13

ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա. կարծում է ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Այսօր խորհրդարանում տեղի ունեցող «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում Արտակ Մանուկյանը կարեւորեց ՓՄՁ-ների հետաքրքրության աճը պետական գնումների նկատմամբ, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը: Պատգամավորը նկատեց, որ «կանաչ գնումները» ԵՄ երկրների տարբեր համաձայնագրերով կարեւորվում են. «Մեր օրենսդրությունն էլ դրա մասին խոսում է, որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, բայց համալիր փաթեթները չկան»:

Արտակ Մանուկյանը կարծում է, որ ավելի մրցակցային միջավայր պետք է ապահովել, նաեւ համակարգը պետք է ավելի գրավիչ դառնա: Բողոքարկման համակարգի բարելավման մասին խոսելով, Արտակ Մանուկյանն ասաց. «Անձամբ մոնիտորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում` ո՞րն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»: Հաշվետվողականություն եւ թափանցիկություն ապահովելու մասով էլ Արտակ Մանուկյանն ասաց, որ այդ մասով բավական աշխատանք կա անելու. «Ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակը, իմ կարծիքով, դեռեւս մնում է խնդրահարույց»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ համակարգում կարեւորում է կարիքի ճշգրտորեն նույնականացումը: Նախարարությունն արձանագրել է, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում, իսկ դրանից բխում են գնումների պլանավորումը եւ գնումների արդյունքում ստացված ապրանքների անհամարժեքությունը. «Պատկերացնենք իրավիճակ, երբ բոլոր պետական մարմինները օգտագործում են պայմանական բաժակ: Սակայն յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այդ բաժակը կարող է ձեւակերպել իր ճաշակով: Բայց դրանք կարող էին նորմավորել: Ենթադրենք, պետական համակարգը կարող է օգտագործել երեք տեսակի նույնանուն ապրանքից: Նորմավորման դեպքում հնարավորություն կունենայինք գնման առարկան նկարագրել միասնական տրամաբանությամբ, դրա նախահաշվային գներին դուրս գալ միասնական տրամաբանությամբ, չունենալ այն ռիսկերը, որոնք հիմա կարելի է տեսնել»: Ըստ նախարարի, վիճակագրությունը փաստում է, որ նույն ապրանքի համար կարող են լինել ե՛ւ տարբեր նախահաշիվներ, ե՛ւ տարբեր գներով կնքված պայմանագրեր:

Հաջորդ խնդիրը նույնականացված կարիքի գնման առարկայի նկարագրությունն է, ապա՝ ֆինանսական մասը: Գնումների համակարգը գործում է շուրջ 20 տարի, այդ ընթացքում օրենքն անընդհատ փոփոխվել է` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը: Այժմ էլ հանրային քննարկման է դրված մինչ այժմ գործող ինքնարժեք-գին պահանջի առկայությունը վերացնելու հարցը: Նախագծում այլ առաջարկներ էլ կան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829