Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են. մրցակցում են նաև յոթ հայ թեկնածու

Փետրվար 21,2020 13:41

Այսօր Իրանի 11-րդ գումարման իսլամական խորհրդարանի ընտրություններն են. 290 տեղի համար մրցակցելու են յոթ հազար թեկնածու: Գրանցված են եղել մոտ 14,000 թեկնածու, բայց «Սահմանադրության Պահապան Խորհուրդը» (Սահմանադրական Դատարանը) Սահմանադրությամբ իրեն տրված լիազորության համաձայն մերժել է այդ թեկնածուներից մոտ կեսի «արժանավորությունը», այդ շարքում նաև 10-րդ գումարման գործող խորհրդարանի պատգամավորներից 90-ի «արժանավորությունը»:

Իրանում դեռևս չկան գրանցված կուսակցություններ, կան միայն տարբեր հոգևորականների շուրջ հավաքված խմբեր` մոլաներ, մտավորականներ և ազդեցիկ դեմքեր:

Փորձագետների կարծիքով, խիստ պահպանողական անդամներից բաղկացած Պահապան Խորհուրդը հիմնականում չեզոքացրել է ներքին ընդդիմախոսներին. «բարեփոխական» անունը կրող խմբերը հայտնել են, որ իրենց թեկնածուների զանգվածային մերժման պատճառով նրանք այժմ ի վիճակի են մրցել միայն վաթսուն մանդատի համար, այլ խոսքով՝ մնացած 230 մանդատի համար մրցակցություն չի լինի: Իրանի խորհրդարանական ընտրությունները հարյուր տոկոսով մեծամասնական են և բնակիչների ռեգիստր չկա, ով որտեղ ցանկանա կարող է քվեարկել:

Համաձայն Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` քվեարկելու իրավունք ունեն Իրանի հիսուն հինգ միլիոն քաղաքացիներ:

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի կազմից միայն հինգն են ոչ մուսուլման` մեկ զրադաշտական, մեկ մովսիսական և երեք քրիստոնյա. քրիստոնյաներից մեկը ասորի-քաղդեական և երկուսը հայ (մեկը հյուսիսից` Թեհրան կենտրոնով և մեկը հարավից Նոր-Ջուղա կենտրոնով):

Մեջբերում ԻԻՀ-ի Սահմանադրության 62-րդ հոդվածից «Article (2) The Zoroastrians and Jews will each elect one representative; Assyrian and Chaldean Christians will jointly elect one representative; and Armenian Christians in the north and those in the south of the country will each elect one representative». ոչ մուսուլմաններն այլ ընտրատարածքներում չեն կարող թեկնածու դառնալ:

Այս տարի յոթ իրանահայ առաջադրվել են որպես թեկնածու` հինգը հյուսիսից և երկուսը հարավից. հյուսիսից որպես թեկնածու են գրանցվել  գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, Արա Շահվերդյանը, Սևան Սոհրային, Արիս Շահբազյանը և Ալբերտ Պողոսյանը, իսկ հարավից նախորդ շրջանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը և Էմին Հովսեփը: Համաձայն լուրերի՝ դաշնակցական Կ. Խանլարյանը վերջին օրերում հետ է վերցրել իր թեկնածությունը:

Հայ թեկնածուներից ավանդաբար հաղթում են ՀՅԴ կառույցների հովանավորած թեկնածուները. նախորդ տաս գումարման խորհրդարանների ընտրություններում միայն մեկ անգամ հարավային շրջանից հաղթել է ոչ դաշնակցական շրջանակների թեկնածուն` Հրաչ Խաչատրյանը: Իմ կարծիքով այս շրջանում ևս կհաղթեն ՀՅԴ թեկնածուները` Արա Շահվերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը:

Փորձագետների կարծիքով այս տարի իրանցի ընտրողների մոտ մեկ երրորդն է մասնակցելու ընտրություններին. նախորդ տաս ընտրությունների մասնակցության միջինը տատանվում է 52-71 տոկոսի միջև:

Ընտրողների պասիվության վրա բացասական հետք են թողել խորհրդարանի ոչ ազդու լինելը, երկրի ստվերային և ճնշման խմբերի ազդեցությունը, խորհրդարանին շրջանցելը, թեկնածուների զանգվածային մերժումը ու նաև քանի օր առաջ Իրան հասած Կորոլա մահաբեր վիրուսը:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829