Արդարադատության նախարարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ ՀՀ Փաստաբանների պալատի աշխատանքային խումբն առաջարկներ է կազմել եւ ներկայացրել նախարարությանը՝ գտնելով, որ նախագիծը խնդրահարույց կետեր է պարունակում: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ մասնավորապես պատիժ նշանակելու հետ կապված օրինագծում խնդրահարույց հարցեր կան. «Կրկնահանցագործություն կատարած անձի պատիժ նշանակելու կանոնները հավասարեցվել են առաջին անգամ հանցագործություն կատարած անձին պատիժ նշանակելուն: Խնդրահարույց է նաեւ վաղեմության ժամկետների հաշվարկը. շեմերը շեշտակի բարձրացվել են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/516644169274293/
ՓՊ աշխատանքային խումբն այս դրվագը վերանայելուց բացի, Ակլունցի փոխանցմամբ, առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել փաստաբանին վիրավորելու եւ զրպարտելու դեպքերի համար. «Նման դեպքերը հետեւանք են ունենում փաստաբանի գործունեության վրա, եւ անձի պաշտպանության իրավունքի խախտման են հանգեցնում, ինչն անթույլատրելի է: Մենք միայն մեր երաշխիքների ավելացման հարցը չենք դնում: Փաստաբանների համար բավարար երաշխիքներ սահմանելը բոլորի համար է անհրաժեշտություն՝ արդարադատության շահի պահպանման տեսանկյունից»:
Հարութ Ակլունցը տեղեկացրեց նաեւ, որ ՓՊ-ն առաջարկում է հրապարակային հայհոյանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսել. «Ներկայում ԶԼՄ-ներում եւ համացանցով ատելության խոսքը, վիրավորանքը, հայհոյանքը հասել են այն աստիճանի, որ առկա կարգավորումները բավարար չեն արդյունավետ պայքարի համար: Առաջարկում ենք, որ ԶԼՄ-ներով անձի արժանապատվությունը վիրավորելու եւ կոնկրետ նպատակով իրականացվող հայհոյանքը եւս քրեականացվեն»:
Կարդացեք նաև
Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ուշադրություն հրավիրեց «ռազմամթերքի վատնում» գործող հոդվածում փոփոխության անհրաժեշտության վրա. «Օրինակ՝ զինվորը մասնակցում է մրցույթի, ունենում տասը փամփուշտ, 9-ն օգտագործում: Նա գրավում է առաջին տեղը եւ վերջին փամփուշտն օդ է կրակում, այսինքն՝ ձեւական առումով ռազմամթերքի վատնում է իրականացնում: Հիմա նրան դրա համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկե՞լ: Կունենանք իրավիճակ, երբ անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ առանց դրա նպատակի առկայության»:
Ըստ Սարդարյանի՝ զինվորական հանցագործությունների առնչությամբ Արդարադատության նախարարության օրինագիծը բավականին լուրջ խնդիրներ է լուծել, բայց անհամապատասխանություններ էլ կան. «Անզգուշությամբ կատարված արարքը, որն առաջացրել է առողջության համար թեթեւ վնաս, 2 եւ ավելի տարվա ազատազրկում է նախատեսում: Սակայն ենթադրենք, որ ինքնաթիռի կառավարման ժամանակ զինվորը կանոնների խախտում է թույլ տվել, ինչի պատճառով իր կողքին նստած մյուս զինվորը գլուխը հարվածել է ապակուն: Դրա հետեւանքը միայն կապտուկն է, որը մի շաբաթից անցնելու է, բայց ստացվում է, որ այդ թեթեւ վնասվածքի համար զինվորը պետք է ազատազրկվի երկու կամ ավելի տարով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ