Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական պատասխանատվության «դամոկլյան սուրը» կարող է կախվել հենց ԶԼՄ-ի գլխին». փաստաբան

Փետրվար 21,2020 12:38

Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծն առաջարկում է ակնհայտ սուտ մատնության հոդվածի շրջանակն ընդլայնել, սակայն իրավապաշտպաններն այս հարցում ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտի վտանգ են տեսնում: Փաստաբանների պալատում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշյալ օրինագծի առնչությամբ առաջարկներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց՝ առաջարկվող փոփոխությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվելու ոչ միայն սուտ տեղեկություն հաղորդելու համար, այլեւ այդ տեղեկությունը ԶԼՄ-ներում հրապարակելու համար:

«Մեր մտավախությունը հետեւյալն է. ԶԼՄ-ների ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ: Ենթադրենք, ԶԼՄ-ն տպագրում է ենթադրյալ հանցագործության մասին նյութ, որի տեղեկությունը ստանում է իր աղբյուրից: Նա իրավունք ունի աղբյուրը չհրապարակել, չբացահայտել եւ չունենալ այդ տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու հնարավորություն: Սակայն պարզվում է, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Կբախվենք իրավիճակի, որ ԶԼՄ-ն չի ցանկանա բացահայտել իր աղբյուրը, ինչի իրավունքն ունի, բայց քրեական պատասխանատվության «դամոկլյան սուրը» կարող է կախվել հենց ԶԼՄ-ի գլխին»,-նշեց Արմինե Ֆանյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/838681799981441/

Նրա բնորոշմամբ՝ ստացվում է, որ ԶԼՄ-ն իրավունք ունի չհրապարակել տեղեկատվության աղբյուրը, բայց կենթարկվի քրեական պատասխանատվության. «Տեղեկատվության աղբյուրի հրապարակումը ԶԼՄ-ին կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ: Մենք տեսնում ենք մամուլի ազատության սահմանափակման վտանգ, որը ցանկացած իշխանության ձեռքում կդառնա ԶԼՄ-ի աշխատանքին խոչընդոտելու գործիք: Մեր մտավախությունը կապված չէ այն դրվագի հետ, երբ ԶԼՄ-ն, գիտակցելով, որ իր տեղեկությունը սուտ է, այն հրապարակում է՝ իր համար դիտումներ ապահովելու համար: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հնարավորություն չկա ստուգելու տեղեկատվության ճշմարտացիությունը, բայց հետագայում պարզվում է, որ այն սուտ է»:

Արմինե Ֆանյանը նշեց՝ Փաստաբանների պալատը նախարարությանն առաջարկում է հոդվածը խմբագրել այնպես, որ պարզ լինի, թե ով է հայտնվելու քրեական պատասխանատվության թիրախում՝ լրագրո՞ղը, թե սուտ տեղեկություն հայտնած անձը. «Օրինակ՝ հարուցվում է քրեական գործ՝ ենթադրյալ սուտ մատնության դրվագով, լրագրողին հարցաքննում են եւ պահանջում տեղեկություն հայտնած անձի անունն ասել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի ոչ թե լրագրողը, այլ տեղեկություն հայտնած անձը: Բայց լրագրողն օգտվում է իր իրավունքից եւ ասում, որ չի ցանկանում բացահայտել տեղեկատվության աղբյուրը, սակայն վարույթն իրականացնող մարմինը կարող է քրեական պատասխանատվության կանչել հենց լրագրողին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829