Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չտեսա իմ աշխատանքի արդյունավետությունը, դրա համար չէի ուզում շարունակել. Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 21,2020 12:24

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է։

– Պարոն  Սարգսյան,  Դուք  օրերս որոշում եք կայացրել լքել Ձեր հարազատ Հանրապետական կուսակցությունը, դուրս եք եկել կուսակցության շարքերից։ Ինչո՞ւ, ո՞րն է այդ ամենի պատճառը, խնդրում եմ, մի քիչ մանրամասներ ներկայացրեք, գուցե կուսակցության ներկայացուցիչների հետ ընդհարո՞ւմ եք ունեցել։

– Այո, դուրս եմ եկել, որեւէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել։ Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել։ Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի։ Ես ուղղակի վաղուց էի որոշել։

– Բայց ՀՀԿ-ն հիմա, կարելի է ասել, ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, ու տարակուսելի է, որ հենց այժմ եք այդ դիմումը ներկայացրել։

– Ես եթե որեւէ կուսակցության անդամ եմ, ապա ես պարտավոր եմ գոնե մի բանով աջակցել, պարտավոր եմ գործ անել, մարդկանց հետ շփվեմ, հանդես գամ ինչ-որ խոսքով։ Ես դրանով չեմ զբաղվում, կուսակցության մեջ մնալու իմաստը ո՞րն է, էնքան որ ցուցակով լինեմ կուսակցության մե՞ջ։ Իմաստ չկար դրա մեջ, ես չտեսա իմ աշխատանքի արդյունավետությունը, դրա համար չէի ուզում շարունակել։ Այնպիսի մարդիկ թող ներգրավվեն, որ իրենց պետք կլինեն, ես հաստատ պետք չեմ։

– Դուք այլեւս որոշել եք քաղաքական որեւէ գործունեությամբ չզբաղվե՞լ։

– Ես ընդհանրապես որեւէ գործունեություն չեմ ծավալի, առայժմ իմ՝ որպես հանրային դեմքի պահանջարկը չկա, հանրությունը առանձնապես չի զգում, դե, նշանակում է, որ ժամանակներն են այդպիսին, որ իմ պահանջը չկա։ Երեւի երիտասարդները ավելի ճիշտ են որոշում անել, թող անեն։ Ես ի՞նչ ասեմ, այս պահին ես որեւէ բան չունեմ ասելու, իմ հերթը, երբ իմ կարիքը լինի խոսք ասելու, իմ ժողովրդին, եթե ես կարողանամ մի բանով օգնել, չկասկածե՛ք, որ ես առաջին շարքերում կլինեմ։ Իմ ժողովրդի կողքին կլինեմ ցանկացած պարագայում։ Ես այս պահին հանգստանում եմ, որեւէ այլ գործունեությամբ չեմ ցանկանում զբաղվել, հոգսեր ունեմ, զբաղված եմ դրանցով։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829