Լրահոս
Օրվա լրահոսը

Այցեր, որոնք  դրական են ազդելու մեր երկրի, նրա հեղինակության վրա

Փետրվար 21,2020 20:25

Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները մեծացնում են Հայաստանի միջազգային ճանաչելիությունը

Վերջին շրջանում բավականին հաճախ են լրատվամիջոցներն անդրադառնում նախագահ Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցերին եւ դրանց արդյունավետությանը:

«Առավոտն» իր հերթին փորձեց ամփոփել նախագահ Սարգսյանի այցերն ու գրանցված արդյունքները:

Պետք է նշել, որ երկրի նախագահի՝ արտերկրյա այցերն ու հանդիպումները բավականին հետաքրքիր են ու «ոչ ստանդարտ»: Նախագահն իր պետական, պաշտոնական, թե աշխատանքային այցերի ընթացքում երկրների ղեկավարների հետ հանդիպումներից բացի, մշտապես այցելում է նաեւ միջազգային հայտնի ընկերություններ, գիտական, կրթական, վերլուծական հաստատություններ, մասնակցում է միջազգային տարբեր հայտնի ֆորումների, որտեղ նա հաճախ ելույթներ է ունենում որպես գլխավոր բանախոս։ Այցերի ու հանդիպումների ժամանակ նախագահը հիմնական շեշտը դնում է ներդրումների ներգրավման եւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ընկերությունների հետ համագործակցության հաստատման վրա:

Հանդիպումները թերեւս կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ երկրի համար «իմիջային» հանդիպումներ եւ ավելի գործնական արդյունքներ (ներդրումներ, գիտական համագործակցություն) ենթադրող հանդիպումներ: Վստահաբար, երկու խումբն էլ կարեւոր են պետության համար, որքան էլ դրանց վերաբերյալ կարծիքները ոչ միանշանակ լինեն:

Առաջին խմբի՝ «իմիջային» հանդիպումների շարքում են, օրինակ, մասնակցությունը միջազգային այնպիսի հեղինակավոր ֆորումներին, ինչպիսիք են «Մտքերի գագաթնաժողով»-ը, Crans Montana-ն, «Horasis»-ը, STARMUS փառատոնը եւ այլն, որոնց Հայաստանը նախկինում մասնակցություն չի ունեցել, բայց որոնք բավականին ազդեցիկ են աշխարհաքաղաքական տեսանկյունից: Դատելով այդ համաժողովների մասնակիցների ցանկից՝ Հայաստանի համար դրանց ընթացքում հնարավորությունների նոր դռներ են բացվում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությունն ու մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտաքաղաքական ֆորումներին, ազդեցիկ կենտրոնների միջոցառումներին, ինչպես նաեւ նրա անձնական հեղինակությունն ու միջազգային լայն կապերն ակնհայտորեն կարող են նպաստավոր լինել մեր երկրի բարձր վարկանիշ ձեւավորելու, Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրության աճի համար, ավելի պարզ ասած՝ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու, Հայաստանի տեղը ցույց տալու համար։ «Մենք չենք կարող Հայաստանը դարձնել ժամանակակից մրցունակ երկիր, չենք կարող ընդլայնել մեր բարեկամների ու գործընկերների շրջանակը, եթե աշխարհը մեզ չի ճանաչում»,-հաճախ է նշում նախագահ Սարգսյանը:

Բացի իմիջային նշանակությունից, հանրապետության նախագահի այցերն ու հանդիպումները, համաժողովներին նրա մասնակցությունը տալիս են նաեւ գործնական արդյունքներ: Մասնավորապես, ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») 2019թ. հունիսին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառմանը մասնակցեցին շուրջ 300 անվանի ու ազդեցիկ քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Համաժողովը դարձավ համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ՝ միաժամանակ, «Armenian Summit of Minds»-ը վերածելով ամենամյա հարթակի, նույնիսկ ինչ-որ առումով Հայաստանի բրենդի։ Բավականին տպավորիչ էր դիլիջանյան ֆորումի մասնակիցների ցանկը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպեն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր Ջեյմս Ջոնս, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արդյունքների տեսակետից մասնավորապես նշենք, որ Դոմինիկ դը Վիլպենը վերջերս համաձայնեց լինել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի վարչության անդամ: 2020 թվականի հունիսին Երեւանում եւ Դիլիջանում տեղի կունենա հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականին Հայաստանում անցկացնել գիտության եւ մշակույթի ոլորտում հեղինակավոր Starmus միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։ Կմասնակցեն հանրահայտ երաժիշտներ, արտիստներ, ովքեր սիրում են գիտությունը, անվանի գիտնականներ, ովքեր սիրում են արվեստը, եւ մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են։

Հանրապետության նախագահի մյուս նախաձեռնությունը այս տարվա հոկտեմբերին նախատեսվող՝ Հայաստանում Չինաստանին նվիրված՝ Horasis- China միջազգային համաժողովի անցկացումն է, որին կմասնակցեն շուրջ երեք հարյուր չինական ընկերություններ։

Սրանք միջոցառումներ են, որոնք, այսպես ասած, անհետեւանք չեն մնում, որոնք դրական են ազդելու մեր երկրի, նրա հեղինակության վրա, էական նշանակություն ունեն նաեւ նոր ծրագրեր, նոր գործընկերներ գտնելու տեսանկյունից:

Հանրապետության նախագահի հանդիպումների մյուս խումբն ավելի կոնկրետ համագործակցությունն է՝ ներդրումների ներգրավում, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում նոր համագործակցություն աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Դրանք թե՛ երկկողմ այցերի ժամանակ ունեցած հանդիպումներն են, թե՛ մասնակցությունը ներդրումային համաժողովներին, ինչպիսիք էին, օրինակ, «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովը, տնտեսական ֆորումը Ղազախստանում, հանդիպումները տարբեր ներդրումային ընկերությունների ու հիմնադրամների ղեկավարների հետ։

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատում է առիթը բաց չթողնել հանդիպելու պոտենցիալ հետաքրքիր գործընկերների հետ, ներկայացնելու մեր երկրի հնարավորություններն ու առավելությունները, հորդորելու ու քաջալերելու նրանց՝ գալ Հայաստան։ Նախագահի բոլոր հանդիպումները՝ արարողակարգային, աշխատանքային կամ պաշտոնական, մեծացնում են ՀՀ միջազգային ճանաչելիությունը՝ հաշվի առնելով դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերը: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, «Դասո սիստեմս», Thales Group, «Լեոնարդո», «Մայքրոսոֆթ», «Սիմենս», Mitsubishi Heavy Industries, «Airbus», «Մասդար» միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում կազմակերպվել են նրանց պատվիրակությունների այցեր Հայաստան՝ համագործակցության հնարավորությունները եւս մեկ անգամ հստակեցնելու նպատակով: Այդ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է, ընթացքի մեջ են մի շարք խոշոր ընկերությունների հետ փոխգործակցության հուշագրերի ստորագրման գործընթացը եւ ներդրումային ծրագրեր:

Ձեռք բերված պայմանավորվածությունները, ստացված առաջարկները, արծարծված գաղափարները նախագահի աշխատակազմի միջոցով փոխանցվում են գործադիրին՝ դրանք քննարկելու եւ ընթացք տալու համար:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում 2019թ. նոյեմբերի 30-ին Աբու Դաբիում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» խոշոր ընկերության եւ «Հայաստանի պետական հետաքրքրություններ»-ի ֆոնդի միջեւ ստորագրվել է համատեղ զարգացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արեւային էներգիայի նախագծեր են մշակվելու եւ ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արեւմուտքում։

Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհուրդը նախատեսում է առաջիկայում Երեւանում բացել խորհրդի ներկայացուցչություն, քննարկման փուլում է խորհրդի հետ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախագիծը:

Նախագահ Սարգսյանի հրավերով մի քանի անգամ Հայաստան են այցելել միջազգային եւս մեկ տեխնոլոգիական առաջատարի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունները եւ հանդիպումներ ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլոգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի եւ «Thales Group»-ի միջեւ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակը հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որտեղ կարող են փոխշահավետ համագործակցություն ծավալել:

Ի շարունակություն նախագահի այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հայաստան են այցելել նաեւ աշխարհահռչակ «Airbus» ընկերության, արեւային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած «SkyPower» ընկերության պատվիրակությունները։

Հանրապետության նախագահի առաջարկությամբ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը անհատույց պատրաստել է զեկույց Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ։

Ըստ առկա տեղեկատվության, նախագահական նախաձեռնությունների համատեքստում մշակվում է ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որն ուղղված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող այս ծրագիրը կլինի մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ եւ խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները եւ ինժեներական որակներ ձեռք բերել, երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու են գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ՝ ապագային։ Ծրագրի շրջանակներում հնարավոր համագործակցությունն արդեն իսկ քննարկվել է բազմաթիվ միջազգային գործընկերների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Կատարի եւ մի շարք այլ պետությունների ղեկավարների, մի շարք պետությունների գիտահետազոտական ինստիտուտների (Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա) եւ համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության աջակցությամբ:

Հանրապետության նախագահի՝ Սերբիայի Հանրապետություն եւ Կատարի Պետություն պաշտոնական այցերը նոր էջ բացեցին այդ երկրների հետ հարաբերություններում։ Ե՛վ Սերբիան, ե՛ւ Կատարի Պետությունը Հայաստանի նախագահի այցերի ընթացքում հայտարարեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այդ երկրներ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին։

Սա լուրջ խթան է թե՛ զբոսաշրջության, թե՛ գործարարության զարգացման համար, ինչպես նաեւ լայն դուռ է բացելու, որ երկու երկրների գործարարներն ավելի արագ ու հանգիստ այցելեն միմյանց, ծանոթանան փոխադարձ հնարավորություններին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն այցի գործնական արդյունքներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր, որը տեղի ունեցավ Կատարի Պետության էմիրի եւ կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի եւ համակրանքի։

Ընդհանուր առմամբ, հանրապետության նախագահի այցերի արդյունքում էականորեն ամրապնդվեցին Ծոցի երկրների հետ Հայաստանի հարաբերությունները:

Իսրայելի Պետություն այցի ընթացքում նախագահ Սարգսյանն այդ երկրի նախագահի եւ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումների ընթացքում բարձրացրեց Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով ու իրողություններով` նախագահ Սարգսյանն ասել էր. «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է եւ հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ, այն կարեւոր ներդրում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում, ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլեւս երբեք չլինեն եւ երբեւէ չկրկնվեն»:

Հանրապետության նախագահի հանդիպումների արդյունքում, նախագահական նախաձեռնությունների շրջանակներում իրականացվել են եւ նախատեսվում է իրականացվել նաեւ մշակութային եւ սոցիալական ծրագրեր, մասնավորապես՝ հանրապետության նախագահի նստավայրում աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը, Քուվեյթի Իսլամական հնությունների Ալ Սաբահ թանգարանի կողմից կազմակերպվելիք ցուցահանդեսը, ինչպես նաեւ UNESCO-ի եւ այլ միջազգային գործընկերների հետ քննարկվող՝ Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրերը:

Ակնհայտ է մեկ բան՝ իր այցերի միջոցով հանրապետության նախագահը ձգտում է եւ կարողանում է առավելագույնս օգտակար լինել երկրին՝ մասնավորապես հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, ստեղծելով հարթակներ, դրական միջավայր, մեր երկիր հրավիրելով ու բերելով հավանական ներդնողների:

Նախագահ Արմեն Սարգսյանը ձգտում է նաեւ առավելագույնս իր ներդրումն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման գործում, Հայաստանը պատշաճ ներկայացնել դրսում, մեր երկիրը գրավիչ դարձնել հավանական ներդրողների համար:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829