«Թե մեր երկրում տնտեսությունը ոնց է զարգացել, 15 րոպեից կիմանաք, որովհետեւ տնտեսական աճի ցուցանիշը, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը պետք է հրապարակվի ժամը 12-ին, եւ պետք է խոստովանել, որ ոչ մեկը մինչեւ էս պահը չգիտի, կամ էլ պարոն Մնացականյանը գիտի, բայց մեզ չի ասում, որ տրամադրություններս շատ չբարձրանա»,- ասաց վարչապետը։ 15 րոպե անց հրապարակվեց թիվը՝ 2019 թ. ունեցել ենք 7.6 տոկոս ՀՆԱ աճ՝ ըստ Մնացականյանի ղեկավարած ԱՎԾ տվյալների։
Հիշեցնենք, որ խոսքը վիճակագրական կոմիտեի երկարամյա ղեկավար Ստեփան Մնացականյանի մասին է, որը հեղափոխական կառավարությունում նախկիններից մնացած «էքսպոնատ» է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հումորներ էր անում, քննադատում՝ կասկածի տակ դնելով նրա «նկարած» վիճակագրական ցուցանիշների իսկությունը։ Հիմա մենք ազգովի պարտավոր ենք հավատալ մի մարդու հրապարակած թվերին, որոնք նախկինում հենց ինքը՝ Փաշինյանն էր կասկածի տակ դնում։
Հիմա ինչո՞ւ պետք է հավատանք Ձեր հրապարակած ցուցանիշներին՝ նիստից հետո հարցրինք պարոն Մնացականյանին, որը 1998 թ.-ից այս պաշտոնին է, իսկ հեղափոխությունից հետո եւս 6 տարի ժամկետով վերանշանակվեց։ «Որովհետեւ ցուցանիշները հաշվարկվում են միջազգային ստանդարտին համապատասխան, իսկ Հայաստանի վիճակագրական կոմիտեն դեռ 2003 թ.-ից հանդիսանում է աշխարհում վիճակագրության ամենախիստ՝ տվյալների տարածման հատուկ ստանդարտի ներքո եւ ամենամսյա մշտադիտարկման տակ է գտնվում, եւ տարեկան հաշվետվություն է հրապարակվում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից»,- ասաց նա՝ բոլոր հարցերին փորձելով.գիտական բացատրություն տալ։
– Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէին վստահում Ձեր ներկայացրած ցուցանիշներին, հիմա պետք է վստահենք։
Կարդացեք նաև
– Հիմա էլ կան, որ վստահում են կամ չեն վստահում, էդ մասին պարզաբանում ներկայացված է։ Երբ որ ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված ազատական տնտեսակարգով երկրներում որեւիցե վիճակագրական պաշտոնական ցուցանիշ է հրապարակվում, դա մեկ օգտատիրոջ կամ սպառողի համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ լուր, երրորդի համար արժեք չունի։ Խոսքի ազատություն է։ Եթե չկա քննադատություն, ուրեմն դուք արթնացել եք Հյուսիսային Կորեայում։
– Բարեբախտաբար, Հայաստանում ենք արթնանում, բայց ես այլ բան էի հարցնում, որ միշտ ԱՎԾ-ին մեղադրում են թվեր նկարելու մեջ։ Դուք երբեք թիվ նկարած կա՞ք։
– Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ տեղեկատվությունը հավաքագրվում է ռեսպոնդենտներից, այսինքն՝ տեղեկատվական աղբյուրներն են, որոնք ներկայացվում են։ Այլ հարց է, որ տեղեկատվական աղբյուրներում երբեմն լինում են ոչ որակյալ տեղեկություններ, այս իսկ պատճառով էլ միջազգային վիճակագրական պրակտիկայով ընդունված է, որ սկզբից հավաքագրվում են շտապ հավաքագրված օպերատիվ տվյալները, այնուհետեւ՝ վերանայված տվյալները, եւ 2-3 տարի հետո՝ ՀՆԱ-ի վերջնական ցուցանիշները, երբ որ տեղեկատվության այլ աղբյուրներ ավելի հասու են։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում