Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները. ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել. ՀՔԱՎ

Փետրվար 21,2020 10:08

Տեղեկանքն ամփոփում է 2019 թվականի ընթացքում առցանց ԶԼՄ-ներից կողմից արձանագրված ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Մարդու իրավունքների խախտման դեպքերի հավաքագրման նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության ու Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը:

Որպես հետհեղափոխական տարի՝ 2019-ն ընդհանուր առմամբ հանգիստ էր՝ հանրային միջոցառումների առատության ու բազմազանության տեսակետից: 2019 թ.-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 90 դեպք: Համեմատության համար նկատենք, որ 2015 թ.-ին արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 304 դեպք, 2016թ.-ին` 338 դեպք, 2017թ.-ին՝ 107 դեպք, 2018 թ.-ին՝ 181 դեպք:

Հաշվետու տարվա 90 դեպքերից 49-ը եղել են հանրային միջոցառումների ընթացքում և դրանց հետևանքով, 41-ը՝ անհատական բնույթի:

Ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման անհատական դեպքերի և հավաքների կամ հավաքներին մասնակցելու արդյունքում արձանագրված իրավունքների խախտման դեպքերի համեմատությունը 2015-2019 թթ.-ին

Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ անհատական բնույթի դեպքերը, որպես կանոն, պատշաճ չեն հրապարակայնացվում պատասխանատու մարմինների կողմից, ինչպես նաև համարժեք չեն լուսաբանվում։

Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, ինչպես և նախորդ մշտադիտարկվող տարիների ընթացքում։

Չնայած հաշվետու տարում իրավախախտման դեպքերը նվազման միտում են արձանագրել, այդուհանդերձ, ոստիկանության գործողությունները արմատական փոփոխության չեն ենթարկվել:

Չնայած ոստիկանության վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած կարծիքներին, ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ, ընտրողական, ազատություն սահմանափակող, իրավական որոշակիության սկզբունքին հակասող, անկանխատեսելի։ Ոստիկանությունը նաև անգործություն է դրսևորել մի շարք իրավիճակներում, որոնք պահանջում էին նրանց միջամտությունը։

Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո ոստիկանությունը շարունակում է՝

կոծկել խոշտանգման դեպքերը և անպատիժ թողնել մեղավորներին
չապահովել հաշվետու և թափանցիկ գործելակերպի սկզբունքները
ապօրինի և առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել անձանց և հաշվառման մատյանում ճիշտ չգրառել բերման ենթարկելու ժամը
օգտվել քաղաքացիական հագուստով անձանց ծառայություններից և խախտել անձանց հավաքների ազատության իրավունքները
կամայականորեն խոչընդոտել հանրային միջոցառումները
չպահպանել իրավական որոշակիության սկզբունքը, երբ մի դեպքում անձին բերման են ենթարկում սպառնալիք հնչեցնելու համար, բայց ոստիկանության բաժանմունքում հայհոյող անձի գործողությունները չեն կանխվում՝ հետագայում նրա գործողություններին, իբր, իրավական գնահատական տալու հիմնավորմամբ
հակասական հիմնավորումներ ներկայացնել նույնաբնույթ հրապարակային ակցիաների մասնակիցներին. օրինակ՝ դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ
շարունակում է անձանց ցույցից առաջ և հետո բերման ենթարկելը, գիշերով տներ ներխուժելը
անձանց արժանապատվությունը նվաստացնելը, դա տեսագրելն ու տարածելը
անձանց թիրախավորելն՝ ըստ որևէ հատկանիշի, օրինակ՝ «հաստավիզ» կամ սևազգեստ լինելու

Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եզրակացնում է՝ ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել, այն շարունակում է գործել՝ չպահպանելով իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության սկզբունքները։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829