Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակում մահվան 13 դեպքերի մասին՝ ասաց. «2019-ին արձանագրվել է բոլոր պատճառներով բանակում տեղի ունեցած զոհերի պատմական մինիմում: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին: 2020-ին դուք ասում եք 13 զոհ, բայց արձանագրենք, որ այդ զոհերից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ ծառայության մեջ, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով եւ 4 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Խնդի՞ր է, սա, թե՞ ոչ»:
Ըստ վարչապետի, հիվանդության պատճառով դեպքերը, դժբախտ պատահարները խնդիր են. «Դուք գիտեք, որ բանակում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա ու մենք առաջ կշարժվենք բանակում դժբախտ դեպքերի պատմական մինիմումով»:
Վարչապետը խոսեց բանակում քրեական ենթամշակույթի մասին: Նա ասաց, որ նախկինում ժամկետային զինծառայողները ստանում էին 3000 դրամ, հիմա՝ 4500. «Ես իմ կենսագրության հայտնի էջերից գիտեմ, առնչվել եմ այդ ենթամշակույթի հետ, երբ դրամական միջոցները շատանում են, շատանում են նաեւ բազարները: Ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանելու պայքարը սրվում է, նկատի ունեմ քրեական ենթամշակույթը ներկայացնող շարքային զինվորների կազմը: Ես եկել եմ այսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի: Մենք զինվորների փողն ավելացրել ենք լավ նկատառումով, բայց քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարը այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին ես հանձնարարել եմ, որ պետք է լինի, դրա համար այդ ուղղությամբ երկու պատասխանատուներ ազատվել են աշխատանքից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ