Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գտնում ենք, որ իշխանության նպատակը քաղաքականորեն արդարացված է». Անդրանիկ Գրիգորյան

Փետրվար 21,2020 00:29

«Ժառանգություն» կուսակցությունը շաբաթվա սկզբին հայտնեց իր դիրքորոշումը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված, որի հիմնական միտքը այն էր, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ։

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում այս մասին ավելի մանրամասն խոսեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։

«Նախ, մի փոքր սխալ է սա Սահմանադրական փոփոխությունների փաթեթ անվանելը, որովհետև սահմանադրության հատվածական ինչ որ մի կետի փոփոխություն է, որն ուղղված է ապօրինաբար ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների գործունեության դադարեցմանը կամ սահմանափակմանը և սա հրամցնել հասարակությանը Սահմանադրական փոփոխությունների փաթեթի տեսքով մի փոքր ճիշտ չի»:

Պարոն Գրիգորյանը վերհիշեց. «Երբ 2015 թվականին նախկին իշխանությունները ձեռնարկեցին սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ ներքաղաքական տիրույթից «Ժառանգությունն» առաջինն էր, որ սա անվանեց հակապետական, հակաժողովրդավարական գործընթաց ու մենք լծվեցինք այդ օրակարգի չեղարկմանը, որովհետև մենք գտնում էինք, որ սա ընդամենը մեկ նպատակ ունի և այդ նպատակը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն էր։ Այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գնաց իր ճանապարհով և մեր և շատ այլ գաղափարակից ուժերի պայքարն անվանեց ոչ քաղաքական օրակարգ և չմասնակցեց դրան։ Ամեն դեպքում՝ պայքարեցինք, չստացվեց, հատվածական որոշակի հաջողություններ ունեցանք, բայց իշխանություններն անցկացրեցին այդ սահմանադրական փոփոխությունները, որը հանգեցրեց այս օրվան»:

Կուսակցության նախագահը նշեց, որ յուրաքանչյուր պարագայում նրանք ժողովրդի կողքին կլինեն, թեև չեն մասնակցի այո-ի կամ ոչ-ի քարոզին. «Մենք չենք վերցնում ոչ-ի դրոշը և հասարակությանը քարոզում չմասնակցություն կամ ոչ-ի տեսակետը, որովհետև մենք գտնում ենք, որ իշխանության նպատակը քաղաքականորեն արդարացված է։ Նրանք ցանկանում են նախկին իշխանությունից ժառանգություն մնացած հակաօրինական որևէ օղակի վերակառուցումը։

Մենք նախընտրում ենք օգտագործել այսպիսի տերմին՝ «չմասնակցություն»: Բայց կուսակցությունը պատրաստ է ընդունել ժողովրդի կամարտահայտությունը ցանկացած տեսքով և գործել հենց այն տիրույթում, որը կմատնանշի ժողովուրդը»:

Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829