Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկացած արվեստ ճանապարհ է եւ ոչ թե վերջակետ». Մանե Բաղդասարյան (Մաննե)

Փետրվար 21,2020 12:30

Մաննեն իր արդեն չորրորդ ֆիլմն է ավարտում, այս մեկը՝ «Հայկ» կինոստուդիայի հետ, պայմանական անունը՝ «Երազներ»։ Մյուս բոլոր ֆիլմերն իր ընկերոջ՝ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ է նկարել. «Մենք նույն մտածելակերպն ունենք, նույն սկզբունքները»։

2018 թվականին նախագահի երիտասարդական մրցանակ շահած վավերագրական ֆիլմը՝ Երեւանի մասին պատմող սեւ ու սպիտակ «Ադապտացիան», Մանե Բաղդասարյանի կուրսային աշխատանքն էր։ «Ճայում» (2019, դիպլոմային) գունավոր հատվածներ կան, «Շապիտոն» (2020) լրիվ սեւ ու սպիտակ է։

Այս ընթացքում նա ավարտեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ Սկսել է աշխատել հինգերորդ ֆիլմի սցենարի վրա, Լեոնիդ Ենգիբարովին է նվիրված. «Քանի որ ինքը որպես հերոս գոյություն չունի ֆիզիկապես, ես իրեն պետք է ներկայացնեմ ուրիշ մարդկանց, բնության, իր փիլիսոփայության միջոցով։ Պարտքս եմ համարում այդ ֆիլմն անելը…»։

– Ենգիբարովն ավելի ավագ սերունդների, իմ սերնդի հերոսն էր, քո սերունդը նոր հերոսներ չունի՞։

– Հաստատ ունի՛։ Բայց իմ տեսակն է ուրիշ, ես տարված եմ նախորդ դարի 60-ականներով։ Այդ ժամանակաշրջանն ինձ ոգեշնչում է. աշխարհը, մարդկության մտածելակերպը կտրուկ փոխվեց այդ տարիներին, մեծ քաղաքներն սկսեցին եռալ, տեխնիկայի առաջընթացը մարդուն տիեզերք տարավ…

– Իսկ 1990-ականնե՞րը, երբ մեր երկիրն անկախ դարձավ, երբ փլուզվեց արվեստում միակ թույլատրելի մեթոդը՝ սոցռեալիզմը, այդ շրջանը քեզ չի՞ ոգեշնչում։

– Ոչ թե չի ոգեշնչում, այլ իմպրեսիաների արվեստի հարցն է այստեղ, իմ ներսից ինչ-որ մի բան ինձ ձգում է դեպի 60-ականները, իմը դա է՝ այսօր արդեն դասական դարձած եւ ամեն ինչի մեջ՝ ճաշակ։

– Եթե քեզանից առաջ մի բան արել են, դու գոնե պիտի նոր բան ասես, կա՞։

– Իմ ֆիլմում նորը բնությունն է, Ենգիբարովին այդ դիտանկյունից ներկայացնելը։ Իր նովելներում կա բնության կերպար, կան մարդու հոգու հետ կապված բոլոր եղանակները, եւ ոչ թե «անձրեւ, աշուն», չնայած նրան անվանում էին ծաղրածու՝ աշունը սրտում։ Նա իր սիրտը բաժանել էր մարդկանց, եւ ես հիմա կարող եմ դուրս գալ փողոց, ջութակ նվագող շրջիկ երաժշտի մեջ տեսնել Ենգիբարովին…

– Այս հարցազրույցն, ի դեպ, քո մասին է, երեւի պայմանավորվենք, որ երկուսիս համար շատ սիրելի արտիստի մասին կխոսենք ձայնագրությունից հետո։ Հայաստանի նախագահի մրցանակիդ մասին կպատմե՞ս։

– Իմ «Ադապտացիան» այդ մրցանակից առաջ եւ հետո միջազգային 17 մրցանակ է ստացել, Չինաստանում՝ 2000 ֆիլմերի միջից, Ռուսաստանում՝ միանգամից մի քանի անվանակարգում, բայց անկեղծ եմ ասում, Նախագահի մրցանակը ես առանձնացնում եմ՝ հպարտացնող է, շատ ոգեւորող է, կարեւորագույնն է։ Հանդիսատեսի շարքերում միշտ կան մարդիկ, որոնց հանդիպել ես մասնագիտացման ճանապարհին, եւ բոլորի առջեւ դու ավելի ես պարտավորվում, որպեսզի հաջորդ քայլդ ավելի լուրջ լինի… Ուզում էի մրցանակային գումարով մի այնպիսի բան գնել, որն ինքն էլ մրցանակի նման կլիներ: Ֆոտոտեսախցիկ գնեցի։ Դրանով նկարեցի հաջորդ՝ «Շապիտո» ֆիլմը։ Մինչեւ հիմա շարունակում եմ դա գործածել, ուրիշ տեսախցիկներ էլ ունեմ, հայրս օպերատոր է, տանը փոքրուց խաղացել եմ տեխնիկայի հետ։

– Մի քիչ տխուր չի՞ «Ադապտացիան». Երեւանն այդքան տխո՞ւր քաղաք է։

– Եթե մի բանի մեջ դրամա չկա, ինքը արվեստ չի դառնում, նույնիսկ կատակերգության մեջ պետք է լինի դրամա, չեմ ասում՝ ողբերգություն։ Նաեւ համարում եմ, որ ծիծաղ պատճառելն ավելի դժվար է, քան «լացացնելը»։ Հիմա նաեւ այդ առումով եմ մտածում։ Արդեն պետք է մտածեմ ծիծաղ պարգեւելու մասին, եւ դա շատ բարդ է։ Հաջորդ ֆիլմերում կփորձեմ համատեղել։

– «Պրովինցիայի մայրամուտին» նմանություններ կան։ Ակսել Բակունցը Երեւանի պատկերներն Աստաֆյան փողոցով տանում-տանում է՝ տրամվայով ավարտում, քոնը երեւանյան տրոլեյբուսն է…

– Իմ տրոլեյբուսը ֆիլմում կրկնվող կադրերից է։ Հիմա ես թեզի վրա եմ աշխատում՝ «Ռեֆրեն դիստանցիայի մեջ»։

– Փելեշյան համար երկո՞ւ, համարյա դիստանցիոն մոնտա՞ժ։

– Փելեշյանից շատ եմ ազդված, բոլորն են նկատում, բայց այստեղ խոսքը ոչ թե դիստանցիոն մոնտաժի մասին է, այլ դիստանցիան հանդես է գալիս որպես տարածություն, հեռավորություն կինոյում… Կադրի կրկնության մասին եմ ուզում խոսել, որը դիտողին ենթագիտակցաբար շրջապտույտի մեջ է գցում, նա սկսում է մտածել, ընկնում իմպրեսիաների մեջ։ Ու նրա մտքում նույնիսկ ֆիլմից հետո կադրերը գնում-գալիս են, կհիշի, չէ,՞ գոնե մեկ կադր։ «Ադապտացիան» էլ է այդ սկզբունքով, տրոլեյբուսը անընդհատ գնում է…

– Բակունցի տրամվայը քաղաքից դուրս է գալիս, որքան հասկանում եմ ենթատեքստը՝ դեպի Արարատ լեռն է գնում, իսկ ո՞ւր է գնում քո տրոլեյբուսը։

– Ինքը գնում ու գնում է, ու մենք չենք հասկանում, թե ի վերջո ուր է հասնելու։ Չկա վերջ, կա շրջապտույտ, որը բնության մեջ գոյություն ունի։ Ցանկացած արվեստ ճանապարհ է եւ ոչ թե վերջակետ…

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
20.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829