Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը վայելել ստացվում է միայն նրանց մոտ, ովքեր չեն սեւեռվում նյութականի վրա»

Փետրվար 21,2020 13:00

Հարցազրույց հայտնի հեռուստահաղորդավար Գոռ Հարությունյանի հետ

– Ինչո՞ւ որոշեցիր սկիզբ դնել «Շնչիր» մոտիվացիոն նախագծին եւ ո՞րն է նրա նպատակը:

– «Շնչիր»-ի մտահղացումը  ունեցել եմ մոտ տասը տարի առաջ, սակայն հասկանում էի, որ նմանօրինակ բան սկսելու համար կյանքի բազմաբնույթ փորձառություն է պետք։ Անհրաժեշտ քանակությամբ կուտակումից եւ մասնագիտանալուց հետո հիմա եկել է ժամանակը կիսվելու։ «Շնչիրը» թե դասաժամանցների շարք է, թե աուդիո ու տեսաձայնագրություններ են, թե գրքեր ու էլի մտքեր կան, որոնք դեռ մշակվում են։ «Շնչիրի» նպատակն է հուշել ու հիշեցնել, թե ինչպես կարելի է կյանքը թեթեւացնել ու վայելել  մեր ունեցած միջոցներով։ Դասաժամանցների անցկացման հետ կապված մանրամասներ կարող եք գտնել «Շնչիրի» ֆեյսբուքյան էջում։

– Նույն էջում ես տեսահոլովակներ դիտեցի, որտեղ քո ձայնով  մոտիվացիոն տեքստեր են հնչում։

– Այո, դա այս նախագծի աուդիոմասն է, որն անվանել ենք Enjoy Life։ Առաջին թրեքը կոչվում է «Շնչիր», եռալեզու է ու այն զրույց է բաների մասին, որոնք հայտնի ճշմարտություններ են, բայց հաճախ կամ մոռացվում են, կամ մնում են չասված ու հետո, տարիներ անց հասկանում ես, որ լավ կլիներ մեկն ու մեկը քեզ հիշեցներ դրանց մասին։ Տվյալ դեպքում այդ մեկը այս նախագիծն է։ Enjoy Life-ը կթողարկվի մարտին։

-Արդյոք, ըստ քեզ, երջանիկ լինելու բանալին հենց յուրաքանչյուրի ձեռքո՞ւմ է, կարո՞ղ ես երջանիկ լինելու պարզ բանաձեւ առաջարկել:

– Իհարկե, յուրաքանչյուրի ձեռքում է, յուրաքանչյուրն ունի իր երջանկությունը եւ այն ունենալով միայն կարելի է կիսվել այլոց հետ։ Յուրաքանչյուրս ծնվում ենք որոշակի հակումներով ու շնորհներով եւ միայն դրանցով դրսեւորվելու, դրանք իրացնելու շնորհիվ է հնարավոր ունենալ մշտական լիցքավորման, ոգեշնչման աղբյուրներ։ «Շնչիրի» դասաժամանցներից մեկն էլ հենց այս թեմայով է։

– Եթե կյանքը գունեղ է, ինչո՞ւ ես հիմնականում սեւ հագուստ կրում, ինչո՞ւ է այդ գույնը դարձել քո ոճի մի բաղադրիչը:

– Կյանքը ոչ միայն գունեղ է, այլեւ հրաշալի է եւ պետք է յուրաքանչյուրն իր ունեցածով կարողանա վայելել այն։ Իսկ սեւ հագուստ կրում եմ միայն այն պատճառով, որ համադրելի է ամեն ինչի հետ։ Երբ շատ ժամանակ չունեմ տնից դուրս գալիս ու երկար չեմ ուզում մտածել հագնվելու հետ կապված, լավագույն լուծումն ունեմ` ընտրել սեւը։

– Քո հաղորդումը շատերն են հետաքրքրությամբ դիտում, քո կարծիքով՝ հատկապես ի՞նչն է գրավում լսարանին:

– 21 TV-ի եթերում բազմաբնույթ հաղորդումներ եմ վարել, բայց ենթադրում եմ՝ խոսքը Երեկոյի մասին է, որտեղ հյուրընկալում եմ տարբեր ոլորտներում աչքի ընկած գործիչների։ Հարցազրույցների ձեւաչափն ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն. երբ որոշել ես (չեն պարտադրել) հյուրընկալել մեկին, որը հետաքրքիր է քեզ (եւ ոչ թե խնդիր է դրված ստորացնել նրան), բացի նրան հարցեր ուղղելուց, պետք է կարողանալ լսել (ու ոչ թե անընդհատ փորձես խելացի երեւալ)։ Երեկոյի հյուրերը իրենց հարմարավետ են զգում մեր տաղավարում։

– Աշխատանքային զբաղվածությունդ հասկանալի է, իսկ այդ տարի ճանապարհորդելու ի՞նչ պլաններ ունես: Գիտեմ, որ դա քո տարերքն է։

– Այս տարի դեռ չեմ հասցրել մտածել այդ մասին, բայց եթե  արտերկիր չմեկնեմ էլ, Հայաստանի ու Արցախի տարածքում դեռ շատ վայրեր կան, որտեղ չեմ եղել ու մտածում եմ հիշողություններ կուտակեմ նաեւ այդ վայրերում լինելով։

Վերջիվերջո շատ ճանապարհորդելու արդյունքում կրկին  համոզվում ես` անկախ իրենց բնակության վայրից ու տեղից, մարդկանց պահանջմունքներն անփոփոխ են ու կյանքը վայելել ստացվում է միայն նրանց մոտ, ովքեր չեն սեւեռվում նյութականի  վրա ու   գիտակցում են, թե ինչ անսահման հնարավորություններ ունեն աշխարհի գեղեցկությունը նկատելու համար։

 Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը տրամադրել է Գոռ Հարությունյանը:

«Առավոտ» օրաթերթ
20.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829