Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քննարկումներին չեք լսում զինվորական գործերով մասնագիտացված դատավորներին

Փետրվար 21,2020 14:30

Բանակում կատարվող սպանությունների, ինքնասպանությունների հարցի, ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի քննարկումը սիրողական, «ժողովրդահաճո» մակարդակի վրա է: Այս թեմայով խոսում է ռեժիսորը, բնապահպանը, սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանը, նախկինում երբեւէ չաշխատած, բայց պատգամավոր դարձածը, մանկագիրը, տնտեսագետը, զինվորական ծառայությունից խուսափածն ու դասալիքը: Այսինքն՝ ով պատահի: Միշտ զարմանում եմ, երբ հեռուստաընկերություններ են հրավիրվում մարդիկ, ովքեր ամեն օր, ամեն ժամ, ամեն թեմայով «լավ խոսել» գիտեն:

Երբ Վճռաբեկ դատարանում ստեղծվեց զինվորական եւ քրեական գործերով պալատը, տարվա մի օրը, պալատի նախագահը (Մհեր Խաչատրյան, Դավիթ Ավետիսյան), զինվորական գործերով մասնագիտացված դատավորները հանդիպում էին զինվորական գործերը լուսաբանող լրագրողների հետ, ներկայացնելով, վիճակագրությունից բացի, խնդրահարույց հարցեր, հրավիրելով պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության, իրավապահների, բանակի հրամանատարության ուշադրությունը:

Դատական գործընթացներին հետեւելն ինձ տխուր դիտարկումների առիթ է տալիս նաեւ այսօր: Նույնիսկ այն դատական նիստերը, որոնց համար ընտրվում է դռնփակություն կամ արագացված ընթացակարգ:

Իմ դիտարկումներից կարող եմ ասել, որ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ աճել են հանցագործությունները, պայմանագրայինները, որոնց տարիքն ավելին է, կարծես այլ խնդիր են լուծում. ինքնադրսեւորման, գումար վաստակելու, առաջխաղացման: Դատական գործընթացներից մեկի ժամանակ, որին կուզեի ներկա գտնվեր ներկայացուցիչ ճանաչված պաշտպանության նախարարությունը, շոշափվեց այն հարցը, թե ինչպես է պայմանագրային աշխատողը տեղեկություններ փոխանակել սոցցանցի միջոցով: Ժամանակն է՝ պայմանագրային զինվորների մասնակցությամբ ընթացող դատական գործերից դուրս բերել վիճակագրությունը, տեսնել, թե հատկապես ինչի համար են նրանք հայտնվում ամբաստանյալի աթոռին, ինչ կենսագրությամբ են ներթափանցել բանակ (կենսագրությունները կարդացե՞լ եք. անգամ գրագրության տարրական գիտելիքներ չունեն) եւ արդյոք ինչպիսի՞ն են նրանց նկատմամբ հետագայում նշանակված պատժաչափերը:

Դիտարկենք հունվար ամսվա երկու դատարաններում առկա գործերից մի քանիսը:

Ռոման Սանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, ուղեգրված լինելով ՊՆ ԿԿԶՀ՝ բուժհետազոտման եւ 2018թ. հոկտեմբերին անցնելով հետազոտությունները, պարտավոր լինելով ներկայանալ ծառայության վայր՝ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր, իսկ 2018թ. հոկտեմբերի 10-ից ներկայացել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, դրանով իսկ ծառայության վայրից ինքնակամ՝ առանց հարգելի պատճառների բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ: Ըստ էության, նա 2018թ.  հոկտեմբերի 15-ից զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների՝ ինքնակամ այլեւս չի ներկայացել ծառայության վայր: Կարեն Եսայանն էլ պայմանագրային զինծառայող է, կոչումով շարքային, ինքնակամ, առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր, բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ:

Պայմանագրային ծառայողների բացակայությունները որոշ դեպքերում ինձ հիշեցնում են դպրոցների այսօրեական բացակայությունները:

Ի դեպ, մենք ունենք հրամկազմից երկուսի դեմ մի դատական գործ՝  ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար Լեռնիկ Բաբայանի, որին մեղադրում են հետեւյալում. «Նա պարտավոր լինելով ստուգել գումարտակի շտաբի պետ Էդգար Զուրաբյանի կողմից կազմված գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներում ընդգրկված զինծառայողների հաճախելիությունը, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայողական պարտականությունների նկատմամբ»: Շտաբի պետն էլ ամբաստանվում է:

Երբ խոսում եմ պայմանագրայինի տարիքային առանձնահատկությունների մասին, նրանց հակվածության մասին էլ կուզեի ուշադրություն դարձվի:  Պայմանագրային զինծառայող Կամո Դանիելյանը միակը չէ: Նա, ով զրահատանկային տեխնիկայի նորոգման դասակի զրահատեխնիկայի նորոգման ջոկի հրամանատար-վարպետն է, կիսաքանդ շինության մեջ ցանել եւ աճեցրել էր թմրամիջոց հանդիսացող բույս, իրացման նպատակով ապօրինի պահել տանիքում:

Բանակում մի չնչին շարժառիթը կարող է դառնալ ծեծի, բռնության պատճառ. զինվորը հրամանատարի, զինվորը զինվորի, եւ հրամանատարը զինվորի նկատմամբ:

Վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Սահիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ նույն հրամանատարական դիտակետում մարտական հերթապահության ընդգրկված, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Հայրապետյանի կողմից հերթափոխից ուշանալու եւ արտաքին տեսքը ոչ պատշաճ լինելու պատճառով, ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հ. Հայրապետյանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով»:

Զինծառայող Սեյրան Էդիլյանն իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությունները կարդալու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում բռնություն էր գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Մ. Արշակյանի նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Հրանտ Դանիելյանի եւ Տիտալ Հաջոյանի հետ զրույցի ժամանակ միմյանց վրա բարձր ձայնով խոսելու պատճառով վիճաբանություն էր եղել, եւ Հրանտը բռնություն էր գործադրել Տիտալի նկատմամբ:

Մեկ այլ զինծառայողի՝ Վահե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. ապրիլի 26-ին զորամասի պահեստի հարակից տարածքում համածառայակից, շարքային Դավիթ Սահակյանի ոտքին պատահաբար կանգնելու առիթով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում վիրավորանք է հասցրել նրան՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, քաշքշել, ապա աջ բռունցքով մեկ անգամ հարվածել է Դ. Սահակյանի ձախ ականջի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Զինծառայող Մանվել Գրիգորյանը զորամասի ծխարանում, ավագ լեյտենանտ Ա. Խաչատրյանի կողմից իրեն համազգեստի կրման կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, վիճել էր նրա հետ, ըստ մեղադրական եզրակացության, «անպարկեշտ ձեւով ստորացրել է իր համար կոչման բերումով պետ հանդիսացող Ա. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը», զինծառայողների ներկայությամբ հայհոյանք է հնչեցրել վերջինիս հասցեին՝ վիրավորանք հասցրել նրան:

Զինծառայողները ինչպես են վնասվածքներ ստանում: Գեւորգ Վարդանյանն,  օրինակ, սերժանտ Ռ.Պողոսյանի կողմից դիտողություն ստանալու եւ իրեն հրելու պատճառով  հակագազով  մեկ անգամ հարվածել էր նրա դեմքին, վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Արման Պետրոսյանի եւ Հրաչ Վարդանյանի 2019թ. սեպտեմբերի 13-ի վեճն ավարտվել է վերջինիս քթին ստացած հարվածի արդյունքում, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքով: Դավիթ Ադամյանն էլ 2018թ.  օգոստոսի 29-ին վիճաբանել էր պետ հանդիսացող Զարզանդ Անտոնյանի հետ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ձախ աչքի հատվածին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Կարող եմ փաստել, որ Սյունիքի եւ Տավուշի մարզի դատարանները զինվորական գործերից աչք չեն փակում, մեր գերծանրաբեռնված դատարաններն են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829