Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ուղղակի վերածվեց մի ցածր մակարդակի շոուի, որտեղ կողմերը միմյանց վրա ցեխ էին շպրտում, եւ որեւէ կողմ այստեղ հակամարտության կարգավորման իր տեսլականը չներկայացրեց:
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանն ինչ-որ առումով շոու է համարում, ուստի, նրա կարծիքով, պետք չէ դրանից հեռուն գնացող եզրակացություններ անել:
«Առավոտի» հետ զրույցում Արմեն Վարդանյանը միեւնույն ժամանակ փաստեց, որ Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի շրջանակներում նման հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները կամ ԱԳ նախարարներն իրենց երկրների արտաքին քաղաքականության հիմնական թեզերն են հնչեցնում տարբեր հարցերի շուրջ: Սակայն Ալիեւ-Փաշինյան հանդիպումն, ըստ քաղաքագետի, ուղղակի վերածվեց մի շոուի, որտեղ կողմերն ավելի շատ անցյալին էին նայում, քան ապագային, ավելի շատ քարոզչական պատերազմ էր ընթանում եւ հակամարտության կարգավորման ելքեր չէին առաջարկվում:
Հարցին՝ Դուք է՞լ եք այն կարծիքին, որ թերեւս այսուհետ չարժի այդպիսի ձեւաչափով հանդիպումների մասնակցելը երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, կարծում եմ՝ ընդհանրապես չարժե մասնակցել: Սա նմանատիպ առաջին փորձն էր, նախկինում էլ առաջարկներ եղել են, բայց դրանք տարբեր պատճառներով չեն կայացել, եւ, ընդհանրապես, արցախյան հակամարտությունը նման շոուների, դեբատների ընթացքում չի լուծվում, այլ շատ կարեւոր է, թե այժմ ինչ է քննարկվում փակ դռների հետեւում, իսկ սա ոչինչ չտվող, ոչինչ չասող մի բանավեճ էր, եւ չեմ կարծում, թե նույնիսկ անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչները գոհացած մնացին, քանի որ, օրինակ, երբ նայում ենք ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսաստանի նախագահի, Իրանի ԱԳ նախարարի կամ այլ երկրների ղեկավարների ելույթները, այնտեղ շատ լուրջ, հաճախ միջազգային հարաբերություններում իրավիճակ փոխող ելույթներ են լինում: Օրինակ՝ հիշարժան է 2007թ. Պուտինի մյունխենյան ճառը, որտեղ նա խոսեց ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի եւ դերի տեսլականի մասին, ձեռնոց նետեց Արեւմուտքին եւ ասաց, որ այլեւս չի լինելու միաբեւեռ աշխարհ եւ այլն: Եվ դրանից հետո տեսանք 2008. ռուս-վրացական 5-օրյա պատերազմը, Ղրիմի անեքսիան եւ այլն: Իսկ մեր դեպքում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ուղղակի վերածվեց մի սովորական շոուի, որտեղ կողմերը որեւէ նոր բան չասացին եւ միայն կրկնեցին ավելի վաղ արտահայտած իրենց քարոզչական թեզերը»:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, որոշ շեշտադրումներ արվեցին, օրինակ՝ միկրոհեղափոխությունների մասին Փաշինյանի ակնարկը: Արմեն Վարդանյանն այս առիթով արձագանքեց. «Վարչապետն ուզում էր ասել, որ բանակցային գործընթացում պետք է ճեղքում լինի. սա նկատի ուներ: Իհարկե, հեղափոխություն բառն այստեղ բացարձակապես անտեղի էր, բայց իմաստը հենց դա էր, որ բանակցային գործընթացում ըստ էության պատային իրավիճակ է այժմ եւ պարոն Փաշինյանը նկատի ուներ, որ պետք է ճեղքում լինի բանակցային գործընթացում»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ տեղին չէր, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Աշխարհի համար պետք է հասկանալի լեզվով խոսել: Եթե հեղափոխություն ես արել Հայաստանում, դա երկար ժամանակ բրենդ է դարձել, դա չի նշանակում՝ միջազգային քաղաքականության, դիվանագիտության մեջ պետք է այդ նույն բառերն օգտագործել: Ընդհանրապես դիվանագիտության մեջ ամեն մի արտահայտություն եւ բառ կարող է իրավիճակ փոխել, դրա համար հմուտ դիվանագետները, քաղաքական գործիչներն ամեն մի բառին ուշադրություն են դարձնում: Այնպես որ, այս պարագայում ես կօգտագործեի ճեղքում բառը, բայց ոչ երբեք հեղափոխություն, չնայած հենց ճեղքում, տեղաշարժ իմաստով էր օգտագործվել»:
Ճի՞շտ էր, որ Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց անցյալին՝ մինչեւ Տիգրան Մեծ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ալիեւը մի պահ հարցը տարավ պատմական դաշտ, բայց Փաշինյանը չպետք է այդքան հեռու գնար եւ հասներ Տիգրան Մեծի ժամանակները: Ընդամենը պետք է ասեր, որ պարոն Ալիեւ, Դուք պատմությունից եք խոսում, բայց դեռեւս հարյուր տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա չկար Ադրբեջան անունով պետություն: Ընդամենն այդքանը, ոչ թե մեր թվարկությունից առաջ մի քանի հազարամյակներ հետ գնար: Եվ ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտությունը պատմաբանները չեն լուծելու, փակ դռների հետեւում հաստատապես պատմությունը չի քննարկվում, այլ քննարկվում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Դրա համար պետք է խոսել միջազգային հանրության համար ընդունելի, հասկանալի բառապաշարով: Օրինակ, երբ ասում ես, որ հայերն ինքնորոշվել են Խորհրդային Միության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն, կամ ասում ես, որ մենք օգտագործել ենք միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքներից մեկը՝ «right of remedial secession» (անջատում հանուն փրկության), դա միջազգային հանրությունը հասկանում է: Պարոն Փաշինյանը պետք է բերեր Ռամիլ Սաֆարովի օրինակը, ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի դեպքերը, եւ ասեր, որ Արցախի հայությունը չի կարող որեւէ տարբերակում, որեւէ ձեւով լինել Ադրբեջանի կազմում, քանի որ ձեզ մոտ գերիշխում է ֆաշիզմը, հայատյացությունը, ինչը միանգամայն հասկանալի է միջազգային հանրության համար»:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանին քննադատեցին «օկուպացված տարածքներ» արտահայտությանը չարձագանքելու համար, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ադրբեջանը մշտապես օգտագործել է այդ թեզը, այդ տարածքները անվանում է օկուպացված տարածքներ, մեզ համար նախընտրելի տերմինը անվտանգության գոտին է, որը հասկանալի է միջազգային հանրության համար: Դրա համար շատ կարեւոր է բառերը ճիշտ ընտրել»:
Իսկ ինչպե՞ս դիտարկենք Մեհրիբան Ալիեւայի ներկայությունը Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը, արդյոք դա իշխանությունը նրան փոխանցելու համատեքստո՞ւմ է, Արմեն Վարդանյանն այս առիթով նշեց. «Մեհրիբան Ալիեւան Ադրբեջանի փոխնախագահն է, ուստի արդեն իսկ քաղաքական գործիչ է, վերջին մի քանի տարիների ընթացքում նա ցույց է տվել, որ որոշակի քաղաքական հավակնություններ ունի, մասնավորապես այց էր կատարել Ռուսաստան, Վլադիմիր Պուտինի կողմից շքանշան ստացել եւ այլն: Ինքն ակնհայտ ցույց է տալիս, որ կա քաղաքական գործընթացներում եւ միգուցե նաեւ ապագայի հետ կապված որոշակի քաղաքական հավակնություններ ունի»:
Ամփոփելով հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետք թողեց Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը, Արմեն Վարդանյանը վստահեցրեց՝ երկու-երեք օր հետո ընդհանրապես թե՚ մեր, թե՚ ադրբեջանական հասարակություններում այս բանավեճը կմոռացվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2020