Ուկրաինացի տնտեսագետ Ալեքսեյ Կուշչը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ համեմատելով Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական վիճակը: Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը, որը գրեթե նույն խնդիրներն ունի, ինչ Ուկրաինան, լավ օրինակ է ծառայում և ցույց է տալիս՝ ինչպես դուրս գալ տնտեսական փակուղուց:
Կուշչի խոսքով՝ Հայաստանը և Ուկրաինան միանման խնդիրներ ունեն՝ ուշացած կառուցվածքային բարեփոխումներ, ներքին քաղաքական պայքարի թեժացում, ընտրական հեղափոխություն՝ պետական ինստիտուտների լեգիտիմության նվազեցման վտանգով, աշխատանքային միգրացիա, տնտեսության կախվածություն դրամական փոխանցումներից, զգալի միջոցների տրամադրում պաշտպանությանը, գրեթե սառեցված ռազմական հակամարտություն, որը ժամանակ առ ժամանակ վերածվում է թեժ հակամարտության: «Միևնույն ժամանակ, եթե Ուկրաինայում պաշտոնյաները ուրախանում են աշխատանքային միգրանտների դրամական աճից, ապա Հայաստանում տնտեսության վրա նրանց ազդեցությունը կրճատվել է… Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ֆիսկալացումը պետք է սկսել մեծ բիզնեսից, որը պետք է արդար վճարի հարկերը և ենթարկվի հակամենաշնորհային կարգավորմանը: Իսկ փոքր ձեռնարկությունը միևնույն ժամանակ պետք է ստանա առավելությունների փաթեթ. Հայաստանում միկրոբիզնեսն ազատված է հարկերից»,-գրում է տնտեսագետը:
Կուշչը փաստում է, որ հայկական տնտեսության բաղադրատոմսերն են ՝ պետական ինստիտուտների ուժեղացումը, օրենքի գերակայության ապահովումը, այլ ոչ թե ընտրական արդարադատության, ստվերից տնտեսության դուրս բերումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մեծ բիզնեսի արդյունավետ կարգավորումը, միկրոձեռնարկություններին հարկերից ազատումը, դրական իմիջի ձևավորում ներդրողների համար: «Ամեն ինչ չէ, որ արվել է, բայց կարևորը կա քաղաքական կամք: Այժմ երկրի առաջ ծառացել է ավելի բարդ խնդիր. ՀՆԱ աճի բարձր դինամիկան դարձնել կայուն և ապահովել արագացված զարգացման նվազագույնը հնգամյա ժամանակահատված: 2020թ. այս խնդիրը պետք է լուծվի հարկային բարեփոխման և ներդրումների ներգրավման արդյունավետ ուղիների ստեղծման օգնությամբ»,-գրել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում պետական ինստիտուտները ոչ միայն չեն ամրապնդվում, այլ շարունակվում են արժեզրկվել՝ ի դեմս նախարարների դառնալով ծաղրի առարկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև