Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը պարզաբանում է, որ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցի» մասին իր խոսքը սիրո տրամաբանության մեջ է, իրենց պետք է շնորհակալ լինեն, չեն թողնում ժողովրդի ինքնադատաստան

Փետրվար 20,2020 23:20

«Ժողովրդավարությունը մեր երկրի համար որեւէ արտերկրից ներմուծված երեւույթ չէ, դա մեր ժողովրդի արժեհամակարգի մաս է, դրա համար ունենք ապացույց: Մի ապացույցը 88-ի շարժումն է եւ 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը», – այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նախկինում ՍԴ-ում փոփոխություններ անելու համար կառավարությունը եւ իշխող ուժը հանրաքվե հրավիրեր: Բա, եթե սուպերվարչապետական համակարգ է, ի՞նչն է պրոբլեմը, հեռախոսը վերցնում ես, ասում ես՝ հարգելի բարեկամներ, դուք ազատված եք աշխատանքից ու հեռախոսը դնում ենք: Ես ասում եմ, որ ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել: Դրա համար անհրաժեշտ է, որ  լինի կոռուպցիա, կոռուպցիոն համակարգ, ինչպես ընդդիմադիրներն են վախեցած նշում, լինեն բանդաներ, որոնք ընդդիմադիրներին պադյեզդներում ինքնադատաստանի ենթարկեն, այդպես շարունակ»:

Հարց եղավ այն մասին, որ ժողովրդավարությունն ունի կարեւոր բաղադրիչ, դա երկրում տիրող մթնոլորտն է, ձեր ընդդիմախոսները ձեզ, ձեր քաղաքական ուժին մեղադրում են, որ ծայրահեղական անհանդուրժող մթնոլորտ եք գեներացնում: Որպես օրինակ, նշվեց այն, որ  իշխանությանը քննադատող, նույնիսկ երբեմն կոռեկտության սահմաններն անցնող գործիչները ահազանգով բերում են ոստիկանություն, փռվում են ասֆալտին, նրանց մոտ զենք չի հայտնաբերվում ու մարդիկ ասում են՝ ոնց, 5 ընդդիմադիր գործչի միանգամից տարան, դա ժողովրդավա՞ր է: Որպես երկրորդ օրինակ, Պետրոս Ղազարյանը հիշեցրեց վարչապետի՝ ԱԺ-ի ելույթը. «Իրավունքը, արդարադատությունը շուտով առնելու է ոտքերի տակ ու դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնսգտոցն եք լսելու բոլորով», ասում են՝ վարչապետը, երբ նման գնահատական է տալիս թեկուզ այն մարդկանց, որոնք հանուն երկրի չեն գործում, դա երկրում թավշյա, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը նպաստո՞ւմ է:

Վարչապետը պատասխանեց. «Այո, ասում են, որ մենք իբր ատելություն ենք սերմանում ու ատելության խոսք ենք բանեցնում նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Կարող է ծայրահեղ հնչի, բայց սա 100 տոկոսանոց իրականություն է: Այն, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչեւ այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն ԶԼՄ-ներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ: Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա ընդամենը այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի հեղափոխական հարթակն ու կառավարությունը հստակ դրել է կանոններ, որ պետք է գործենք սիրո եւ օրինականության տրամաբանության մեջ»: Հարցին՝ այդ օրինակները, որ նշվեց, այդ տրամաբանության մե՞ջ են՝ վարչապետը պատասխանեց, որ այո. «ՀՀ իրավապահ մարմիններն ունեն նաև այլ գործառույթներ, նրանք ունեն գործառույթներ՝ ծայրահեղականացման երեւույթների հետ կապված որոշակի ստուգողական աշխատանքներ իրականացնելու»:

Ըստ Փաշինյանի, այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ՝ իշխանության նկատմամբ են տանում՝այսօրվա իշխանության կողմից եւ ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ. «Եթե որեւէ մեկը, որը պետք է այսօրվա իշխանություններին շնորհակալություն հայտնի, ամենաատելի օլիգարխը, երբ որ դուրս է գալիս, սպառնում է, ասում է՝ ոտերս մաքրելու եմ, այո, արդարադատությունը այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով, օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է, իհարկե: Սա՝ հանուն այդ մարդկանց անվտանգության նաեւ: Եթե սա տեղի չունենա, հանրությունը բառիս ֆիզիկական իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի»:

Դիտարկմանը, որ դուք բոլորի վարչապետն եք, ճի՞շտ է այդ բառապաշարով շփվել մարդկանց հետ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքացիները կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն ու ի վերջո գործել նաեւ ծայրահեղական տրամաբանության մեջ՝ քրեական ենթամշակույթի քարոզմամբ»:

Հետո վարչապետը հավելեց. «Կան մարդիկ, որոնք ուրիշ լեզու չեն հասկանում»: Նա համեմատեց Նաիրի Հունանյանի հետ՝ ասելով, որ եթե Նաիրի Հունանյանին էլ մի քանի անգամ ոստիկանությունը տաներ բաժին, գուցե ուրիշ արդյունք լիներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829