Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում պատասխանեց սահմանադրական հանրաքվեի հետ կապված վերջին օրերին հնչող քննադատություններին: Նրա խոսքով՝ այս կառավարության համար սահմանադրական իրականություն հաստատելը սկզբունքային նշանակություն ունի. «Մեր երկրի սահմանադրության մեջ մի բան է գրված եղել, իսկ իրականացումը՝ բոլորովին այլ: Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է եղել սահմանադրական իրականություն հաստատելը: Մենք այդ հարցում ունենք շատ կոնկրետ հաջողություններ:
Մեր խնդիրն այն է, որ եթե գրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն իր իշխանությունը ձեւավորում է ազատ ընտրությունների միջոցով, դա, ըստ էության, 91 թվականից այս կողմ տեղի չէր ունեցել, բացառությամբ, թերեւս, 99-ի խորհրդարանական ընտրությունները, եւ մենք այսօր այդ սահմանադրական իրականությունը ստեղծել ենք: Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ձեւավորել իշխանություն»:
2015-ին ընդունված եւ 2018-ի ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մի մոդել, որը արժանացել է բոլոր միջազգային կառույցների բարձր գնահատանքին՝ ասելով, որ ՍԴ-ի այդ մոդելը բալանսավորված է, նրա մեջ կան անկախության երաշխիքներ, նաեւ հաշվի առնելով ՍԴ ինստիտուտի՝ Հայաստանում երկար տարիներ առկա անվստահությունը, ահա այդ մոդելն այն ճանապարհն է,որով հնարավոր է վերականգնել վստահությունը այդ ինստիտուտի նկատմամբ: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելով. Ի տարբերություն նախկինի,երբ ՍԴ անդամի եւ նախագահի թեկնածուներին առաջադրում էր ՀՀ նախագահը կամ ԱԺ նախագահը եւ ընտրում էր խորհրդարանը, նոր մոդելով ՍԴ անդամի երեքական թեկնածուներ առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Եվ պետք է արձանագրել, որ նոր կարգավորումներով այս երեք ՍԴ-ի անդամի թեկնածու առաջադրելու ինստիտուտներից երկուսը բոլորովին ապակուսակցականացված են՝ նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը:
Նոր մոդելով ՍԴ-ի քաղաքականացվածության եւ կուսակցականության վտանգները էականորեն չեզոքացված են: Երկրորդ առանձնահատկություն այն է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը սահմանափակված է: Եթե նախկինում ՍԴ-ի անդամը ընտրվում էր ցմահ՝ 65 կամ մինչեւ 70 տարեկանը, հիմա հստակ սահմանված է, որ ՍԴ դատավորը կարող է գործունեության ժամկետը 12 տարի է եւ նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: Երրորդ առանձնահատկությունը՝ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ՝ ՍԴ-ն եւ ընտրում է 6 տարի ժամկետով: Այսինքն, յուրաքանչյուր 6 տարին մեկ ՍԴ-ում պետք է լինեն ընտրություններ ու մի անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ: Սա նրա համար է, որ ՍԴ նախագահը ՍԴ-ի գերիշխանություն հաստատելու հնարավորությունից զուրկ լինի: Խնդիրն այն է, որ հենց այս պահին, հենց այսօր արդեն մեկ տարուց ավելի գործող ՍԴ մենք չենք ունենա մինչեւ 2035 թվականը, եթե այսօր որեւէ բան չփոխենք մեր Սահմանադրության մեջ»:
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի, գործող Սահմանադրությունը հնարավոր չի զարգացնել, եթե այն դե ֆակտո չի մտել ուժի մեջ. «Կոպիտ ասած մենք ուզում ենք այսօր եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ ու դա դարձնել սահմանադրական իրականություն, որպեսզի մեր մեխանիզմի բոլոր անիվները լինեն նույն տրամաչափի, որպեսզի այդ մեխանիզմը առաջ շարժվելու, զարգանալու հնարավորություն ունենա: Սխալ տրամաչափի անիվի գործունեության պատճառով ամբողջ մեխանիզմը կփլուզվի»:
Փաշինյանի խոսքով՝ այն ՍԴ-ն,որը բացառապես կոնյունկտուրային որոշումներ է կայացրել, ծառայել իշխանությանը, այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն ու այդ անվստահությունը վստահություն վայելող կառավարության պայմաններում հանրության շրջանում սկսում է մեկնաբանվել՝ որպես կառավարության կողմից դավադրությունների մեջ ներգրաված լինելու քայլ. «Մենք պետք է կարողանանք այս ինստիտուցիոնալ խնդիրը լուծել, սա ունի կենսական նշանակություն»:
Հարցին՝ եթե դուք վստահ եք ձեր թեզի իրավացիության մեջ, ինչո՞ւ փաստաթուղթը չեք ուղարկում Վենետիկի հանձնաժողով, եվրոպացիները էլ չգիտեն ոնց ակնարկեն, որ բերեք մի հատ կարդանք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել եվրոպացի բազմաթիվ գործընկերների հետ եւ կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաեւ եվրոպացի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ մենք գործ ունենք՝ կապված տրանսֆորմացիոն երեւույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո ու մինչեւ այդ հարցին մենք անդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների: Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ