Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներողություն, այս սուտը պետք է հանվի եւ ընդհանրապես բիզնեսով զբաղվողը չպետք է լինի պատգամավոր». Ավետիք Իշխանյան

Փետրվար 20,2020 22:30

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից» Հայկ Մարտիրոսյանի կարծիքով այն, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, բայց մնալ պատգամավոր, պահել մանդատը, դա պառլամենտական կառավարման մոդելին հակասում է. «Պետք է հասկանանք, որ մեր կուսակցությունները ըստ էության, անձակենտրոն կուսակցություններ են, կա անձ՝ կա կուսակցություն, չկա անձ՝ չկա կուսակցությունը: Պառլամենտական վերահսկողութան շրջանակներում, եթե դիտարկենք այն հարցերը, որոնք այսօր կան, դա բավարար չէ բնականաբար, պառլամենտի կողմից արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար»:

Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ պառլամենտական կառավարման իրական համակարգում դեսպաններին պետք է պառլամենտում ընտրեին, ոչ թե նշանակեն, այլ զուտ հաստատեն, թանկ հաճույք է մեզ համար, չեն կարող դեսպաններին նշանակեն ու պարապուրդի մատնվեն: Իսկ եթե ասում են, որ արտգործնախարար կա, որը, միեւնույն է, գալիս է ԱԺ, խորհրդարանի վերահսկողության ներքո է, այդ դեպքում կստացվի, որ որեւէ նախարար էլ կարող է չգալ, վարչապետը գալիս է, բավարար է:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ դեռեւս 90- ականներից ես առավել արդյունավետ կառավարման միջոց եմ համարում խորհրդարանական կառավարման համակարգը, որովհետեւ իրականում իշխանության տարանջատում եւ անկախ դատական համակարգ կարող ենք ունենալ այդ համակարգով: Ըստ Ավետիք Իշխանյանի, Սահմանադրությունում մի շարք փոփոխություններ պետք է արվեն՝ ամրագրելով, օրինակ, որ ԱԺ-ն բաղկացած է 101 պատգամավորից, ոչ թե առնվազն 101 պատգամավորից: Պետք է փոխվի նաեւ պատգամավորական մանդատի անհամատեղելիության հոդվածը. «Հավատարմագրային կառավարում են անում: Բոլորը գիտեն: Այսօր էլ բիզնես են անում, ասում են՝ կա, բայց հավատարմագրային կառավարման ենք տվել: Ներողություն, այս սուտը պետք է հանվի եւ ընդհանրապես բիզնեսով զբաղվողը չպետք է լինի պատգամավոր: ԱԺ նախագահն ունի 3 տեղակալ, գիտեք, այնքան ձեւական է, իբր ընդդիմությանը տալիս են տեղակալի տեղ: Հայաստանի համար ԱԺ նախագահից հետո մեկ տեղակալը բացարձակապես բավական է:

Համաներումը, որ լինում է կառավարության առաջարկությամբ, ես կարծում եմ, որ համաներումը եւ նման հարցեր չպետք է լինեն գործադիր իշխանությանը, այլ պետք է լինեն նախագահինը պառլամենտական հանրապետությունում: Իհարկե, պառլամենտական երկրներում նախագահը  գործադիրի հետ չպետք է կապ ունենա, բայց արդյոք ոչ մի բանի հետ չպե՞տք է կապ ունենա: Նախ, ընտրության կարգը. նախագահի ընտրությունը, պետք է լինի շատ մեծ կոնսենսուսով, ոչ թե բացարձակ մեծամասնության կողմից ընտրվի, լինի նրանց դրած մարդը: Օրինակ, Գերմանիայում նախագահի ընտրությանը մասնակցում են բոլոր հողերի պատգամավորները եւ մի քանի անգամ ընտրություններից հետո նոր ընտրում են: ՀՀ-ում շեմը պետք է բարձրացվի մինչեւ 80 տոկոս: Նախագահին իբր տրված է Սահմանադրությանը հետեւելը, բայց ընդամենը երկու հարց է՝ կա՛մ դիմի ՍԴ, կա՛մ ստորագրի: Պետք է նախագահին հնարավորություն տալ, որ նա կարողանա օրենքի մեջ իր առաջարկություններով, իր մեկնաբանություններով հետ ուղարկել ԱԺ, ոչ թե հենց այնպես ստորագրել ու կնիքի դեր կատարելը: Նախագահին շատ ձեւական լիազորություններ են տրված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829