Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ասաց, որ տարիներ ի վեր հաշվետվողականությունը, վերահսկողությունը, պատասխանատվությունը կաթիլ-կաթիլ այնքան են ջլատել, որ արդեն սահմանափակ ենք դրա մասին մտածում. «Իշխանությունների տարանջատման սկզբունքը երկրորդելով՝ ասեմ, որ 2015-ին Սահմանադրությունը չանցավ, որովհետեւ չի եղել միջազգային դիտորդություն, տեղական դիտորդներն էլ պատասխանը միանշանակ չտվեցին ու շատ ավելի հակված էին ասելու, որ այն չի անցել, քան անցել է: Իսկ 2005-ինը դա արդեն մեր աչքի առաջ էր, քանի հոգով այն եթե անցավ, ապա անցավ:
Միանշանակ, ես այն կարծիքի եմ, որ միայն քաղաքական ուժը, որն ունի ժողովրդի մանդատ, իշխանություն, իրավասու է ձեռնարկել եւ կրել պատասխանատվություն Սահմանադրություն փոխելու, որովհետեւ նախորդ բոլոր իշխանությունները՝ երեք նախագահներն էլ կրում են պատասխանատվություն նրա համար, ինչ ունենք: Այս իշխանությունն էլ պետք է կրի պատասխանատվությունը մեզ այս փոսից հանելու, որի համար ունի մանդատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ