Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն

Փետրվար 20,2020 21:30
shun

Երեկ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1984 թվականին ծնված Մ․Հ․-ին։ Շունը կծել է նրա ձեռքը (նրան տեղափոխել են բազկի ստորին երրորդականի շան կծած-պատառոտված վերքով), որը և վիրահատել են։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Լուսանկարը չենք հրապարակում ՝ ելնելով էթիկայի կանոններից։

Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ կնոջ վիճակը միջին ծանրության է, ցույց է տրվել առաջին բուժօգնությունը, նա պառկած է վնասվածքաբանական բաժանմունքում։

Հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի տվյալներով էլ, վերջին երեք տարիներին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վնասվածքաբանական կետի հիվանդացության ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ քաղաքացիների դիմելիության ցուցանիշը՝ կապված «շան կծած» դեպքերով 2019 թվականի վերջերից կտրուկ ավելացել է։

«2018 թվականի նոյեմբերին 3 դեպք է գրանցվել, դեկտեմբերին նույնպես՝ 3, 2019 թվականի նոյեմբերին 12 դեպք, դեկտեմբերին՝ 12 դեպք, 2020 թվականի հունվարին՝ 5 դեպք»։

Ըստ Արմեն Իսահակյանի, տարվա կտրվածքով ավելացել է նաև հակակատաղության սիճուկի ծախսը։

Հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցի տարածքը վերածվել է շների հավաքատեղիի, թե՛ քաղաքացիները, և թե՛ գիշերային հերթափոխային գրաֆիկով աշխատող բուժանձնակազմի ներկայացուցիչները լեղապատառ են լինում։ Բացի այդ, թափառող շները հակահիգենիկ իրավիճակ են ստեղծում տարածքում․ աղբարկղերից աղբը վերցնում ու ցփնում են հիվանդանոցի շուրջբոլորը։

Նա աշխատակիցների խնդրանքով գրություն է ուղարկել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ խնդրելով միջնորդել գերատեսչական մարմիններին՝ խնդիրը կարգավորելու՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում։

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանն էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

«Շուրջ 20 օր է՝ ինչ Գյումրիում (համաձայն Գյումրի համայնքի հետ կնքված պայմանագրի՝ «My Vet» անասնաբուժական կլինիկան) կատարվում է անապաստան շների ստերջացման աշխատանքներ: Քաղաքում արդեն կան շուրջ 50 վիրահատված շներ, որոնց հնարավոր է ճանաչել ականջներին դակված տարբերանշաններով: Հորդորում ենք նրանց նկատմամբ ցուցաբերել բարյացակամություն, հնարավորության դեպքում կերակրել, նրանք բացարձակապես անվնաս են:

Դիմում ենք, մասնավորապես այն շնատերերին, ովքեր ունեն ցեղական տեսակի շներ՝ խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները (դնչկալ, շղթա (поводок) և չփորձեն թույլ տալ հարձակում վիրահատված շների վրա, այլապես օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»:

Նշենք, սակայն, որ այսօր Ազատանի համայնքապետ Վարդան Իկլիկյանը իր դժգոհություն էր հայտնել Aravot.am-ին առ այն, որ ստերջացումը հարցի լուծում չէ, քանի որ ստերջացումից հետո առաջարկում են շներին նորից փողոց բաց թողնել, որի դեպքում նորից կհարձակվեն մարդկանց վրա, հակահիգենիկ միջավայր կստեղծեն։ Ըստ պաշտոնյայի,օրենքի ընդունումից հետո հարկավոր է պետական բյուջեից միջոցներ տրամադրել ու շներին հատուկ վայրերում պահել։

Գյուղապետի դժգոհելով, բանը հասել է նրան, որ գյուղաբնակները, որոնցից շատերի զուգարանները տան ներսում չեն, վախենում են գիշերով զուգարան գնալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ցանկացած պնդում ճշմարիտ է, երբ ունի ստատիստիկ հիմք։ Հիմա պետք է ներկայացնել նաև, թե գյուղերում և քաղաքներում քանի շուն կա և քանիսը դրանցից երբեք չեն կծել ոչ մեկին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829