2019 թվականի սեպտեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը Կոտայքի մարզպետի որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ մարզպետի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ Կոտայքի մարզպետի ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկվել են ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները, որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում:
Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ:
«Նշեմ, որ այսուհետ ևս մեր պետական ու տարածքային կառավարման մարմինները, իրավապահ համակարգը, և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մյուս ինստիտուտները թույլ չեն տալու և ոչ մի ոլորտում նախկինում տեղ գտած մերժելի ու հանցավոր գործելաոճի նույնիսկ փոքրիկ փորձ, իսկ ես շարունակելու եմ հետայսու ևս ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում խստագույնս հակադարձելու նմանատիպ երևույթներին ու զերծ չեմ մնալու նույնիսկ ամենավիրահատական գործիքակազմերից, այդ թվում՝ սերտ համագործակցելով ՀՀ իրավապահ համակարգի հետ»,-իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Կոտայքի մարզպետարան