Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զրույց երաժիշտների միջեւ-4

Փետրվար 20,2020 20:30

Սիրելի ընթերցող, այս շարքի իմ չորրորդ զրուցակիցը պորտուգալացի ռեժիսոր Կլաուդիա Վարեժաոն է։

Կյանքի հմայքներից մեկը, թերևս, այն գաղտնիքն է, որը ինչ֊որ տեղ սպասում է մեզ, հետո բացվում ու հարստացնում է մեր լինելությունը։ Ճիշտ այդպես եմ ընկալում նաև Կինոարվեստը, որը ռեժիսորի աչքերի միջոցով բացվում է մեր առջև՝ ներկայացնելով կյանքը իր տարբեր կողմերով, կյանքը, որը հենց ինքը՝ գաղտնիքն է։

Երկու տարի առաջ ես չէի ճանաչում պորտուգալացի վավերագրող, ռեժիսոր ՝ Կլաուդիա Վարեժաոյին։ Հետո բախտավորությունը ունեցա նաև մասնակիցը դառնալու իր վերջին ֆիլմում, իմ և ընտանիքիս ներկայությամբ, մշակույթի միջոցով պատմելու մեր մասին։

Ես ցանկացա, որ մեր զրույցը տեղի ունենա Լիսաբոնի Սինեմատեկայում, որտեղ մի քանի ամիս առաջ իր ֆիլմերով ու փառավոր ներկայությամբ հյուրընկալվել էր Արտավազդ Փելեշյանը։

Ն.Դ. Սիրելի Կլաուդիա, կարծում եմ մեր զրույցը առաջին փորձն է Քեզ ներկայացնելու հայ ընթերցողին, ուստի կխնդրեմ ինքդ ներկայանաս։

Կ.Վ. Ես ֆիլմեր եմ ստեղծում։ Շատ եմ երազում, հետո երազանքս իրականություն եմ դարձնում։ Ապրում եմ այդ պատկերներով և նրանց վերածում պատմությունների։

Ծնվել եմ Պորտոյում, հետո տեղափոխվել Լիսաբոն ՝ ուսումս շարունակելու մի բնագավառում, որտեղ առաջին իսկ տարում հասկացա, որ ինձ հետ ոչ մի կապ չուներ։ Մինչ այդ շատ էի զբաղվում սպորտով, լողով և եկա սովորելու ֆիզկուլտ ինստիտուտում։

Այդ ժամանակ մի ընկեր ունեի, ով հրաշալի հասկանալով, որ ես իմ տեղում չեմ, ուշադրությունս սևեռեց լուսանկարչական մեքենայիս, որ մշտապես հետս էր։ Հարցրեց ՝ ի՞նչ եմ նկարում։

—Նկարում եմ մարդկանց ու պահում։

—Դու կարող ես նկարել և պատմել այդ մարդկանց մասին։

Այդ միտքը սթափեցրեց ինձ։ Սկսեցի սովորել լուսանկարչություն։ Սկզբում լուսանկարում էի, հետո սկսեցի աշխատել իմ նախագծերի վրա և ստեղծել իմ ֆիլմերը։ Մտերիմ եմ մարդկանց հետ, կյանքեր, որոնք ինձ հետաքրքրում են։ Այդպես սկսեցի նկարել ֆիլմեր, վավերագրական, իրական։

Ն.Դ. Եվ Քեզ գտար յոթերորդ արվեստում, կինոարվեստում։ Ամեն ստեղծագործող ստեղծածի միջոցով իր ասելիքն է թողնում։ Ի՞նչն է Քո ասելիքը, ի՞նչ ես փնտրում։

Կ. Վ. Բարդ հարց է։ Արտիստը ամբողջ կյանքի ընթացքում փնտրում է։ Երբեմն, թվում է, թե գտավ պատասխանը, բայց հետո հասկանում է, որ չկա պատասխան և կրկին շարունակում է փնտրել։Իսկ փնտրտուքը մեծ խթան է։ Ամերիկացի գրող Շել Սիլվերստայնը մի հրաշալի գիրք ունի, որի գլխավոր հերոսը ոչ ամբողջական շրջանակն է, որից մի կտոր է պակասում, մի եռանկյունի և նա անդադար պտտվում է, պտտվում է, որ գտնի պակասող մասը։ Հերթական պտույտի ժամանակ հատակին տեսնում է մի կտոր, ուրախությամբ փորձում է տեղավորել, բայց սխալ կտոր է լինում։ Իր ամբողջ կյանքը պտտվելն է ու փնտրելը։ Բնականաբար, երբ պտտվում է, տեսնում է բնությունը, ծառեր, աստղեր և հիանում է կյանքով։ Հանկարծ մի օր գտնում է այն մասը, որ պակասում է և որը հրաշալի տեղավորվում ու ամբողջացնում է շրջանակը։ Այս երկու կտորները անչափ երջանիկ են, իրենց լիարժեք են զգում, սիրահարվում են մեկմեկու և շարունակում պտտվել… այնքան երջանիկ են, որ այլևս չեն նկատում թիթեռի թռիչքը, աստղերի փայլքը, ծիածանը։ Մի օր էլ կարծես արթնանալով շրջանակը դիմում է գտնված կտորին.

—Կներես, մենք չենք կարող ապրել իրար հետ, որովհետև ես ապրում եմ միայն մեզ համար, ես դադարել եմ տեսնել իմ շուրջը։ Ես պետք է շարունակեմ պտտվել։

Տխուր են, բայց հրաժեշտ են տալիս իրար։ Շրջանակը անկատար է ու շարունակում է պտտվել, պտտվել և այդ ընթացքում տեսնել աստղերը, թռչունների թռիչքը ու… փնտրել… Իմ ֆիլմերը այս մասին է։ Աշխատում եմ իրական մարդկանց հետ, որոնք պատմում են իրենց մասին և ուրիշների դեր չեն տանում։ Փորձում եմ պատմել իրական կյանքի մասին, որտեղ կա պատրանք, հնարանք, հիացմունք, գաղտնիք։

Ն. Դ. Մեզ տրված է ամենամեծ արտոնությունը, ապրել կյանքը։ Գիտես, ես սիրահար եմ դռների։ Նրանք առեղծված են։ Մուտքը երևում է, բայց դեպի ուր է տանում հակառակ կողմը ՝ չգիտենք։ Քո ֆիլմերը ճիշտ այդպես են։ Կարծում եմ, երբ սկսում ես նոր ֆիլմդ, Դու էլ չգիտես, թե որտե՞ղ է այն ավարտվելու։

Կ. Վ. Երբեք չգիտեմ։ Երբ աշխատում եմ իրական մարդկանց հետ, որոնց չեմ վճարում դեր կատարելու համար, ես կախված եմ այդ մարդկանց պատմությունից։ Թե իրենք ինչ են հրամցնելու ինձ, դեպի ո՞ւր է գնալու իրենց պատմությունը, անդադար անակնկալ է։

Ես ունեմ հիմնական միտքը, որի համար թողնում եմ անչափ մեծ տարածություն։ Հետո այն լցվում է ու լցվում։ Ես ընդամենը ուղղորդում եմ։

Ն.Դ. Բայց դա հրաշալի է, անկանխատեսելի։ Երբեմն, կյանքում չափազանց դերակատար ենք դառնում, որը ցավեցնող է, կեղծ է, անիմաստ…

Այնուամենայնիվ, փորձու՞մ ես արդյոք քո ընտրած կերպարների մեջ արթնացնել դերակատարին։

Կ.Վ. Ես փորձում եմ արժևորել այն հատկանիշը, որի շնորհիվ տեսել և ընտրել եմ իմ «դերասանին»։ Սովորաբար դա գեղեցկությունն է ամենալայն իմաստով, իր արած գործը, իր բնավորությունը։ Օրինակ վերջին ֆիլմը, ասեմ մեր ֆիլմը, որ կոչվում է Amor Fati, լատիներեն նշանակում է ՝ Սեր ճակատագրի հանդեպ, այն պատմություն է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեզ հետ։ Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք ֆիզիկապես նման են իրար, զույգեր, որոնք երկար տարիներ ապրելով իրար հետ, ֆիզիկապես նմանվում են, մարդ, ով ունի իր սիրելի կենդանին և արտաքնապես նույնպես նման են։ Մի ընտանիք, որոնք ունեն ֆիզիկական ու հոգևոր նմանություններ։ Ֆիլմի առանցքը էսթետիկ է, բայց քանի որ կինեմատոգրաֆիան լուսանկար չէ, այն շատ ավելիի մասին է։ Ֆիլմում ընտրված ամենատարբեր կերպարների մեջ ես տեսա ներքին կապվածությունը, մարդիկ միասին են ամբողջ կյանքի ընթացքում, առանց մտածելու անգամ այդ կապվածության մասին։Գուցե ես փորձում եմ այս մարդկանց մեջ արթնացնել այն զգացումը, թե ի՞նչ եմ ես տեսնում իրենց մեջ։ Դժվար է։ Դա կարող եք դուք ասել, ովքեր պատմում են իրենց մասին։ Ինչո՞ւ են մարդիկ, որոնք դերասան չեն՝ թույլ տալիս, որ նկարեմ իրենց։ Մենք պայմանագիր չունենք, ես չեմ վճարում իրենց, բայց կա ներքին վստահություն միմյանց նկատմամբ, թույլ տալ, որ ներկայացնեմ իմ աչքերով տեսածը իրենց մասին։ Գուցե հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս են մեզ տեսնում կողքից։ Այս իմաստով վավերագրական ֆիլմը ի տարբերություն հնարովի ֆիլմից՝ անչափ հարուստ է։

Ն.Դ. Մի հարցազրույցի ժամանակ մեծագույն ռեժիսոր Մանուել Օլիվեիրան ասում է. «Ես շատ ավելի հիանում եմ հրեշտակներով, քան հեղափոխականներով, որովհետև նրանք խաղում են ազատության մեջ»։

Գուցե Դու փնտրում ես մարդու դերասանական կրթություն չստացած տեսակը, որը այդ իմաստով անմշակ է, «մաքուր» է։

Կ.Վ. Եթե հաշվի չառնենք, որ այս աշխարհում «մաքուր» բան համարյա չկա, գուցե և այդպես է։ Այո, դերասանները մշակված են, կրթված են և դա լավ է, բայց այն ֆիլմերը, որ ես նկարում եմ փորձում եմ պատասխաններ գտնել, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե մեր սովորածի պես չլիներ։ Ճիշտ բերածդ դռների օրինակի պես, բացում ենք դուռը և չգիտենք, ի՞նչ կա նրա հետևում։ Կամ առաջին անգամ սլանում ենք անծանոթ ճանապարհով, առանց իմանալու, թե ինչ կա առջևում։

Ն.Դ. Քո ֆիլմերում երաժշտությունը, պատկերը, շարժումները որքանո՞վ են կարևոր Քեզ համար։ Օրինակ ինչպե՞ս ես ընտրում երաժշտությունը։ Դու գիտե՞ս, որ այդ պահին այդ հնչյուններն ես ուզում, թե պահն է թելադրում։

Կ.Վ. Սովորաբար ես շատ չեմ նկարում, բայց ժամանակային իմաստով երկար եմ նկարում։ Վերջում շատ նյութ է հավաքվում և հետո, երբ սկսում եմ ընտրել և մոնտաժել, այդ ամենը դուրս են թռնում և գտնում իրենց ճիշտ տեղերը։ Զգում եմ, և այդ ընթացքը ինձանից վեր է, հոգևոր է և դուրս է իմ հսկողության սահմաններից։ Ես եմ, կամերան է, պատկերը և հանկարծ այդ ամենը ներդաշնակության մեջ են հայտնվում։ Ուրեմն ՝ դա է։ Ձկնորսի նման, որ սպասում է իր որսին ու ձուկն է բռնում կարթը, բայց ոչ ձկնորսը։

Ն. Դ. Կլաուդիա, երբ մտանք այստեղ, ուշադրությունս գրավեցին պատմական, ժամանակին կինո ստեղծած մեքենաները։ Ժամանակները փոխվում են, մտածողությունն է փոխվում, տեխնոլոգիան է աներևակայելի արագությամբ զարգանում։ Իսկ անելիքները, փնտրտուքը մնում են նույնը։ Մեր սխալներն էլ են մնում նույնը։ Ի՞նչ է նկարում կինոխցիկը։

Կ.Վ. Կարծում եմ կինոխցիկը փորձում է հասկանալ մարդու վիճակը։ Հասկանալ ինչ է այս ամենը, մարդկային հարաբերությունները, գոյության իմաստը։ Սա հավերժական է։ Կարող ենք մինչև օվկիանոսի հատակը իջնել, կարող ենք մինչև Լուսին հասնել բայց հարցադրումը, ի՞նչ է լինել մարդ, միշտ կմնա նույնը։ Չկա պատասխան։ Մի օր իմ ճապոնացի գործընկերոջ ՝ Տակաշիի հետ ավտոմեքենայով ճանապարհ էինք անցնում ։ Ես անդադար մի հարցի պատասխան էի փնտրում և ոչ մի կերպ չէի գտնում։ Տակաշին, ով իր մեջ կրում է ճապոնական իմաստությունը ՝ կանգնեցրեց ինձ.

— Այս հարցը լավ հարց չէ։

—Բայց ինչո՞ւ, ես ուզում եմ գտնել պատասխանը։

—Այն լավ հարց չէ, որովհետև չունի պատասխան և երբեք չի ունենա։

— Այո, բայց այն դրդում է ինձ մտածել։

—Ոչ, այն հոգնեցնում է քեզ, այն անօգտակար է…

Ն. Դ. Այո, բայց մենք ՝ արտիստներս, սիրում ենք չարչարվել, մենք անհանգիստ էություն ունենք։

Կ. Վ. Կարծում եմ մենք և գիտնականները։ Փնտրում ենք, փնտրում ենք… Գիտությունը տալիս է փոքրիկ պատասխաններ և կրկին վերադառնում դեպի սկիզբը։

Ն.Դ. Կինոն շարժո՞ւմ է, թե տարածության մեջ շարժվող առարկաներ։

Կ.Վ. Հրաշալի հարց է։ Կինոն մշտական շարժում է։ Կինոն անում է մի բան, որ մենք չենք կարող անել, հսկել, և քանի որ չենք կարող հսկել՝ ամեն բան փախնում է, փոխվում է։ Ոչինչ մշտական չէ, մարդը, միտքը, լույսը։ Կինոն գնում է այդ փախուստի հետևից։ Օրինակ` ռեժիսորը ֆիլմի սկզբում ունի մի միտք, որը ֆիլմի վերջում այլևս նույնը չէ։ Ֆիլմերիցս մեկը բալետային խմբի մասին է։Երբ մենք նկարում էինք, պարողները փորձում էին իրենց լավագույնը, գերազանցել իրենց մարմինը, որը սահմանափակումներ ունի։ Եվ որքան էլ ձգտենք կատարելության, չենք կարող լինել Աստվածներ, բայց փորձում են, ամեն օրվա քրտնաջան աշխատանքով։ Ռեժիսորները նույնպես, փորձում են մի քիչ Աստված լինել, նկարել աշխարհը իրենց չափանիշներով։ Դրա համար էլ շատերը ավարտից հետո չեն կարողանում դիտել իրենց ֆիլմերը։ Նկարիչը, կոմպոզիտորը, չեն կարողանում նայել կամ լսել իրենց ստեղծագործությունները, որովհետև այնտեղ միշտ տեսնում են իրենց անկատարությունը։

Ն.Դ. Իսկ որքանո՞վ է Քեզ հետաքրքրում հանդիսատեսի կարծիքը։ Արդյո՞ք փորձում ես հսկել ինքդ քեզ և որոշ զիջումների գնալ հանուն հանդիսատեսի։ Կամ գուցե մինչև վերջ մնում ես անկեղծ և հանդիսատեսը, որը իր մեջ ամենատարբեր շերտերը ունի, քեզ համար ամենակարևորը չէ։

Կ. Վ. Բոլորին դուր է գալիս հասկացված լինել։ Բայց դա չէ իմ գլխավոր նպատակը։ Երբեք չեմ մտածել հանել ինչ-որ մաս ֆիլմից, որը հնարավոր է չհասկանան։ Այո, հանդիսատեսը բազմաշերտ է և ես երբեք չեմ կարող իմանալ ի՞նչը կհավանեն և ինչը՝ ոչ։ Գոհ եմ մնում, երբ ինչ-որ մեկը ասում է, որ ֆիլմը իրեն ինչ-որ պահի օգնել է, երբ իր կյանքը քաոտիկ վիճակում էր և ֆիլմի ինչ որ կերպար իրեն ուժ է տվել։ Գոհ եմ մնում, բայց չեմ կարող զիջումների գնալ, որովհետև ամեն ֆիլմ ունի իր ներքին բնավորությունը։

Ի վերջո կան ֆիլմեր, որոնք հաջողվում են և կան, որ անհաջող է լինում։ Օրինակ իմ երրորդ ֆիլմը ՝ «Լուսաբացի լույսը», ամեն բան անհաջող ընթացավ, և՜ընթացքը, և՜ավարտելը, և՜ցուցադրությունը։ Դժվար ընթացավ, որովհետև ես շատ հավակնոտ էի, որը չէր համապատասխանում իմ ինտելեկուալ և տեխնիկական պատրաստվածությանը։ Բայց այդ ֆիլմով ես շատ բան սովորեցի։ Մեկ այլ ֆիլմ, որ կոչվում է «Ամա Սան» մեծ հաջողություն ունեցավ, կարծում եմ թեմային ճիշտ ժամանակին անդրադառնալու շնորհիվ։ Այդ ֆիլմը ճապոնացի կանանց մասին է, որոնք իրենց ապրուստը հայթայթում են սուզվելով ծովի ընդերքը, մարգարիտ են հավաքում։ Այսօր, երբ կնոջ դերի, նրա կամքի շուրջ շատ կենտրոնացում և ուշադրություն կա, պահը այդ ֆիլմի համար ճիշտ ժամանակին եղավ։ Եթե այն հայտնվեր երեսուն տարի առաջ կամ հետո, չէր ունենա այն կարևորությունը, որը ապահովեց այսօրվա ժամանակը։

Ն.Դ. Եվ իհարկե այդ պահերին հայտնվում է քննադատությունը, որը գոնե իմ բնագավառում լրագրողական մակարդակի վրա է։

Կ.Վ. Հրաշալի հասկանում եմ։ Կինոարվեստում գոյություն ունի սինեֆիլ հասկացողությունը, այն մարդը, ով սիրահարված է կինոարվեստին։ Անցյալներում նրանք ավելի շատ էին երևում քան ՝ այսօր։ Այսօրվա քննադատությունը կարող է որակավորել «հինգ աստղանի, երկու աստղանի ֆիլմ» հասկացողություններով։

Ն.Դ. Կիրթ մարդու համար նման որակումները չափանիշ չեն կարող լինել։

Կուզեի իմանալ և վստահ եմ, շատերին կհետաքրքրի հետևյալ հարցը։ Ինչպե՞ս է գործում կինոարտադրությունը Պորտուգալիայում։ Դու աշխատում ես պրոդյուսերի հետ։

Կ.Վ. Այն ինչ ես նկարում եմ կոչվում է Անկախ Ֆիլմ, որի նպատակը դրամարկղային շահույթը չէ։ Մեծ իմաստով Պորտուգալիան չունի կինոինդուստրիա։ Անկախ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորումը գալիս է պետական աջակցությունից, որի գումարը կուտակվում է մեր բոլորի կողմից վճարվող պետական տարբեր հարկերից, լինի դա հեռախոսի կամ այլ կոմունալ վճարումներից գանձվող փոքրիկ տոկոս, որը հետո հետադարձվում է նաև կինոարտադրության մեջ։ Հանձնաժողովի կողմից ընտրված սցենարը շահում է մրցույթը։ Հանձնաժողովը բաղկացած է արվեստի բնագավառի մասնագետներից, որը փոխվում է ամեն տարի։ Մշակույթի նախարարությունը իր մեջ ունի մի կառույց, որը հանձնաժողովի համար տարբեր մասնագետների անուններով առաջարկներ է անում։ Այնուհետև Կինոյի ինստիտուտը հավաքելով առաջարկները ձևավորում է տարվա հանձնաժողովը։ Ըստ իս սա բավականին անհաջող ձևաչափ է, քանի որ առաջարկների մեջ կարող է լինել օրինակ մի հեռախոսային օպերատորի մարկետինգի դիրեկտորը, որը պետք է գնահատական տա մրցույթին մասնակցող այս կամ այն ծրագրին։

Ն.Դ. Ըստ Քեզ ո՞ր մոդելն է լավագույնը։

Կ.Վ. Պետական մտածողության առանցքը պետք է լինի հավատքը դեպի մշակույթը, այն, որ ամենակարևոր ներդրումը հենց մշակույթն է։ Ինձ վերջերս հիշեցրեցին, որ ես գյուլբենկյանական եմ, կրթաթոշակ եմ ստացել։ Շատ ստեղծագործ մարդիկ չէին կարողանա սկսել իրենց կրթությունը, եթե չլիներ Գյուլբենկյանը։ Նա այդչափ կարևորել ու իմացել է մշակույթի արժեքը։ Կարծում եմ, որ սա կապ ունի հայկական ոգու հետ։ Ես զգում եմ, որ հայերը գիտեն սերտ կապը ստեղծագործության հետ: Երբ ազգին կտրում ես իր հողից, իր արմատներից և նա պետք է ապրի աշխարհում, ի՞նչ է մնում իրեն, եթե ոչ մշակութային արժեքները, որը իր հետ ու իր մեջ կրում է նա։ Ստեղծագործությունն էլ կարող ես կրել քո մեջ և տանել ամենուր։ Կարծում եմ քանի որ ինչպես հայ ժողովուրդը, Պորտուգալիան իր պատմության մեջ չի ունեցել մեծ չափերի ցավոտ էջեր, կորուստներ, մահեր, սփյուռք, ինչպես դուք եք ունեցել, այդ իմաստով մշակույթը չի ընկալվում որպես կենսական, ապրելու ամենակարևոր երևույթ։ Այն պետք է լինի որպես ամենաէական, ինչպես բժշկությունը և պետք է ֆինանսապես արժևորվի համապատասխանորեն։

Ն. Դ. Դու ազա՞տ մարդ ես։

Կ.Վ. Կուզենայի լինել։ Չգիտեմ եթե ազատ եմ…

Ն.Դ Ի՞նչ է ազատությունը։

Կ. Վ. Ազատությունը ինքնաբխությունն է ամեն պահի։ Մեզանից յուրաքանչյուրը ունի իր ներաշխարհը, որի կրկնօրինակը չկա որևէ տեղ։ Ազատությունը ներաշխարհի կապն է աշխարհի հետ, առանց մտահոգության, որ այլ մեկը կդատապարտի մեզ։ Ոչ, միշտ չէ, որ իմ ներքին աշխարհը համաձայնության մեջ է արտաքին աշխարհի հետ, որովհետև շատ արտաքին ուժեր ստիպում են, որ ես մոռանամ իմ ներքին աշխարհը։ Կաշկանդվածությունը, ֆինանսական կախվածությունը… կյանքը մշտապես գործարք է ստիպում։ Իսկ իմաստությունը ստիպում է խաղալ խաղը, բայց խաղը թողնել մեզանից որոշ տարածության վրա, ինչպես սուսերամարտում, միշտ որոշ տարածություն թողնելով հարձակման դեպքում պաշտպանվելու համար։

Ն. Դ. ֆադոյի թագուհուն ՝ աշխարհահռչակ Ամալիա Ռոդրիգեսին, ով ի դեպ, շատ մտերիմ էր Ազնավուրի հետ, հարցին, թե Ֆադո երգելով վստա՞հ է, որ ժողովրդի հոգին է ներկայացնում։ Նա պատասխանեց. «Ոչ, ի՞նչ եք ասում, դա անչափ մեծ ծանրություն է։ Ես իմ հոգին եմ բացում լսարանի առջև»։ Ինձ անչափ դուր է գալիս այս անկեղծությունը։

Երբ Քո ֆիլմերն ես ներկայացնում միջազգային բեմերում, Քեզ անհանգստացնո՞ւմ է միտքը, որ անունդ կապված է Պորտուգալիայի և նրա կինեմատոգրաֆիայի հետ։

Կ.Վ. Ես նացիոնալիստ չեմ, ամենևին։ Ես ինձ շատ պորտուգալացի եմ զգում, սիրում եմ իմ երկիրը և ոչնչով այն չէի փոխի մեկ այլ երկրի հետ։ Գուցե իմ ֆիլմերը իրենց մեջ կրում են պորտուգալական մշակույթը, բայց նրանք ունիվերսալ են։ Սակայն եթե ինչ որ մեկը այնտեղ նկատի ընդհանուր գծեր պորտուգալական կինեմատոգրաֆիայի հետ ՝ ես ինձ հպարտ կզգամ, որովհետև շատ եմ սովորել որոշ պորտուգալական վարպետներից և շարունակում եմ սովորել։ Օրինակ հիշում եմ, երբ առաջին անգամ դիտեցի Մանուել Օլիվեիրայի ֆիլմերից մեկը, հասկացա, որ այդ ֆիլմը ուրիշ էր և այդ ուրիշը, որ չգիտեմ ինչպես բնութագրել ՝ կապված էր պատկերների յուրահատուկ պլանավորմամբ, տևողությամբ, ժեստերին անցման տևողությունը, դանդաղորեն, առանց շտապելու… ընդհանուր գծեր, որոնք հատուկ են պորտուգալական ֆիլմերին։ Դանդաղ, մի քիչ կանգ առած ընթացք։ Սա ընդհանուր մի բնորոշ գիծ է, որը ես ընկալեցի ոչ որպես վատ հատկանիշ, այլ պարզապես մեր ֆիլմերին յուրահատուկ գիծ։ Մեր կյանքն էլ, որքան էլ այն դանդաղության մեջ ընթանա, այն շարունակական է։ Չգիտեմ, ժամանակը աբստրակտ հասկացողություն է։

Ն.Դ. Հայկական կինեմատոգրաֆիայից ի՞նչ է Քեզ հայտնի։

Կ. Վ. Քիչ բան գիտեմ հայկական մշակույթից ընդհանրապես։ Հայկական կինեմատոգրաֆիան ճանաչել եմ հատկապես Փելեշյանի ֆիլմերի շնորհիվ, որոնցով շատ տպավորված եմ։ Այն պատկերների սիմֆոնիա է, որտեղ չկա խոսք, բայց որտեղ կյանքի զգացողությունը և ժեստը ավելի խոսուն են։ Հետո, երբ ձեր միջոցով ավելի ճանաչեցի Հայաստանը, ձեր դեպքում երաժշտական մի ընտանիք, հասկացա, որ ճիշտ այդ ֆիլմերին բնորոշ հատկանիշով ձեր արվեստում խոսքը կարևոր է, բայց ՝ ոչ այնքան։Այն ինքնին խոսուն է։

Ն. Դ. Կլաուդիա, Դու բացառիկ հատկությունով ես օժտված։ Ոչ մի մանրուք քո աչքից չի վրիպում և հենց այդ դետալների վրա են կառուցվում ֆիլմերդ։ Կարծում եմ սա անչափ կարևոր հատկանիշ է ռեժիսորի համար։ Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի Նա։

Կ.Վ  Կարծում եմ այստեղ օրենքներ չկան։ Մեկը օժտված է լինում մեկ հարվածով ամեն բան տեղը դնելու ունակությամբ, մյուսը, ինչպես ես ՝ ճապոնական սուշիի պես դետալներով եմ կառուցում։ Բայց մի հատկություն պարտադիր է ունենալ։ Ռեժիսորը պետք է գիշերները չքնի, պետք է հանգիստ չունենա ու հանգիստ չտա, մինչև չհասնի իր ուզածին։

Ն.Դ. Դու այդպիսի՞ն ես։

Կ. Վ. Ես անտանելի եմ։ Իմ պրոդյուսերները գիտեն, որ մինչև չհասնեմ իմ ուզածին ՝ բաց չեմ թողնի։ Ինչ որ մեկը կարող է հրաժարվել ինձ հետ աշխատելուց, բայց ես լաց չեմ լինի այդ պատճառով, որ նա ինձ չի սիրում։ Ոչ մի զիջում, եթե իմ ուզածը չէ։

Ն. Դ. Ըստ Քեզ ինչպիսին է այսօրվա համաշխարհային կինեմատոգրաֆիան։ Ինձ անչափ դուր է գալիս այն փաստը, որ հանկարծ մի երկիր, որը հայտնի կինոարտադրություն չունի, հանկարծ հայտնվում է մի փառահեղ ֆիլմով։ Պարսկաստանը, Կորեան, Հնդկաստանը, բացառիկ ֆիլմեր են նկարում։

Կ.Վ. Այո, անչափ հարուստ է այսօրվա կինոարտադրությունը, ցնցող։ Իրանական ֆիլմերը այսօր առաջնակարգ են։ Այս ֆիլմերն էլ կառուցում են փոքր ժեստերի վրա, և ունենալով քաղաքական բարդ իրավիճակ, բարդ պայմաններում հաջողում են փոքր ձեռքբերումներով մեծ ֆիլմեր նկարել։ Շատ եմ ափսոսել Աբբաս Կիարոստամիի կորուստը։ Բացառիկ ռեժիսոր էր։ Հարավային Ամերիկան նույնպես առաջնային է։

Ն.Դ. Կուզեի՞ր ինչ որ բան ավելացնել։

Կ.Վ. Կուզեի ասել, որ Քեզ շատ եմ սիրում և այնքան երախտապարտ եմ, որ ֆիլմի շնորհիվ ճանաչեցի Քեզ, ընտանիքդ։ Սրա համար եմ անչափ սիրում վավերագրական ֆիլմեր անել, որովհետև այդ ճանապարհին հանդիպում եմ մարդկանց, որոնց երբեք, երբեք չէի հանդիպի, եթե այլ մասնագիտություն ունենայի։ Ես սովորում եմ այդ մարդկանցից, անչափ շատ բան սովորեցի ձեզնից և եթե այդ ճանապարհին նաև ընկերներ ենք դառնում, դա պարզապես անգնահատելի է։ Երբեմն կարծում ենք, որ ընտանիքն է միակ տեղը, որտեղ ազատորեն կարող ենք խոսել, բացվել, բայց կյանքի ճանապարհին հանկարծ հանդիպում ենք մարդկանց, ում հետ մտերմությունը ինտելեկտուալ նույն հարթակում գտնվելու շնորհիվ այնքան հեշտ ու բնականորեն է ստացվում։

Ն. Դ. Սիրելի Կլաուդիա, Արվեստը միմյանց հետ կապվելու ամենագեղեցիկ միջոցն է, անկախ այն փաստից, թե մեզանից ով որտեղ է ծնվել։ Վստահ եմ շուտով Քո ֆիլմերին կծանոթանա նաև հայ ունկնդիրը։ Արդյո՞ք մենք ենք մեր կյանքի տերերը։

Կ. Վ. Այո։ Ընտրությունը միշտ մերն է, թեպետ մենք չենք ղեկավարում տիեզերական անսահմանությունը։ Մեծագույն պարգև է կյանքը, իր անկանխատեսելիությամբ, բայց հետ գնալ թե ՝առաջ, աջ կամ ձախ՝ դա բացառապես մեր որոշումն է։

Զրույցը վարեց եւ պորտուգալերենից թարգմանեց ջութակահար Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829