Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
Հիշյալ քրեական գործով նշված հոդվածով Վ. Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Լ. Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017թ. նոյեմբերին զանգահարել է վերջինիս և երեխաների տեսակցության հետ կապված անհամաձայնությունների առթիվ սպառնացել սպանել ինչպես նրան, այնպես էլ վերջինիս մորը: Իսկ հաջորդ օրը եկել է Լ. Վիրաբյանի բնակության վայր, սկսել թակել դուռն ու սպառնալիքներ տեղալով պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ: Եվ միայն Լ. Վիրաբյանի կողմից երկրորդ անգամ ոստիկանություն ահազանգելուց հետո նա դադարեցրել է իր գործողությունները:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 21-ի դատավճռով Վ.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել իրենց մեղասագրված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Որոշման հիմքում որպես ապացույց դրվել են տուժողի, վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Լ. Վիրաբյանի և Վ.Մխիթարյանի առերես հարցաքննության արձանագրությունը և այլ փաստաթուղթ ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը, որը վերաբերել է Լ.Վիրաբյանի կողմից հեռախոսի միջոցով արված իր և նախկին ամուսնու միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրառմանը:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Վ.Մխիթարյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործում առկա՝ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ Վ. Մխիթարյանի հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, այսինքն՝ խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Ելնելով դրանից՝ դատարանը փաստել է, որ առանց այդ ապացույցի միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի և նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու հետևության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողը բերել են վճռաբեկ բողոքներ՝ բեկանելու ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքները՝ բեկանելով Վ. Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերանայելով և զարգացնելով ավելի վաղ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց, ենթարկվել իրավական գնահատման, հիմք հանդիսանալ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար:
Միաժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանել է հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրավակիրառողների կողմից հաշվի առնվեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս: Մասնավորապես՝ այդ հարցը գնահատելիս պետք է հաշվի առնվեն, թե արդյոք ձայնագրառման կատարումը հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ, արդյոք բացակայե՞լ է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային հնարավորություն, անձը գործե՞լ է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի՞, թե՞ երրորդ անձի կողմից, ձայնագրառումը կատարվել է մինչև քրեական վարույթ սկսե՞լը, թե՞ դրանից հետո և այլն: Իսկ քրեական դատավարության արդարացիության տեսանկյունից, ըստ Վճռաբեկ դատարանի, պետք է հաշվի առնել նաև, թե որքանո՞վ է անձը հնարավորություն ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկել ձայնագրառողին, ինչպես նաև՝ որքանո՞վ է ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցը:
ՀՀ գլխավոր դատախազություն