«Միակ օրինական որոշումը, որ կարող է լինել այս գործով, դա արդարացումն է»,-այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու`Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Արդարացման հնարավորություններ տեսնո՞ւմ է, թե՞`ոչ, պաշտպանն ասաց`դա այլ հարց է` գործի բնույթով պայմանավորված: Ամեն դեպքում, Երեմ Սարգսյանը հույս ունի, որ դատարանը փաստերը հաշվի կառնի: Նա հիշեցնում է, որ քրեական գործում չկան փաստաթղթերը, որ 2008 թվականին այս գործով դատարանը հաստատել է Հայկ Սարգսյանի անմեղությունը եւ կարճել գործը:
Հարցին`բացառո՞ւմ է, որ գործն այն ժամանակ կարճվել էր, քանի որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր, պաշտպանը հակադարձեց`քրեական գործով վարույթը կարճվել էր`բողոքի բացակայությամբ եւ օրենքի սահմաններում: Նա չցանկացավ պատասխանել հարցին`գործի վերաբացման համար այժմ միտում տեսնո՞ւմ է. «Ես մեկ բան կարող եմ ասել, այս գործն անօրինական է, հետեւությունները թողնում եմ ձեզ»:
Պաշտպանը նկատում է, որ տարբեր վկաների ցուցմունքներով`պատահական կրակոց է եղել: Նա տարակուսած է`ինչո՞ւ մեղադրանքը չորակեցին`անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել, այլ որակեցին սպանության փորձ: Իր մեկնաբանությամբ, դա արվել է նրա համար, որ վաղեմության ժամկետները չկիրառեն եւ գործը դատարան ուղարկեն, Հայկ Սարգսյանին կալանավորեն:
Հիշեցնենք, որ այս գործով Հայկ Սարգսյանը մի քանի ամիս կալանավորված մնաց, ապա 50 միլիոն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվեց:
Կարդացեք նաև
Պաշտպան Երեմ Սարգսյանն, ամփոփելով դատավարությունն, ասաց նաեւ. «Կարծում եմ, բոլորդ էիք տեսնում, թե պետական մարմիններն ինչ շահագրգռությամբ էին վկաների համար տոմսեր գնում, որպեսզի արտասահմանից գային հասնեին դատին, նույնիսկ չէին ափսոսում մի քանի հատ էին գնում`տարբեր ժամկետներում, տարբեր դատերի, միայն թե այդ վկային ապահովեին: Ո՞ր պաշտոնատար անձն է իր գրպանից այդ գումարը տվել եւ ինչո՞ւ: Դա ի՞նչ կարեւորություն ուներ այդ պաշտոնատար անձի համար»:
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ 70 էջ քրեական գործից 34-ն առկա, քրեական գործից որեւէ նյութ բնօրինակի տեսքով չկա, կարեւոր ապացույցներ`տուժողի հագուստների մասով խնդրել էր ձեռք բերել ու կցել գործին, չկան: Զենքի մասով ապացույցներն էլ, ըստ պաշտպանի, չեն կարողանում բերել: «Մեկ էլ ունենք փորձաքննություններ. մեկը, որ հստակ նշվում է, որ կրակոցը եղել է 15-20 սանտիմետրից: Ինչպե՞ս են հիմնավորում փորձագետները: Հիմնավորում են, որ հագուստի վրա առկան են կրակոցի արգասիքներ եւ դրանով հեռավորություն են կարողացել որոշել»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Փորձաքննության արդյունքներով նաեւ կրակոցը հետեւի կողմից է եղել, դա էլ հիմնավորում են, որ հետեւի կողմից մուտքի պարագայում հագուստի թելերը դեպի ներս են թեքվում եւ վառոդի հետքեր կան մուտքի ժամանակ, ելքի ժամանակ`չեն լինում: Երեմ Սարգսյանն էլ հավելում է. «Բայց տուժողն էլ ասում է`1,5 մետր հեռավորությունից, ինձ առջեւից որովայնիս է կրակել: Վարույթ իրականացնող մարմինը ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չասաց`որովայնը որն է: Մենք էստեղ խնդիր ենք տեսնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ