«Մենք չենք մտնում քննարկումների մեջ՝ ԼՂ հարցով նախկինում առաջարկված փաթեթների հետ կապված, քանի որ դրանք արդեն չեն աշխատել: Մենք ասում ենք, որ լուծումը պիտի ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Այս պահի դրությամբ ինչ էլ քննարկվի՝ բերելու է էսկալացիայի: Մենք ասում ենք՝ եթե ուզում ենք բացառել տարածաշրջանային պատերազմը 50, 100 տարի հետո, ուրեմն եկեք փնտրենք այդ լուծումը: Օրինակ՝ Ալիև, դու, որ տարիներ շարունակ ատելություն ես քարոզել, փորձիր հետքայլ անել: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, թող ջանքեր գործադրի, մտածի, թե ինչ ունի մեզ առաջարկելու»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» խոսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Ամենամեծ խնդիրը Ալիևը ունենալու է հենց իր իշխանության ներսում, այն մարդկանցից, ում նա փորձում է հիմա ռեսուրսներից զրկել»:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ հնարավոր է էսկալացիա Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում, դա հաշվի առնելով՝ մենք հզորացնում ենք մեր բանակը, բայց նաև ամրապնդում ենք մեր դիրքերը բանակցություններում, թող որևէ մեկին չթվա, թե Հայաստանը մուրում է խաղաղություն, Հայաստանը արժանապատիվ խաղաղություն է ցանկանում»,-նշեց նա:
«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Մյունխենյան սկզբունքները»։
- Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
- Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
- Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
- Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
- Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
- ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ