Փետրվարի 20-ին «Պոստ Սկիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանի մասնակցությամբ։
Ժիրայր Բաբազյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում սկսել է աշխատել 2016 թվականից՝ Համազգային թատրոնում, այնուհետև Նարինե Մալյանի կողմից հրավեր ստանալուց հետո աշխատել է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ Վերջերս էլ Պետական Կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է ներկայացում, իսկ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել է «Կարինե» օպերետը։
Խոսելով ծրագրերից, որոնք ընթացքի մեջ են և պետք է կատարվեն Ժիրայր Բաբազյանն ասաց. «Ներկայացումներ բեմադրելու առաջարկներ եմ ստացել Պատանի հանդիսատեսի թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչանի կողմից: Ի դեպ նա առաջինն էր, որը ինձ Հայաստան հրավիրեց, և իր աշխատաձևի շնորհիվ էլ հենց՝ ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան, համոզվեցի, որ այստեղ կարող եմ աշխատել։ Ինչպես նաև Հենրիկ Մալյանի թատրոնում կատարվում են աշխատանքներ մի նոր ծրագրի՝ պիեսի շուրջ։ Դեռ կատարվելիք ծրագրերի մասին առայժմ միայն այսքանը կարող եմ ասել։ Կոնկրետ նորություններից գլխավորը այն է, որ արդեն երկու օր է, ինչ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացնում եմ արևմտահայերեն լեզվի դասախոսություններ»:
Ժիրայր Բաբազյանը նաև խոսեց վերջին երկու տարիներին Հայաստանում ունեցած փորձառության մասին. «Ես կարծում էի, թե գիտեմ Հայաստանի աշխատելաոճը ինչպիսին է, սակայն սխալաբար ենթադրում էի, որ մեր օպերայի աշխատաձևը լինելու է այնպիսին ինչպիսին ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մեկ այլ երկրի օպերայինն է։ Շատ տարբեր երկրներում եմ աշխատել՝ Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, և կարծում էի, որ նույնն էլ Հայաստանի դեպքում պետք է լինի, որն էլ իմ մեծագույն սխալն էր։ Աշխատաձևի մեջ այնպիսի վիթխարի տարբերություններ կան, որ մինչև հասկացա թե ուր ենք գնում, արդեն ուշ էր, որոշ խառնաշփոթներ էին սկսվել, և ես կանգնել էի անակնկալների առջև։ Օրինակ, երբ մենակատարների հետ աշխատանքը վերջացավ, և ժամանակն էր, որ երգչախումբն էլ միանա, այդքան մեծ բազմության համար արդեն փորձասենյակ էր հարկավոր, որը, ի զարմանս ինձ, չկար։ Փորձերը կատարվում էին զուգահեռ նվագախմբի հետ միասին, բեմի վրա, որն էլ մեծ իրարանցում էր ստեղծում։ Առհասարակ օպերան շատ նեղ վիճակում է գտնվում այսօր։ Մեկ այլ խնդիրն էլ կապված էր դերասանների, երգչախմբի, նվագախմբի հետ, որոնք չեն ուզում մի քանի փորձեր կատարել, նրանք ցանկանում են մեկ փորձով արդեն բարձրանալ բեմ, ինչն էլ շատ խնդիրների է հանգեցնում, կատարվում են շատ սխալներ, սխալ մուտքեր, լույսերի սխալներ։ Այդպիսի շատ և շատ խնդիրների և դժվարությունների եմ հանդիպել այս երկու տարիների ընթացքում, որոնք հուսով եմ՝ այս տարի կլուծվեն։
Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ