Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ՀՖԿՍՊԻ-ում բացվեց առայժմ միակ ներառական լսարանը

Փետրվար 20,2020 17:37

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում բացվեց իր տեսակի մեջ հայաստանյան բուհերում միակ ներառական լսարանը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար:

Լսարանն անվանակոչվել է Հայաստանում բազկամարտ մարզաձեւի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով:

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նոր էի ստանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը, երբ ՀԱՕԿ նախագահի օգնական Մանե Մուրադյանն այցելեց մեզ եւ ներկայացրեց ՀԱՕԿ-ի եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ ինստիտուտում ունենալ լսարան հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Արձագանքեցի մեծ սիրով եւ ահա ընդամենը երեք ամսում մենք այս անմխիթար տարածքից ստացանք հիասքանչ լսարան, հատուկ սանհանգույց, թեքահարթակներ՝ սկսված ինստիտուտի մուտքից, ինչի համար մեր պրոֆեսորադասախոսական ամբողջ կազմը շատ շնորհակալ է: Սա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ մեր բուհում սովորում են հատուկ կարիքավոր ուսանող-մարզիկներ»:

Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը հավելեց. «Բոլորին հայտնի են պարոն Գագիկ Ծառուկյանի մարդասիրական ու բարեգործական բազմաթիվ ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող անձանց ոլորտը: Այս նախաձեռնությամբ մենք ցանկացանք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձինք, տվյալ դեպքում ուսանող-մարզիկները, ավելի լիարժեք ներգրավվեն ակտիվ հասարակական կյանք, առանց ավելորդ բարդությունների ուսանեն, ընտրեն մասնագիտություն: Իսկ հատուկ լսարանը, միջազգային չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակները, սանհանգույցը, բոլոր պայմաններն առաջինը սպորտի մայր բուհում ստեղծեցինք, որովհետեւ վերջին շրջանում նաեւ մեր պարալիմպիկ մարզիկները բավականին լուրջ արդյունքներ են ցույց տալիս եւ օլիմպիական այս տարում դեռ բավականին անելիք ունեն»:

Հատուկ լսարանն անվանակոչվել է Հայաստանում բազկամարտ մարզաձեւի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով: Արարողությանը ներկա Աշոտ Սարգսյանի դուստրը՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Լուիզա Սարգսյանը առավել քան հուզված էր: «Ես վերջին պահին եմ անակնկալ տեղեկացել այս գեղեցիկ նախաձեռնության մասին եւ երիցս երախտապարտ եմ ու հպարտ: Սա կրթության ոլորտում անչափ կարեւոր նախաձեռնություն է: Ես սա ասում եմ նաեւ որպես դասախոս: 21-րդ դարում մենք անընդհատ խոսում ենք ներառական կրթության մասին, բայց դրա համար պետք է քայլ անել, պայմաններ ստեղծել: Ուրախ եմ, որ առաջամարտիկը ՀԱՕԿ-ն է, Գագիկ Ծառուկյանը: Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա մյուս բուհերում էլ:

Գագիկ Ծառուկյանը մարզվել է հայրիկիս մոտ: Լսարանի բացման ժամանակ ես մարզաշխարհի ներկայացուցիչներին մաղթեցի, որպեսզի նրանք էլ ունենան մի այնպիսի սան, որն Աստծո կամոք այս կյանքում հասնի հաջողությունների, չմոռանա իր մարզչին եւ գնահատի նրա իրական արժանիքները»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829