Լրահոս
Օրվա լրահոսը

3400 հա պետական գույքը «կորցրել են». Գեղարքունիքի մարզպետի բացահայտումները

Փետրվար 20,2020 17:29

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով մարզի խնդիրները, նշեց՝ դրանք հիմնականում կադրային եւ կրթական են:

«Երբեմն ոմանց բրդում ես, որ աշխատեն: Այն տեմպը, որ մենք ենք վերցնում ու ձգտում ենք՝ հաճախ համահունչ չեն մյուս պետական կառույցների հետ եւ դա բերում է նրան, որ չես կարողանում քո ցանկալի տեմպով առաջ գնաս»,-ասաց Սանոսյանը: Նա նկատի ունի մի շարք համայնքապետերին, պետական որոշ կառույցներին, մարզպետարանի աշխատակիցներին, բայց նաեւ նշեց, որ մարզպետարանում շատ են լավ աշխատակիցները:

«Ես ուրախ եմ, որ փոխվեցին քաղաքաշինության կոմիտեի եւ Կադաստրի ղեկավարները: Ուրախ եմ, որ  կադաստրի կոմիտեի ղեկավարը Սուրեն Թովմասյանն է հիմա, ուրախ կլինեմ, որ քաղաքաշինությունում էլ այնպիսի ղեկավար լինի, որ կարողանանք համատեղ աշխատել: Սրանք այն կառույցներն են, որոնց հետ մարզում գործարարները բախվում են՝ շինարարական աշխատանք, նոր բիզնես ծրագրեր, հողերի կատեգորիաներ փոխել եւ այլն: Եվ այս երկու կառույցների դժվարություններ ունեինք: Երբեմն անհարկի մերժումներ էին լինում հողի կատեգորիան փոխելու, լինում էին դեպքեր, որ առաջին անգամ մերժում էին, նույն թուղթը երկրորդ անգամ էինք ուղարկում՝ չէին մերժում: Հարց է առաջանում՝ առաջին անգամ ինչո՞ւ էին մերժել: Հիմա կադաստրի հետ նման խնդիր չունենք»,-ասաց մարզպետը:

Սանոսյանն ասաց, որ խնդիրներ ունեն դպրոցների, մանկապարտեզների եւ մշակութային կենտրոնների շենքերի հետ. «Նախորդ տարիներին հանվել են սեյսմիկ վիճակի հետ կապված թղթեր: Մենք որոշակի ինֆորմացիա ունենք, որ այդ թղթերի մի մասը կեղծ է, այսինքն` այդ շենքն իրականում սեյսմիկ խնդիր չունի, բայց ոմանք այդ շենքի վրա աչք ունենալով՝ շենքը ոմանց միջոցով դարձրել են սեյսմիկ առումով վտանգավոր, որպեսզի հետո օտարեն»:

Մարզպետը նաեւ հայտարարեց՝ մարզում հողատարածքների մասին տեղեկատվություններն էլ կեղծ են եղել. «Միայն Վարդենիսում եւ Գեղամասարում 1500 հա չգրանցված ու չփաստաթղթավորված հող ենք հայտնաբերել, բայց ոմանք դրանք օգտագործում են»:

Պետական շենք-շինությունների ապօրինի օտարումների մասին մարզպետը խոստացավ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ ներկայացնել. «Օրինակ, Սեւանում նոր հիվանդանոց է կառուցվել, 2015-ին կառավարությունը որոշում էր կայացրել՝ երբ նոր հիվանդանոցը 2018-ին կկառուցվի՝ հին շենքը հանձնել պետգույքին: Այնտեղ նշվել է, որ հին շենքը 3400 քմ է: Պարզվում է այդ շենքը 6800 քմ է եղել: Հիմա հարց՝ մի հարկը մոռացե՞լ են, թե՞ կառավարության որոշման մեջ դիտավորյալ գրել են 3400: Եվ այսպես բազմաթիվ դեպքեր»:

Մարզպետն ասաց՝ Գեղարքունիքի մարզում պետք է 5 նոր դպրոց կառուցեն, մինչեւ 100 աշակերտի համար դպրոցներ կկառուցվեն Ջիլ, Շատջրեք եւ Լեռնահովիտ բնակավայրերում: Ավելի մեծ դպրոցներ կկառուցվեն Գեղհովիտ եւ Ճամբարակ համայնքներում. «Դպրոցների հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Հանրապետության դպրոցների մեծ մասը 1960-80-ական թվականներին են կառուցվել, հիմնականում նախատեսված են 7 բալ հզորության երկրաշարժի համար: Հիմա սեյսմիկ առումով լուրջ խնդիրներ կան: Հաջորդ հարցն այն է, որ երկար տարիներ բազմաթիվ դպրոցներ չեն սպասարկվել, ընթացիկ վերանորոգում չեն անցել, եւ հիմա այնպիսի է իրավիճակ է, որ որոշ դեպքերում ավելի ձեռնտու է նոր դպրոցներ կառուցելը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829