Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյանը` Գափոյին սպասելու, «սաղին գրկել, պաչոտելու» ու Մաթեւոսյանի մասին

Փետրվար 20,2020 23:00

«Հաջողության պատմություն» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել ենք գրող Լեւոն Ջավախյանին: Նշյալ խորագրի ներքո հարցազրույցներն «առանց փողկապի» ձեւաչափով են, թեեւ մեր զրուցակիցը, այսպես թե այնպես, փողկապ չի կապում եւ հարցազրույցներում էլ միշտ անմիջական է: Արծաթավաճառ գրողի հետ հենց Վերնիսաժում կայացած այս զրույցն իր նման յուրօրինակ էր:

Մանկության մասին խոսելիս Ջավախյանն ասում է, որ սարերում է մեծացել: Հիշում է, թե ինչպես էր ամեն անգամ պապը էշին նստած գալիս գյուղ, ու ինքը փորձում էր, իր բառերով ասած` էշին «բդրմիշ անել» ու վայր գցել, եւ երբ Սոնա տատը ճիպոտը ձեռքին մոտենում էր իրեն, պապը բացականչում էր. «Երեխեն մեղք չունի, մեր ցեղն ուշահաս ա, մեր ցեղի տղամարդը մինչեւ 30 տարեկան չի դառնում, տղամարդ չի դառնում…»: Հավելում է. «Պատահական չի, որ առաջին պատմվածքս 30 տարեկանում եմ գրել»:

Գորովանքով է խոսում մոր մասին. «Ես ամեն օր նրան հիշում եմ, նա իմ հաջողության գրավականն ա, պատկերացնո՞ւմ ես…հողի տակ պառկած, ձեռքերը պարզած, էդտեղից էլ ինձ բարձրացնում ա…Իմ մերն ինձ համար աստված ա…Վերեւում մի աստված կա, բոլորինն ա, ներքեւում մի աստված կա, իմ մերն ա, միայն իմն ա»:

Լեւոն Ջավախյանը նշում է. «Ես իմ բոլոր պատմվածքները մեծ դժվարությամբ եմ գրում, երբեմն էլ լյառը երկնում ա ու մուկ ա ծնում, բայց վերջերս մի պատմվածք գրեցի, որ կոչվում է «Զավակի մահը»: Մի տարի էր, ուզում էի գրել, չէի կարողանում, որովհետեւ բանալին չէի գտնում, վերջը գտա ու հիմա «Հետքում» ա տպվում…Գողի մասին էր, որին անմարդկային մորթել էին, գլուխը կտրել …Բերել են գյուղ, որ թաղեն, էն էլ հնարավոր չէր եղել էդ ձեւով թաղելը, ու ոչ ոք հանձն չէր առել գլուխը կարել…Եվ ի՞նչ…մայրը գիշերը կանեփի թելով որդու գլուխը կարել էր մարմնին…Ամբողջ գիշեր կարել էր…Եվ գիտե՞ս բանալին որն էր… Մտածեցի, որ մերը պիտի երգի, ոնց որ ձեռագործ գործելիս են կանայք երգում, բայց սա իր տղայի գլուխն էր կարում` նորից վերածնելով իր որդուն…Սա մի պատմվածք ա, որ իմ համեստ բնորոշմամբ եւ մեծամտությամբ ոչ միայն հայ արձակի նվաճում ա, այլ միջազգային առումով էլ ա քայլում»:

Հարցրինք` կա՞ հեղինակ, որն իր համար բարձր դիրքում է գտնվում: «Համաշխարհային մակարդակով ինձ համար մեծ գրող է Տոլստոյը, սարսափելի մեծ, ինչպես Ռուսաստանն է, իսկ որպես հայ գրող` ինձ վրա մեզ ազդեցություն է թողել Հրանտ Մաթեւոսյանը, թեկուզ նա շատ-շատերին ձեռք մեկնեց, իմ դեպքում սերս անպատասխան մնաց…Ես, որ 30 տարեկանում կարդացի նրա «Ծառերը», ամենամեծ գնահատականն իմ համար նա էր, որ քնած մարդու մեջ գրող արթնացրեց, ոնց որ մի թեժ կրակ ես տեսնում, որ տաքացնում ա, էդպես Հրանտ Մաթեւոսյանն իմ սիրտը տաքացրեց…Իմ սիրտը վարդի պես բացվեց առ գրականություն»,-ասում է Ջավախյանը:

Իսկ ե՞րբ է հասցնում գիրք գրել, երբ ամեն Աստծո օր Վերնիսաժում արծաթ է վաճառում: «Էս գիրքը, որ նախագահի մրցանակ ստացավ, վերնագիրը ոչ այլ ինչ է, քան «Ծնկան ծերին»…Մուսաս որտեղ բռնացնում ա, էնտեղ չոքացնում ա…Էրեսից արծաթ եմ ծախել, տակից էլ իմ գրականությունը գրել եմ…Ես դասական գրող չեմ, կոմպյուտերն առաջը, լուսամփոփը կողքին, թղթերը սիրուն դասավորած, իմ մոտ ոտքի վրա, չոքած, նստած, քայլելիս, հենց ասելիքը գալիս ա, ես ասելիքի վրա եմ, որտեղ պատահի, ըտեղ էլ գրում եմ…Ես սարսափելի քիչ եմ գրում: Իմ յուրաքանչյուր գրվածքի մեջ պոեզիա կա…ես պոետիկ գրող եմ: Իմ պատմվածքները կարելի է նմանեցնել նաեւ արձակ պոեմների, իսկ դա հնարավոր չի շատ գրել…Եթե բանաստեղծական զգացում չեմ ունենում, չեմ գրում: Ու չգիտեմ, թե ես ինչ-որ տեղ նաեւ պոե՞տ եմ, թե՞ արձակագիր…Ավելի ճիշտ խառը` ես Լեւոն Ջավախյան եմ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Իսկ ո՞ւմ կուզենար երբեւէ հանդիպել: «Քո նման մարդու կամ տղամարդու, որ դրական էներգիա ա տալիս …Մարդիկ կան, որ գալիս են, բան էլ չեն խոսում հետդ, բայց ընենց բացասական էներգիայով են, որ գլուխդ ցավում ա, կամ մեկ գալիս եմ ուրախանում, մեկ էլ գնալիս, էդ ձեւի ա: Իսկ յուրաքանչյուր լավ մարդու գալուստն ինձ համար տոն ա, ինչպես Հեմինգուեյի համար Փարիզն էր տոն: Ինձ համար էլ մարդն ա տոն…Վանոն իրա գրվածքներում ասում էր՝ ես ո՞վ եղա, որ ինքս ինձ էդքան հերիք եղա, ես ընդհանրապես ինձ հերիք չեմ, պիտի կողքիս մարդ լինի, որ ես լինեմ»:

Լեւոն Ջավախյանն իրեն բացառիկ է համարում այն առումով, որ ճամփորդել չի սիրում. «Ես ստատիկ մարդ եմ, ճամփորդում են իմ պատմվածքները, իսկ ես ստեղ եմ…Լավ գրողը կարող ա ավելի լավ գրի, եթե աշխարհ տեսնի, իմ համար կամ գրողը պիտի պտտվի աշխարհը, կամ աշխարհը պտտվի իր շուրջը…Ես ինքս աշխարհի առանցքն եմ, յուրաքանչյուր մարդ տիեզերքի առանցք ա, իրա շուրջ ա աշխարհը պտտվում…Նամանավանդ, որ Վերնիսաժում, որտեղ օրական 1000 տեսակ մարդ ա լինում, հայ ա գալիս, ռուս ա գալիս, ֆրանսիացի ա գալիս, տո հենց չինացի ա գալիս` գրիպը գրկած»:

Կանանց էլ բնորոշում է որպես սիրո ծաղիկ. «Կինը տղամարդու մեջ շատ բաներ ա բացում…Պոեզիայի դուռ ա բացում…Առանց կնոջ տղամարդու համար կյանքը հերիք չի, կինը պիտի լինի, որ կյանքը լիարժեք լինի: Ես իմ գրվածքների մեջ ազատ եմ կնոջ առումով, եւ կարող ա նենց բաներ գրեմ, որ իմ սեփական կինը մի տարով հետս չխոսա»:

Լեւոն Ջավախյանն իրեն հաջողակ եւ ինքնաբավ մարդ է համարում: Արդեն 70-ամյա գրողը գոհ է կյանքից, ասում է՝ այն Աստծո պարգեւ է, որը պետք է վայելես:

Ինչ վերաբերում է ընկերությանը, այս մասին էլ ասում է. «Ընկերությունը առուտուրի նման բան ա, եւ պիտի տաս, եւ պիտի տրվես…Ժողովրդական խոսք կա` հարազատիդ ճակատագիրն ա տալիս, բայց ինչ լավ ա, որ ընկերոջը մենք ենք ընտրում…Շատ մեծ շրջապատ ունեմ, բայց քչերին եմ ընկեր համարում»: Այս պահին գրողն աշխատում է «Գափոյին սպասելիս» պատմվածքի վրա (Բեքեթի «Գոդոյին սպասելիս»-ի հետ չշփոթել), ասում է՝ «լռվել» է, չի կարողանում առաջ գնալ. «Բանալիով բաց եմ արել, մտել պատմվածք ու միջանցքներում լռվել եմ, լաբիրինթ ա, բայց կգտնեմ ելքը…»: Ի դեպ, Ջավախյանի Գափոն Գաբրիել հրեշտակապետն է:

«Երբ մի բան եմ գրում, սիրտս բացվում ա վարդի նման, Տերյանի պես ուզում եմ սաղին գրկեմ, պաչոտեմ»,-ասում է գրողը ժպտալով ու իր կյանքը չի պատկերացնում առանց գրականության:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

 Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի:

 Մոր հետ լուսանկարը՝ Լեւոն Ջավախյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829