Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է բացառվի, որ քաղաքականացված մարդիկ լինեն նոր ՍԴ-ում». Քննարկում, թե ինչ պետք է գրեն նոր Սահմանադրությունում ու ինչը պետք է հանեն

Փետրվար 20,2020 17:21

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամից Գենյա Պետրոսյանն ասաց, որ եթե հիմնարար փոփոխություններ են տեղի ունենալու, ապա պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, բայց այս պահին վաղ է խոսել փոփոխությունների իրականացման եղանակի մասին, որովհետեւ հայեցակարգը հայտնի չէ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց՝ հստակ է, որ պետք է նոր Սահմանադրություն լինի. «Ինքնին փաստաթուղթը ծագմամբ չի համապատասխանում: Կամք ու խիզախություն պետք է դրսևորենք, ունենանք ե՛ւ ընդունման ընթացակարգով, ե՛ւ բովանդակությամբ լեգիտիմ փաստաթուղթ, որում կլինի իշխանությունների տարանջատման հարցը, մարդու իրավունքների պաշտպանության սպեկտորը: Նախագահի ուղիղ ենթակայության տակ կար իր 19 լիազորությունները, որոնց նկատմամբ պառլամենտական վերահսկողություն չկար, 17-ը փոխանցվել էր վարչապետին, մնացել էր երկուսը: Բոլորը կենտրոնացված էր գործադիրի ղեկավարի ձեռքում: Ինչին էլ կպնես, ինքը չի տեղավորվում իշխանությունների տարանջատման եւ փոխզսպման սկզբունքներին: Դրա համար ընդունման տեսանկյունից պետք է նոր փաստաթուղթ լինի, ի վերջո սա պահանջ է հեղափոխության, ժողովուրդը պահանջ է դրել»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, խոսելով Խորհրդարանական համակարգի կայացման համար անհրաժեշտ նախադրյալների մասին, ասաց. «Գրել նույնիսկ նոր Սահմանադրություն՝ կապված պառլամենտական համակարգի հետ, նշանակում է գրել նաեւ նոր Ընտրական օրենսգիրք եւ Կուսակցությունների մասին օրենք: Անպայման Սահմանադրության մեջ պետք է ֆիքսես կուսակցությունների ֆինանսավորումը: Կայուն մեծամասնության գաղափարը հակացուցված է պառլամենտական համակարգին, քաղաքական ուժը պետք է ոչ թե արհեստականորեն կայուն մեծամասնություն ստեղծի, այլ նաեւ բանակցի այլ ուժերի հետ: Այսպիսի դրույթներ, որոնք հակացուցված են պառլամենտական համակարգին, չպետք է տեղ գտնեն նոր Սահմանադրության մեջ: Կա էլի մի դրույթ, որը գրեթե սահմանադրական ուժ ունի, ռեյտինգային համակարգի մասին է խոսքը, դա հակապետական ինստիտուտ է: Ես չեմ կարող բացատրել դա ինչ է, երբ խառնվում են երկու համակարգեր՝ մեծամասնական-համամասնական: Երբ խառնում ես, ստացվում է հակապետական բան, ոչ մի շանս չկա, բացի հեղափոխությունից, փոխել իշխանությունը: Նախկին իշխանությունները մի սովորություն ունեին Սահմանադրությունում անել փոփոխություն, երբ կուսակիցներից մեկը իրեն պաշտոն էր ուզում ու չկար: Այդպես ստեղծվեց Անվտանգության խորհուրդը, Հանրային խորհուրդը, 5-րդ հարկ ստեղծեցին դատական մարմիններում՝ ԲԴԽ-ն»: Ըստ Ստեփան Գրիգորյանի, մենք հիմա պետք է նստենք ու որոշենք՝ այդ մարմիններից որն է նորմալ աշխատում, որը պետք է հանել ընդհանրապես:

Հարցին՝ պե՞տք է հանրաքվեի դնենք կառավարման մոդելը: Եթե մենք չենք ընդունում, ասում ենք, կեղծված է սահմանադրական հանրաքվեն, որով խորհրդարանական կառավարման մոդելի ենք անցել, այս հարցն էլ չպե՞տք է դնենք հանրաքվեի՝ Սաքունցը պատասխանեց. «Դա այն հարցը չի, որ պետք է դրվի հանրաքվեի, սրա վրա եկեք ուշադրություն չդարձնենք, խնդիրը հակակշիռների եւ փոխզսպումների սկզբունքն ամրագրելն է: Եթե մենք որոշում ենք, որ պետք է ունենանք նախագահի ինստիտուտ, ապա պիտի հասկանանք՝ ինչի՞ համար է պետք»:

Նոր սահմանադրությունում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների մասին խոսելով՝ «Ալիք» մեդիայից Արսեն Խառատյանն ասաց. «Պետք է բացառել այս Սահմանադրության հիման վրա որեւէ բան անել: Այս Սահմանադրության հեղինակները մեծամասամբ հենվել են Գերմանիայի Սահմանադրության վրա, որտեղ բացարձակ այլ պայմաններ են, գրվել է մի կուսակցության, մի քաղաքական ուժի հարատեւությունը ապահովելու համար: Արհեստական, անընդհատ խոչընդոտների առջեւ կանգնեցնող փաստաթուղթ է: Այո, փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմների մասին պետք է խոսենք: Սահմանադրական հանձնաժողովը պետք է ավելի լայն լինի քաղաքական այլ ուժերի համար էլ: Վրաստանի Սահմանադրությունը, որը 33 անգամ փոփոխվել է, Սահմանադրական հանձնաժողով է աշխատում 70 անդամից, ի՞նչն է խանգարում, որ մեզ մոտ են ընդլայնվի հանձնաժողովը»: Ըստ նրա, հիմա ՀՀ-ում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության միջեւ իրական հակակշիռները բացակայում են, ՍԴ-ն եղել է գերքաղաքական ու հիմա պետք է մանրամասն ուսումնասիրվի, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները. «Պետք է բացառվի, որ քաղաքականացված մարդիկ լինեն: Այս պահի դրությամբ ունենք ուժեղ գործադիր իշխանություն, ցավոք, այս պահին օրենսդիրի ուժը չեմ տեսնում ու ունենք գերքաղաքականացված դատական համակարգ: Իսկ դատական համակարգն առողջացնելու հարցի վրա պետք է առավելագույնս կենտրոնանա նոր Սահմանադրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829