Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրականում իմ որդուն կրակել է Հայկ Սարգսյանը, ի՞նչ հանգամանքում`չգիտեմ». Աշոտ Սիմոնյան

Փետրվար 20,2020 16:56

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր շարունակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Նախորդ նիստը հետաձգվել էր վկա Աշոտ Սիմոնյանի մասին տեղեկություններ ճշտելու համար: Վերջինս տուժող Դավիթ Սիմոնյանի հայրն է: Ոստիկանությունը պարզել է, որ վկան գտնվում է ԱՄՆ-ում եւ նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել: Դատախազը պնդեց`հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Պատասխանողն առարկեց, քանի որ առերեսում վկայի եւ մեղադրողի միջեւ հնարավոր չի լինելու իրականացնել: Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

2017 հուլիսի 5-ցուցմունքում Աշոտ Սիմոնյանը, մասնավորաբար, ասել է, որ իրենց ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ը`հումորի օրը: 2007 թվականի ապրիլի 1-ին նույնպես ցանկացել են նշել ինչ-որ ռեստորանում։ Ընտանիքով պետք է գնային ռեստորան, զանգահարել են Դավիթին, սակայն նա չի պատասխանել: «Այդպես էլ չգնացինք, քանի որ Դավիթը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ժամը 20:00-ին կրկին զանգեցինք Դավիթին, հեռախոսազանգին պատասխանեց մի կին: Ասացի, որ նա իմ որդին է։ Նա էլ ասաց, որ հեռախոսահամարի բաժանորդի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են։ Սկզբում չհավատացինք, հետո անմիջապես գնացինք հիվանդանոց»,- ասված է ցուցմունքում։

Արդեն բժշկական կենտրոնում, ըստ վկայի ցուցմունքի, իրենք տեսել են առողջապահության նախարարին եւ ինչպես հետագայում են իմացել, նրան հիվանդանոց էր ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանը. «Երբ մենք հասանք հիվանդանոց, մեզ մոտեցավ վիրահատող բժիշկը՝ Պիվազյանն, որն ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Ասաց, որ մի երիկամը հեռացրել են, իսկ լյարդի վրա կար են դրել: Ասաց նաեւ, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ։ Դավիթը գտնվում էր անգիտակից վիճակում։ Իմ հարցին՝ ո՞վ է կրակել իմ որդու վրա, պատասխանում էին, որ չգիտեն։ Ընկերների մեջ տիրող խոսակցությունից իմացա, որ Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան պադվալում։ Որից ենթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինի Ալեքսանդր Սարգսյանը»։

Մի քանի օր անց, տուն գնալիս, վերելակի մոտ վկան հանդիպել է Արթուր Ղեւոնդյանին. «Ասացի, որ լսել եմ Ալեքսանդր Սարգսյանն է կրակել: Նա էլ ասաց, որ կրակել է նրա որդիներից մեկը` թմրամիջոցի ազդեցության տակ, նաեւ նշեց, որ այդ ամենը եղել է պատահական»։

Ըստ ցուցմունքի, Ալեքսանդր Սարգսյանը ցանկացել է հանդիպել իր Աշոտ Սարգսյանի հետ, այնուհետեւ հանդիպումը կայացել է Ալեքսանդր Սարգսյանի աներձագի հետ: «Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղեւոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանության եւ քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից: Արագ կլուծեն այդ հարցը։ Ինձ խնդրեցին ոչ մի տեղ չբողոքել։ Նրանք նույնիսկ ինձ գումար առաջարկեցին, որը մերժեցի։ Իրականում իմ որդուն կրակել է Հայկ Սարգսյանը, թե ի՞նչ հանգամանքում, ես չգիտեմ»։

Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանը պետք է լսեր ամբաստանյալին: Նա, սակայն, հրաժարվեց ցուցմունք տալուց:

Դատարանը հրապարակեց նաեւ Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը։

Հայկ Սարգսյանն ի սկզբանե հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 25-ին, ժամը 14.00-ին։ Կհրապարակվի մեղադրական ճառը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829