Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածն ավելի ընկալելի էր, թեեւ տարածքային ամբողջականության հանդեպ եւս դրական վերաբերմունք կա. Նավասարդյան

Փետրվար 20,2020 16:38

«Ինձ համար առեղծված է, թե ինչու են Ալիեւը եւ Փաշինյանը համաձայնել նման ձեւաչափով քննարկման մասնակցել: Նախկինում երկրների ղեկավարները հրաժարվում էին միջազգային կառույցների՝ նման բանավեճեր իրականացնելու առաջարկներից»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հարցով պանելային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանավեճին՝ ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ արեց, որ հիշեց Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի միջեւ բանակցությունը: Նա ցույց տվեց, որ անիմաստ է այդ ուղղությամբ գնալը, բայց թե ինչու հետո պատմական իրողություններ օրինակ բերեց, հասկանալի չէ»,-հավելեց բանախոսը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն Ալիեւին ասել էր, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի նվաճող Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն այդ ժամանակ չկար:

https://www.facebook.com/aravot.am/videos/1089445431400247/

«Այլ բան կուզենայի լսել: Կգերադասեի, որ անվտանգության եւ մարդու իրավունքները քննարկվեին: Չկա հիմնավորում, որ Արցախի եւ ՀՀ-ի հայության անվտանգությունը կապահովվի: Ադրբեջանում մարդու իրավունքների առումով էլ առաջընթաց չի եղել: Պետք էր խոսել նաեւ այն մասին, որ շփման գծում զինվորներ չպետք է սպանվեն»,-համոզմունք հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հիշատակմանը, որ Արցախյան հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, Բորիս Նավասարդյանը նշեց՝ այդ մոտեցումը բանակցային գործընթացում գործնական առաջարկների չի կարող հանգեցնել. «Դրանք գեղեցիկ եւ բարի խոսքեր են, որոնք կարող են միջազգային հանրության շրջանում ՀՀ-ի դիրքորոշման տեսանկյունից դրական ֆոն ստեղծել՝ առանց փոփոխության: Տեսնում եմ, որ Փաշինյանը փորձում է նոր բաներ առաջարկել՝ միկրո կամ մինի հեղափոխություններ: Նա դա ասեց դրական տպավորության ակնկալիքով: Անգամ աննշան բառերի մակարդակով փոփոխություններ ակնկալում են նաեւ ԵԱՀԿ միջնորդները»:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ միջազգային հանրությունից ակնկալում է վերահաստատում, որ խնդրի ռազմական լուծում չի կարող լինել, իսկ Ալիեւը պնդեց՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի, որ «օկուպանտ Հայաստանը» դուրս գա իր տարածքներից, Բորիս Նավասարդյանը շեշտեց. «Որեւէ հզոր տերություն շահագրգռված չէ խոշոր ռազմական գործողություններով: Այդ առումով Փաշինյանի ասածն ավելի ընկալելի էր, թեեւ, մյուս կողմից, միջազգային հանրության պատկերացումներում տարածքային ամբողջականության հանդեպ դրական վերաբերմունք նույնպես կա: Չէի ասի, որ Ալիեւը դրան հակառակ բան ասաց: Երկու կողմն էլ իրենց դերերում էին եւ երկուսն էլ ընկալվեցին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829