Լրահոս
Օրվա լրահոսը

«Շները մարդ են ուտում․ գյուղերում մարդիկ զուգարան չեն կարողանում մտնել»․ Ազատանի համայնքապետի ահազանգը

Փետրվար 20,2020 15:34

Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը դժգոհեց, որ թափառող կենդանիների վնասազերծումը քրեորեն պատժելի դարձնելուց հետո խայտառակ իրավիճակ է ստեղծվել թե՛ իրենց, և թե՛ կողքի համայնքներում։

«Օրենք ընդունեցին, որ թափառող կենդանիներին որսալու իրավունք չունենք, այլընտրանքային տարբերակ չկա երկրում, շները մարդ են ուտում։

Վարդան Իկիլիկյանի լուսանկարը՝ Hetq.am-ի

Բնակիչներն ամեն օր ինձ են ահազանգում, եթե ստերջացում ենք անելու, ո՞վ պիտի այդ ստերջացումն անի, կասե՞ք ինձ, մի հատ կազմակերպություն կա Գյումրու զինվորական 8-րդ թաղամասում, որը պայմանագիր է կնքել Գյումրու քաղաքապետարանի հետ, ի վիճակի է ամսական 60 շուն ստերջացնելու։ Մի կազմակերպություն էլ կա Երևանում, հանրապետությունում էլ չկա, ի վիճակի են ամսական 200 շուն ստերջացնել։

Համայնքը 35-40 հազար դրամ փող պիտի տա, որտեղի՞ց պիտի տա, իմ համայնքի ծախսերով եմ հաշվում, մոտ 10-12 միլիոն է պահանջվում, բայց այստեղ խնդիր կա՝ ստերջացված շունը մարդ չի կծո՞ւմ, չի վախեցնո՞ւմ, հակասանիտարական վիճակ չի ստեղծո՞ւմ։

Ի՞նչ է փոխում ստերջացումը, եթե եվրոպական երկրների օրինակով ենք անում, այնտեղ ստերջացնում են ու տանում, համապատասխան վայրերում պահում են, ոչ թե բրախում են փողոց, իսկ դրա ծախսերը պետությունն է հոգում կամ համայնքին գումար է հատկացնում, համայնքն է հոգում։

Օրենք են ընդունում, ո՞վ պիտի տա փողը, ժողովուրդը սկսել է դժգոհել, ո՞վ պիտի մտածի այս մասին։ Ես, իհարկե, հիմա որ խոսում եմ, բոլոր համայնքներին է վերաբերում խոսքը՝ թե՛ քաղաքային, և թե՛ գյուղական։ Թող էլի չվնասազերծենք կենդանիներին, պահենք, պահպանենք, բայց դրա լուծումը պտի գտնել։

«Բարգավաճ Հայաստան»-ը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, հավանության արժանացավ, բայց, էլի եմ կրկնում, փողն ո՞վ պիտի տա, կամ ո՞վ պիտի ստերջացնի, եթե երկրում չունես համապատասխան հզորություն ունեցող կառույց, ո՞վ պիտի անի։ Մինչև աղբատար ծառայություն ստեղծելս, չէի կարողանում ժողովրդին ասել, թե աղբը մի թափեք այստեղ, տուգանելն էլ օգուտ չէր տալիս, աղբատար ծառայություն ստեղծեցի, ասի՝ ժողովուրդ, այստեղ թափեք ու աշխատեց այդ կառուցը։ Հիմա ասում են ստերջացրու, բռնի բեր, հետո երեք օր թող մեզ մոտ, հետո արի տար, համարակալենք, տար, բրախի տարածքում։ Այդ շունը 15-18 տարի ապրում է, ինքը նույն վարակ տարածողն է, երեխա չեն վախեցնելո՞ւ, չեն կծելո՞ւ, անհանգստություն չեն պատճառելո՞ւ։

Այսօր խայտառակ իրավիճակում ենք, ամեն օր ուսուցիչներից, տնօրենից, բնակչությունից ահազանգեր ենք ստանում, մարդիկ գյուղական բնակավայրերում են ապրում, գիշերը պիտի զուգարան գնան, որոնք տան ներսում չեն, բակում են, ի՞նչ անի այդ մարդը, սոված շունը գայլից վտանգավոր է։ Բնակիչներից մեկը երեխային դասի պիտի տանի, զանգել է ինձ, ասում է՝ տան դիմաց երեք խոշոր շուն են պառկած, էդ շունը կհասկանա՞, որ ես գյուղապետն եմ, ինձ չի կարելի կծել, գնամ, քշեմ, գնա, հա՞։

Արտակարգ իրավիճակների ծառայություն ես զանգում, մարդիկ շատ ճիշտ ասում են, թե այսօր մարզի արտակարգ իրավիճակով զբաղվելու փոխարեն, գնանք շուն բռնելով զբաղվե՞նք։ Իրենք ի՞նչ անեն, մարզային կառույցում հարցը չի լուծվում, պետական ատյաններում չի լուծվում, զանգել եմ Ազգային ժողովի երկու տարբեր խմբակցությունների պատգամավորների, զանգել եմ տարածքային կառավարման նախարարություն, գրել ենք մարզպետարան, հարցը չի լուծվում, օրենքը ընդունվել է և վերջ։ Պիտի հստակ մեխանիզմներ մշակվեն հարցը վերջնական լուծելու, այս մասին շատ արագ պիտի մտածել», -ասում է Վարդան Իկիլիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վարդան Իկիլիկյանի լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829