Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նախագիծը ներկայացնող ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն անցկացվել է անցյալ տարի, սակայն նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով բյուջետային խրախուսում նախատեսված չի եղել: Հարցը քննարկվել է վարչապետի հետ և որոշվել, որ այսուհետ լավագույն մարզիկները պետական պարգևատրում են ստանալու. «Օլիմպիական տարում սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին և խրախուսում մարզիկների ներդրած ջանքերը»,- տեղեկացրել է նախարարը` ավելացնելով, որ ամեն տարի ՀՀ պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ:
Սպորտի ռազմավարական կարևորությանը կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Կառավարությունը սպորտի նկատմամբ իր ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի: Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ իմ առաջարկությամբ ներառվել է կետ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, շախմատից նվաճի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ սպորտային ձեռքբերումները փոխկապակցված են ոչ միայն պետության սոցիալ-հոգեբանական, այլ նաև տնտեսական վիճակի բարելավման հետ:
Կառավարության որոշմամբ պարգևատրվելու են ներքոնշյալ մարզիկները, որոնք 2019 թվականի 10 լավագույններն են.
1.Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ըմբշամարտ
2.Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ
3.Արթուր Ավետիսյան մարմնամարզություն
4.Հովհաննես Բաչկով բռնցքամարտ
5.Սլավիկ Գալստյան հունահռոմեական ըմբշամարտ
6.Տիգրան Կիրակոսյան սամբո
7.Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբշամարտ
8.Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ
9.Գոռ Մինասյան ծանրամարտ
10.Հակոբ Մկրտչյան ծանրամարտ:
Տասնյակի մեծարման երեկոն և պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21–ին ՀՀ նախագահի նստավայրում:
Կառավարության նիստում նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պրոֆեսոիանալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր ևս նախաձեռնել է: Մասնավորապես օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Բացի այդ` բարձրացվել է նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարների չափը: Մասնավորապես օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճար կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն:
Հավելենք, որ 2020 թվականը օլիմպիական տարի է և սկսած փետրվարի 23-ից մեր մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:
ԿԳՄՍՆ