Հույսի ավանի բնակիչները խնդրի առաջ են, ամեն վայրկյան հնարավոր է ընտանիքներին վտարեն իրենց բնակարաններից: Այս ավանը հիմնադրել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, որը 2001 թվականից համագործակցում է ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ եւ որին կառավարության որոշմամբ՝ Աշտարակի խճուղու հարեւանությամբ հատկացվեց 16 հեկտար հողատարածք այս ավանի կառուցման համար:
Այս ավանի բնակարաններից վտարման վտանգի առաջ կանգնած բնակիչներն այսօր պատմեցին, որ երբ բնակարանները ստանում էին, իրենց վստահեցրել էին՝ անժամկետ, որքան պետք է, բնակվելու եք այդտեղ: Բողոքի ցույցի մասնակիցներից մեկի պատմելով. «2003-ի դիմել էի կառավարություն, Հույսի ավանում տուն տվեցին, այսքան տարի 10 երեխաներիս հետ ապրել ենք: Հիմա իմացել ենք, որ այդ տներն «Դիակոնիա» հիմնադրամի սեփականությունն են, ու մենք պիտի իրենց պայմաններին հարմարվենք: Հիմա ուզում է մեզ հանի տներից: Իրենք պետք է 200 առանձնատուն կառուցեին, ոչ էլ կառուցեցին, 121 հատ դեռ չեն կառուցել, պիտի դպրոց, մանկապարտեզ կառուցեին, դեռ չեն կառուցել»:
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ հիմնադրամի ղեկավարությունը ձմեռվա կեսին միայնակ մորն անչափահաս երեխաների հետ տնից դուրս է հանել:
Կարդացեք նաև
Մի կնոջ պատմելով էլ. «Մենք տուն ենք հանձնել, Հույսի ավանում տուն ենք ստացել բիզնես են անում, մի անապահովից վերցնում, մյուսին են տալիս»:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս ավանի բնակիչներին կացարան է հատկացվել ժամանակավոր, մինչեւ սոցիալական պայմանները կբարելավվի, կաշխատեն ու նոր կացարան ձեռք կբերեն:
Բողոքի ցույցի մասնակիցները պատմեցին, որ հիմնադրամի ղեկավարությունն իրենց առաջարկել է գնել այդ տները, բավականին մատչելի գնով, ասենք՝ 7 հազար դոլարով, սակայն բնակիչներն ասում են՝ ի վիճակի չենք:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ